Կարծիք

26.01.2014 21:45


Հնարավո՞ր է աղքատությունը հաղթահարել բարեգործության միջոցով

Հնարավո՞ր է աղքատությունը հաղթահարել բարեգործության միջոցով

«Կարգին սերիալ»-ից Հայկ Մարությանը իր մտերիմների հետ միասին նոր նախաձեռնություն է սկսել, որի նպատակն է ուտելիքով օգնել սոցիալապես անապահով Երեւանի 200 քաղաքացիների:

Նախաձեռնության շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ Հայկ Մարությանը նշել է. «Ոչ մի քաղաքական աստառներ այս ծրագրում չկան, ոչ մի քաղաքական շահ չենք հետապնդում: Պետք է ուղղակի գործել, բոլորս ինչ-որ մի ձեւով երկիրն այս վիճակից պետք է հանենք»:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք նման նախաձեռնություններով հնարավոր է լուծել աղքատության խնդիրը Հայաստանում:

Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակչության 36 տոկոսը աղքատ է, այսինքն մոտ 1 200 000 մարդ ապրում է աղքատության մեջ: Պատկերավոր ասած՝ Երևանի բնակչությունից ավելի շատ քանակի մարդ ապրում է այդ իրավիճակում: Պարզ է, որ նման նախաձեռնություններով հնարավոր չէ լուծել աղքատության խնդիրը: Որևիցե երկիր աղքատությունը չի հաղթահարել անհատական նախաձեռնությունների միջոցով: Աղքատությունը քաղաքական խնդիր է, և այն պահանջում է քաղաքական լուծում:

Մինչև 2008թ. աղքատությունը Հայաստանում իջել էր 26 տոկոսի: Աղքատությունը իջել էր ոչ այն պատճառով, որ մարդիկ սկսել էին աղքատներին օգնել, այլ՝ տնտեսության կազմակերպման պատճառով: Ներդրումները և տնտեսական աճը հնարավորություն էր տվել բնակչության մի մասին դուրս գալ աղքատությունից:

2008 թվականից մինչ մեր օրերը աղքատությունը աճել և հասել է 36 տոկոսի: Ու այս աճը կրկին տեղի է ունեցել տնտեսության կազմակերպման պատճառով: Այս դեպքում՝ վատ կազմակերպման։

Համաձայն Համաշխարհային Բանկի վերջին զեկույցի՝ Հայաստանը դարձել է Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների մեջ ամենամոնոպոլիզացված երկիրը: Իշխանության վարած քաղաքականության արդյունքում ձևավորվել են մոնոպոլիաներ, որոնք մարդկանց զրկել են տնտեսական հնարավորություններից և աղքատությունը 26 տոկոսից հասել է 36 տոկոսի: Այսինքն 2008 թվականից հետո աղքատ մարդկանց թիվը մոտ 270 000-ով աճել է:

Աղքատության թվի աճը կամ նվազելը մարդկանց բարի կամքի կամ նրանց պատրաստակամության հետ որևիցե կապ չունեն: Այդ խնդիրը կոնկրետ կապված է տնտեսական քաղաքականության հետ ու պարզ է, որ աղքատության դեմ լուրջ պայքարը պետք է քաղաքական լինի:

Երկիրը այս վիճակից հանելու համար, պետք է ստիպել իշխանություններին, որպեսզի վերացնեն մոնոպոլիաները: Մոնոպոլիաների վերացումը կօգնի մրցակցային տնտեսություն ստեղծել, որ նոր աշխատատեղեր ու հնարավորություններ կստեղծի: Ու դրանով ոչ միայն կլուծվի մարդկանց օրվա հացի խնդիրը, այլ նաև կայուն եկամտի խնդիրը, և նրանք ստիպված չեն լինի սպասել այլ մարդկանց բարի կամքին:

Ամենապարզ մի օրինակ: Երբ «ԱրմենՏելի» մենաշնորհը վերացվեց և 2005 թվականին շուկա մտավ «ՎիվաՍել»-ը, այն ստեղծեց մոտ 1350-1400 հավելյալ աշխատատեղ: Այդ աշխատողները այսօր ոչ միայն լուծում են իրենց խնդիրները, այլ նաև իրենց եկամտով ու ծախսերով հնարավորություններ են ստեղծում այլ բիզնեսների ու մարդկանց համար: Բացի այդ՝ հեռահաղորդակցության ոլորտում մատուցվող ծառայությունների որակը բարձրացավ, իսկ գներն՝ իջան։

Իհարկե, Հայկ Մարությանը ազատ է ընտրելու աղքատության դեմ պայքարի իր տարբերակը: Սակայն ես ունեմ աղքատության դեմ պայքարի առավել արդյունավետ տարբերակ: Պատմությունը ցույց է տվել, որ որևիցե երկիր բարեգործության միջոցով աղքատությունը չի հաղթահարել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը և վերը նշվածները, անհրաժեշտ է պայքարել, որ իշխանությունը վերացնի մոնոպոլիաներ ստեղծող քաղաքականությունը և նպաստի մրցակցությանը: Պետք է պայքարել իշխանության վարած տնտեսական քաղաքականության դեմ: Նման պայքարի հաջողության դեպքում հնարավոր է մինիմում 270 000 մարդու հանել աղքատությունից, որոնք հենց այս իշխանության պատճառով են հայտնվել այդ իրավիճակում: Պայքարի այս տարբերակի արդյունքի առավելությունը նաև այն է, որ մարդիկ չեն սպասում ուրիշների բարի կամքին, որպեսզի վերջիններս ուտելիք տրամադրեն իրենց: Նրանք պարզապես ունենում են իրենց եկամուտը, և սնվում են, երբ ցանկանում են:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը