Աշխարհ

16.03.2023 20:09


Այժմ արդեն բացահայտ. Բայրամովը «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը «կապել» է Միջին միջանցքի հետ

Այժմ արդեն բացահայտ. Բայրամովը «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը «կապել» է Միջին միջանցքի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում, Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, բացահայտ «Զանգեզուրի միջանցքը» կապել է Միջին միջանցքի հետ։

«Տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բարձրացրել են համագործակցության կարեւորությունը տրանսպորտի եւ հաղորդակցությունների ոլորտում»,-ասել է Բայրամովը, տեղեկացրել է APA-ն։

Նշելով, որ «տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բարձրացնում են համագործակցության կարեւորությունը տրանսպորտի եւ հաղորդակցությունների ոլորտում, նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն տեղեկացրել է այն աշխատանքի մասին, որն իրականացվում է այդ ուղղությամբ՝ օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքներում նոր տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման նպատակով, այդ թվում Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ աշխատանքն սկսելու առումով։ Այս առնչությամբ վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի այս ջանքերը պայմաններ կստեղծեն Միջին միջանցքի տարանցման պոտենցիալն օգտագործելու համար, կարեւոր ավանդ կներդնեն տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում»։

Հիշեցնենք, որ Միջին միջանցքը երթուղի է, որը նպատակ ունի միացնել Եվրոպան եւ Ասիան։ Իսկ իրականում «մեծ թուրանի» գաղափարն իրականացնելու սկիզբն է։ Ենթադրվում էր, որ այն անցնելու է Վրաստանի հարավով, շրջանցելով Հայաստանը, նկատի ունենալով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են Հայաստանի սահմանների շրջափակումը։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո, որը սանձազերծեցին Ադրբեջանը եւ Թուրքիան, Բաքուն եւ Անկարան ավելի համառորեն են սկսել պահանջել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլ կերպ ասած՝ պահանջում են Հայաստանի տարածքի մի մասը՝ որպես «միջանցք։ Երկու միջանցքները կապելով՝ ադրբեջանցի նախարարն, ըստ էության, բացել է խաղաթղթերը՝ հասկացնելով, որ 2020թ. ագրեսիվ պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի մատուցմամբ եւ հեռուն գնացող նպատակներով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը