Կարծիք

03.10.2013 13:46


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Կարդում ես Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում ու նրա ամեն մի պնդմանը հեշտությամբ կարող ես փաստերով հակադարձել։ Սա խոսում է այն մասին, որ Սարգսյանի ելույթն ընդամենը կառուցված է միֆերի վրա:
Բերեմ մի քանի թեթևակի օրինակ։
1. Սերժ Սագսյան. «Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար»:
Հակադարձում. հարկային համակարգի կարգավորմանը` ի նպաստ մանր և միջին բիզնեսի և երկրի ներսում ազատ տնտեսական մրցակցություն ապահովելուն, Սարգսյանի կողմից նշված խնդիրները բոլորովին էլ չեն խանգարում: Սա ընդամենը միֆ է, որ «մեր երկիրը չի կարող լիարժեք զարգանալ, քանի որ մենք ունենք փակ սահմաններ»: Նույն Ռ. Քոչարյանի իշխանության ժամանակ, օրինակ, երկրում գործում էր պարզեցված հարկային համակարգը. փոքր բիզնեսը հնարավորություն ուներ իր շրջանառության և գործունեության տեսակից ելնելով՝ վճարել 3,5-5 % հարկ: Իսկ ահա 2007-ից ընդունվեց «մեծ բյուջեի» քաղաքականություն. Սերժ Սարգսյանի թիմի 2007 թվին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2008-ի հունվարի 1-ից գրեթե վերացվեց պարզեցված հարկը, ինչից հետո որքան մեծանում էր բյուջեի դեֆիցիտը, այնքան կառավարությունն ավելի էր մեծացնում հարկային ճնշումը:
Այնպես որ, սխալ տնտեսական քաղաքականությունը, որը գրեթե ոչնչացրել է մանր և միջին բիզնեսը, ոչ մի կապ չունի երկրի սահմանների փակ լինելու հետ, այլ կապված է միայն ու միայն գործող իշխանության սխալ մոտեցման և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու միտումի հետ:
2. Սերժ Սագսյան. «Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է. մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար»:
Հակադարձում. Տիգրան Առաքելյան, Սարգիս Գևորգյան, Դավիթ Քիրամիջյան, Արտակ Կարապետյան, Վոլոդյա Ավետիսյան, բռնի ուժ խաղաղ ցույց անողների դեմ և այլն: Չհաշված այն, որ նախագահը վեջերս միայն ու միայն փակ ասուլիսներ է տալիս, իսկ մեդիադաշտը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Բաղրամյան 26-ի կողմից:
3. Սերժ Սագսյան . «Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները»:
Հակադարձում. «տոկոս խփել»-ն արդեն իսկ հերիք է, իհարկե, իսկ այն, որ ԱԺ-ում ներկայացված են երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը, բլեֆ է: Ներկայացված լինելը դեռ քիչ է, պետք է նաև ազդեցություն ունենալ քվեարկությունների ժամանակ, իսկ հաշվի առնելով, որ «տոկոս խփելու» արդյունքում ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն ունեն բացարձակ մեծամասնություն և կարող են անցկացնել ցանկացած օրինագիծ առանց այլ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցության՝ արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրականում ԱԺ-ում և երկրում ձևավորվել է մեկ կուսակցության բացարձակ մենաշնորհ, ինչը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ, քանի որ այն ձևավորվել է ընտրակեղծիքների ճանապարհով և չի արտացոլում ժողովրդի կամքը:
4. Սերժ Սագսյան . «Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է»:

Հակադարձում. փաստորեն, հենց «լուսաբանելու» համար է, որ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ ուրացավ Ցեղասպանության զոհերի հիշատակը և, համաձայնվելով դեպքերն ուսումնասիրող պատմական խմբի ստեղծմանը, դե ֆակտո կասկածի տակ դրեց Ցեղասպանության փաստը:
Ես շատ թեթևակի անցա Սարգսյանի ելույթի տեքստի վրայով՝ ընդամենը ցանկանալով ցույց տալ, որ այդ բոցաշունչ ելույթի գրեթե բոլոր թեզերը ոչ մի կապ չունեն իրականության հետ և ընդամենը հերթական փուչիկն են: Իհարկե, կարելի է բերել շատ ավելի լուրջ և ծանր փաստարկներ Սարգսյանի ելույթի թեզերի դեմ, սակայն, հաշվի առնելով, որ դա ֆբ-յան ստատուս է, կարծում եմ՝ գրածն էլ է բավական, որպեսզի տեսնենք իրական պատկերը:
Ինձ կարող են հակադարձել. «Բա ի՞նչ, պետք է ճիշտը ասե՞ր ԵԽԽՎ-ում ու խայտառակ աներ մեր երկիրը»:–Ես կասեմ՝ «Ո՛չ, պարզապես պետք է ադեկվատ քաղաքականություն վարել, որպեսզի Հայաստանն իսկապես դառնա մրցունակ, իսկ ելույթները գոնե մասամբ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ իրականությանը, այլ ոչ թե բաղկացած լինեն բացարձակապես ստից, որը չի դիմանում ոչ մի տեսակի քննադատության, քանի որ նույնիսկ անզեն աչքով է երևում, որ սուտ է»:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը