Կարծիք

17.04.2026 16:49


Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times

Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times

Անհնար է զուգահեռներ չանցկացնել Մեծ Բրիտանիայի` 1950-ականներիh Մերձավոր Արևելքում տեղի ունեցած աղետալի արկածախնդրության և Իրանի շուրջ Թրամփի այսօրվա քայլերի միջև, նշում է բրիտանական Financial Times-ի վերլուծաբան Ալեքս ֆոն Թունզելմանը:

1956 թվականին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դավադրություն կազմակերպեցին Իսրայելի հետ՝ ներխուժելու Եգիպտոս և գրավելու Սուեզի ջրանցքը՝ համաշխարհային նավթային առևտուրը պաշտպանելու պատրվակով: Սակայն նրանց դավադրությունն ավարտվեց ամոթալի պարտությամբ՝ վերջնականապես գահընկեց անելով Մեծ Բրիտանիան՝ որպես գերտերություն:

Սուեզի արկածախնդրությունը, անշուշտ, նույնքան անխոհեմ էր, որքան այսօրվա Իրանի դեմ պատերազմը, նշում է վերլուծաբանը։

Պատմությունը կրկնվում է երկու անգամ. «նախ՝ որպես ողբերգություն, ապա՝ որպես ֆարս»։ Բայց համեմատեք 1956 թվականի Սուեզը և 2026 թվականի Իրանը. երկուսն էլ ֆարս էին, նշում է վերլուծաբանը։

Սուեզի ջրանցքի շուրջ դավադրությունը, կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից՝ Իսրայելի հետ միասին: Ծրագիրը հետևյալն էր. Իսրայելը ներխուժում է Եգիպտոս: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրապարակավ դատապարտում են այն, բայց գաղտնի աջակցում: Այնուհետև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իրենք՝ խաղաղապահների քողարկմամբ, ներխուժում են Եգիպտոս՝ Սուեզի ջրանցքը «պաշտպանելու» համար: Նրանք տապալում են Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերին և նրա փոխարեն նշանակում ավելի հարմարվողական թեկնածու, չնայած չէին կողմնորոշվել թեկնածուի հարցում:

Սցենարը սկզբում հենց այդպես էլ ընթանում էր, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ներկայացրեցին իրենց վերջնագիրը։ Նրանք պահանջեցին, որ Իսրայելը և Եգիպտոսը դադարեցնեն ռազմական գործողությունները և նահանջեն ջրանցքից 15 կիլոմետր։ Սակայն այդ պահին ճակատը գտնվում էր Սինայում, որտեղից ջրանցքը գտնվում էր 120-200 կիլոմետր հեռավորության վրա։ Պարզ դարձավ, որ վերջնագիրը իրադարձություններին ինքնաբուխ արձագանք չէր, այլ «պատրաստված» արձագանք՝ անգլո-ֆրանսիական առաջիկա ներխուժումը արդարացնելու համար։

Եգիպտոսի առաջնորդ Նասերը անմիջապես փակեց ջրանցքը՝ միաժամանակ խաթարելով նավթի մատակարարումը։ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը հրաժարվեց օգնել Մեծ Բրիտանիային, իսկ Խորհրդային Միությունը Լոնդոնին և Փարիզին սպառնաց միջուկային հարվածներով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Իդենը ընդունեց սեփական պարտությունը։

Բանն այն է, որ դեռ 1956-ի ամռանը Նասերն արդեն ազգայնացրել էր Սուեզի միջանցքը և Բրիտանիան փնտրում էր պատրվակ՝ պատժելու Եգիպտոսի ղեկավարի այս որոշումը:

Եվ ահա, նա որոշեց, որպես մանրադրամ օգտագործել Իսրայելը, սակայն վերջնարդյունքում պարտություն կրեց, և Մեծ Բրիտանիան այդ պահից կորցրեց իր համաշխարհային գերտերության տիտղոսը:

Արդյո՞ք ԱՄՆ գերիշխանությունը կդիմանա այս դիմակայությանը, և եթե այո, ապա՝ ինչ ձևով՝ դեռ պարզ չէ։ Սուեզի միջադեպից առաջ երեք պետություն կարող էին հավակնել «գերտերության» տիտղոսին. Միացյալ Նահանգները, Խորհրդային Միությունը և Բրիտանական կայսրությունը։ Հետագայում այս կարգավիճակը ապահովեցին միայն առաջին երկուսը, նշում է բիրտանացի վերլուծաբանը։

Համեմատելով նախկին այդ պատմությունը ներկայիս իրանական ճգնաժամի հետ, շատերն են նշում, որ այս քայլով Թրամփը ակամայից մոտեցնում է ԱՄՆ-ի գերտերության կարգավիճակի ավարտի ժամանակաշրջանը:

Ընդ որում հետաքրքիր մի դրվագ էլ են շատերը նկատել, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում, այս տարվա մայիսին, Պեկինում Չինաստանի ղեկավար՝ Սի Ծինփին հերթով ընդունելու է Ռուսաստանի նախագահ Պուտինին, այնուհետև՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփին, իսկ դրանից առաջ նրան են այցելելու ԵՄ երկրների ղեկավարները:

Փաստացի, այսօրվա աշխարհում ծնվում է մի նոր համաշխարհային գերտերություն՝ ի դեմս Չինաստանի, որը ներքաշված չէ ոչ ուկրաինական ճգնաժամի մեջ, ինչպես Ռուսաստանը, ոչ էլ՝ իրանական ճգնաժամի, ինչպես ԱՄՆ-ն և, միաժամանակ, կարողանում է երկխոսել բոլոր կողմերի հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, Ուկրաինայի, Իրանի և Ծոցի արաբական երկրների:

Հենց այդպես են դառնում գերտերություն, ինչպես որ 1945-ից հետո այդպես դարձավ ԱՄՆ-ն, որտեղ պատերազմներ չէին եղել, ոչ առաջին, ոչ էլ երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը