Քաղաքական

01.05.2026 09:44


Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»

Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Խոշոր բիզնեսը էլ ավելի պետք է հարստանա, փոքրն ու միջինը՝ աղքատանան ու սնանկանան, իսկ նրանք, որոնք զարգացման նշաններ են ցույց տալիս, ինչպես ՏՏ ոլորտը, ոսկերչությունը՝ պետք է խեղդվեն հարկերի տակ: Սա է Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ խոշորների համար ամեն ինչ, մանրին ու միջինին՝ ոչինչ:

Սրանում հերթական անգամ համոզվեցինք կառավարության երեկվա նիստի ժամանակ: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 270 մլն դրամի մաքսային արտոնություն ստացավ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Միթ ֆուդ» ՍՊԸ-ն: Ընկերությունը կազատվի 270 մլն դրամ մաքսատուրք մուծելու անհրաժեշտությունից, քանի որ պարտավորվել է 1․6 մլրդ դրամի ներդրում կատարել հումքի ձեռքբերման համար։ Իսկ հումքը Հնդկաստանից ձեռք բերվող գոմեշի միսն է, որից պատրաստվում է «Միթ ֆուդ»-ի արտադրանքը։ Ընկերության 135 աշխատատեղերը ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կավելանան 20-ով, իսկ միջին աշխատավարձը 264 հազար դրամից կդառնա 315 հազար դրամ:

«Միթ ֆուդն» արտադրում է երշիկեղեն, նրբերշիկներ, մսային դելիկատեսներ: Ինչով է այն առավել ոլորտի մյուս ընկերություններից, բացի այն, որ Նիկոլի սրտի օլիգարխին է պատկանում, հայտնի չէ: Ի դեպ, անցյալ տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրել էր խախտումներ։ Մասնավորապես՝ «Միթ ֆուդ»-ի արտադրած կիսաապխտած Կրակովյան երշիկի, «Մոյա սեմյա» նրբերշիկի նմուշներում հայտնաբերվել է նատրիումի նիտրիտի բարձր պարունակություն, դրանք հանվել էին շուկայից, առանձին գործառույթներ կասեցվել էին:

Այս խորագրի վերջին նյութերը