Աշխարհ

26.02.2024 19:21


Ամերիկացի տղամարդը միլիոնատեր է դարձել՝ լսելով կնոջ աշխատանքային խոսակցությունը

Ամերիկացի տղամարդը միլիոնատեր է դարձել՝ լսելով կնոջ աշխատանքային խոսակցությունը

Տեխասի բնակիչը 2023 թվականի փետրվարին ֆոնդային բորսայում ապօրինաբար 1,76 մլն դոլար է վաստակել՝ ականջ դնելով կնոջ աշխատանքային զանգերին։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

«Թայլեր Լաուդոնը խոստովանել է, որ գնել է TravelCenters of America-ի հազարավոր բաժնետոմսեր անմիջապես այն բանից առաջ, ինչ վերջինս 2023 թվականի փետրվարին 1,3 միլիարդ դոլարով գնվել է BP նավթագազային ընկերության կողմից»,-Տեխասի հարավային շրջանի դատախազ Ալամդար Համդանիի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Աղբյուրը, հղում անելով Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) տվյալներին, հայտնում է, որ Լաուդոնի կինն աշխատել է BP-ում որպես ձեռքբերումների և միաձուլումների մենեջեր։ Ամուսիններն աշխատում էին հեռահար, ուստի կարող էին լսել մեկը մյուսի աշխատանքային խոսակցությունները։ Հանձնաժողովի ներկայացրած հայցում նշվում է, որ իմանալով սպասվող գործարքի մասին՝ Լաուդոնը TravelCenters of America-ի ավելի քան 45 հազար բաժնետոմս է գնել ու վաճառել դրանք ընկերության գնման մասին հայտարարվելուց հետո։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի ուշ տղամարդն իմացել է ներքին հետաքննության մասին ու խոստովանել կնոջն իր արածը։ Պարբերականի տվյալներով՝ կնոջն ազատել են աշխատանքից, ինչից հետո նա բաժանվել է ամուսնուց։ Ինչ վերաբերում է Լաուդոնին, ապա նրան սպառնում է տուգանք, ինչպես նաև ընկերություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելք։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը