Կարծիք

16.07.2013 12:55


Սամվել Բաբայանն անհետ կորած չէ

Սամվել Բաբայանն անհետ կորած չէ

Այսօր մամուլում մի հրապարակման հանդիպեցի՝ «Սամվել Բաբայանն անհետ կորել է», որն ինձ մեծ ցավ պատճառեց, հատկապես այն պատճառով, որ, իմ կարծիքով, պահն է չափազանց անպատեհ: Չեմ ուզում հավատալ, որ լրագրողն այս կարգի նյութ է պատրաստել ինչ որ մեկի պատվերով, քանի որ վստահ եմ՝ եթե խորամուխ լիներ հարցի էության մեջ՝ չէր անի նման բան, նույնիսկ ամենագայթակղիչ պատվերի դեպքում:

Սամվել Բաբայանն անհետ կորած չէ: Ես չգիտեմ նրա գտնվելու վայրը, ու եթե իմանայի էլ չէի ասի, բայց հաստատ գիտեմ, որ նա ողջ-առողջ է, կտրված չէ մեր երկրի անցուդարձից և մտահոգ է շուրջներս ընթացող զարգացումներով: Կարծում եմ՝ նա որևէ խնդիր չունի թաքնվելու ոչ մեր իշխանություններից, ոչ մեր ընդդիմությունից, ոչ էլ, առավել ևս, իր բիզնես գործընկերներից, կամ էլ պարտատերերից, եթե այդպիսիք կան: Ուղղակի, այնտեղ, որտեղ գտնվում է ԼՂՀ բանակի հրամանատարը՝ անվտանգ չէ, այն առումով, որ մեր թշնամին, որն ամեն օր ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս, շատ բան կտար, որպեսզի կարողանար պարզեր Բաբայանի գտնվելու վայրը, առևանգեր ու հրապարակայնորեն ծաղրուծանակի ենթարկեր նրան, դրանով իսկ, ակնհայտորեն, իր զորքի մարտական ոգին շեշտակի բարձրացներ: Իսկ դրան հակառակ, մեզանում շատ-շատերն ատելությամբ կլցվեին մեր իշխանությունների հանդեպ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախյան պատերազմի կենդանի լեգենդներից մեկը ստիպված եղավ լքել Հայրենիքը ու այս պայթյունավտանգ պահին թշնամու ձեռքում հայտնվել: Ի նկատի ունեցեք, մեր իշխանություններին կմեղադրեն անգամ նրանք, ովքեր տանել չեն կարողանում Սամվել Բաբայանին, քանի որ, թշնամու պրոպագանդայի համար սա ուղղակի նվեր է, ասել՝ տեսեք, թե Հայաստանում ինչպես են վարվում իրենց հերոսների հետ, էլ ո՞վ այսքանից հետո կյանքը կդնի պատերազմում հաղթելու համար:
Ուստի, եթե մեր հարգարժան լրագրողները ցանկանում են անդրանդառնալ Սամվել Բաբայանի քաղաքական կամ էլ բիզնես գործունեությանը, նրա մեղքերին, հավատացնում եմ՝ շատ անհարմար պահ եք ընտրել: Մի մոռացեք, որ պատերազմի ժամանակ թշնամին, երբ որսում էր մերոնց խոսակցություններն ու իմանում, որ 44-ը (Սամվել Բաբայանի ազդականչն էր) այս կամ այն վայրում է գտվում, ուղղակի խուճապահար այդտեղից հետ էր քաշվում: Դա ես չէ, որ պիտի հիշեցնեմ, դա գիտեն բոլորը, ովքեր ինչ որ կերպ ուղղակի մասնակից են եղել մեր հերոսամարտին:
Ցավալի է, որ Արցախի հերոսն այսօր հարկադրված է օտարության մեջ գտնվելու, և ովքեր, որ դրանում մեղավոր են, վստահ եմ՝ առաջիկայում իրենց մեղքը խոշոր քարի պես ծանրանալու է խղճների վրա: Բայց հիմա մեղավորներ փնտրելու ժամանակն էլ չէ:
Այսօր, եթե հարկավոր է խնդրել, որպեսզի Բաբայանը վերադառնա, ես պատրաստ եմ առաջինը լինել, եթե հարկավոր է պահանջել համապատասխան մարմիններից՝ անել ամեն ինչ, որպեսզի նրան առոք-փառոք վերադարձնեն, պատրաստ եմ դարձյալ առաջին պահանջողը լինել, իսկ եթե հարկավոր է օգնել մեր «կամանդույուշչուն» վերադառնալ, որքան էլ ցանկանամ՝ առաջինը լինել չեմ կարող, քանի որ թեպետ նա արդեն բավական ժամանակ է բացակայում է Հայրենիքից, բայց այստեղ նրա կողքին կանգնած պինդ տղերք կան, որոնցից առաջ ընկնել ուղղակի ոչ մի կերպ չեմ կարող: Եվ թող մեզանում ձևավորված այս ուտող-ուրացող արժեհամակարգի պայմաններում յուրաքանչյուրն իրեն հարց տա, թե իր մտերիմներից քանի՞սը և, ոչ թե տարիներ, այլ՝ քանի՞ րոպե իրենց կողքին ամուր կանգնած կմնան, եթե իրենց գործերը վատանան ու հարկադրված լինեն լքել երկիրը:
Բարի վերադարձ:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը