Աշխարհ

09.11.2015 15:10


Պատերազմ ընդդեմ ԻՊ–ի. կին զինվորների խոստովանությունը (տեսանյութ)

Պատերազմ ընդդեմ ԻՊ–ի. կին զինվորների խոստովանությունը (տեսանյութ)

Պատերազմ բարբարոս տղամարդկանց դեմ՝ հանուն մարդկային արժանապատվության։ «vesti.ru»–ն ռեպորտաժ է պատրաստել Իրաքում զենք վերցրած կանանց մասին։

«Քոբանիի պաշարման ժամանակ իսլամիստներով շրջափակված Արինը պայթեցրեց իրեն՝ ցույց տալու, որ ահաբեկիչներին երբեք չի հաջողվի գրավել քրդական հողերը»,–պատմում է Քրդստանի աշխատավորական կուսակցության պարտիզանական ջոկատի կամավոր Միդիան։ Ինքը Միդիան ծանր վնասվածքներից հետո այժմ բուժում է ստանում ՌԴ–ում, սակայն մտադիր չէ հրաժարվել պայքարից։

«Ոտքը, ձեռքը կամ աչքը կորցնելը որևէ նշանակություն չունի մեզ համար. մենք չենք հեռանա ռազմաճակատից և պատերազմից»,– վստահեցնում է Միդիան։

Նա Օջալանի շարքերն է անցել վաղ տարիքից՝ պայքարելու Արևելքի կանանց ազատագրման համար։

«Առաջին հերթին ոչնչացվում է կինը՝ որպես երևույթ, որպես սեռ, որպես էակ։ Եթե ցանկանում ենք վերածնել ժողովրդին, ամեն բան կրկին ոտքի կանգնեցնել, ապա առաջին հերթին կինը պետք է գիտակցի իր դերը և վերածնվի. միայն նրա միջոցով կարելի է վերածնել ազգային բոլոր արժեքները։ Առանց կնոջ ընդհանրապես անհնար է որևէ բան վերածնել»,–նշում է Միդիան։

Սակայն Մերձավոր Արևելքը դեռևս խարխափում է միջնադարում։ Սիրիական Համա քաղաքում կնոջը մահապատժի են ենթարկում արտաաամուսնական հարաբերությունների համար։ Հայրն ինքն է իր աղջկան գերեզման տանում, կապում ոտքերը, որից հետո նրա ուղղությամբ սկսում են քարեր նետվել։

Կանանց գումարտակի հրամանատար Բահարը կռվում է արդեն 10 տարի։ Սկզբում Թուրքիայում էր, այժմ՝ Իրաքում. «Իսլամական պետությունը» քրդերի համար ներկայումս թուրքական բանակից շատ ավելի սարսափելի է։

«Ամենից շատ ինձ ցնցեցին կանանց զանգվածային սպանությունները Քիրքուքի շրջանում։ Շատերին մորթեցին։ Մերձավոր Արևելքում ապրելը, ինչպես գիտեք, կանանց համար միշտ էլ դժվար է եղել։ Բայց այժմ ԻՊ–ն նրանց ստրկուհիներ է դարձրել։ Կանանց ոչ միայն ճնշում են, այլև բռնաբարում ու սպանում։ Եվ մենք չենք կարող մի կողմ քաշվել։ Մենք կռվում ենք ոչ միայն կանանց, այլ նաև իսլամական ծայրահեղականությունից տառապող բոլո՛ր մարդկանց համար»,–նշում է Բահարը։

Քրդստանում կանանց ինքնազոհաբերման պատմությունը սկսվում է Բերիթան անունով պարտիզանուհուց։ Բոլորը ցանկանում են նմանվել հենց նրան։

«Բերիթանը պայքարում էր քուրդ ժողովրդի իրավունքների համար։ Երբ նրա փամփուշտները վերջացան, նա կոտրեց իր զենքը և նետվեց ժայռից՝ թշնամուն չտրվելու համար։ Ահա հերոսությունը։ Նրանք չեն վախենում մահից. նրանք պատրաստ են ամեն ինչի իրենց ժողովրդի ու պետության ազատության համար»,– պատմում է ՌԴ–ում Քուրդ–եզդիների միության ներկայացուցիչ Ջամալ Շամոյանը։

Նրա խոսքերով՝ Քրդստանում կանանց նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ տարբերվել է Մերձավոր Արևելքի մյուս երկրների ավանդույթներից։ Այնտեղ միայն կինը կարող է վերջ դնել ցեղակիցների բախումներին։

«Նա նետում է իր թաշկինակը նրանց մեջտեղը, և վերջ. այդ թաշկինակից այնկողմ այևս ոչ ոք իրավունք չունի անցնել։ Նման հարգանք է վայելում կինն այնտեղ»,– պատմում է Շամոյանը։

Կանանց սովորեցնում են մարտեր վարել քաղաքային պայմաններում, գրոհել շինությունները, կրակի տակ առաջ գնալ նեղ փողոցներով։ Վարժանքներն իրականացվում են Սադդամ Հուսեինի բանակի նախկին ռազմաբազայում. այստեղ երազում են օրերից մի օր գրոհել համաշխարհային խալիֆաթի մայրաքաղաք Մոսուլը, որը գտնվում է 170 կմ հեռավորությամբ, և վերացնել ահաբեկիչներին Մերձավոր Արևելքում ու ամբողջ աշխարհում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը