Կարծիք

14.05.2013 11:20


Էշն էլ ընդվզեց

Էշն էլ ընդվզեց

«Գեղարքունիքի մարզում էշը կերել է տիրոջը»: Լրահոսում հայտնվող լուրերը երբեմն դասավորվում են հետաքրքրիր հաջորդականությամբ` հասկանալի է` բոլորովին տարերայնորեն: Էշի անհավանական ընդվզումը երևի տարվա ամենամտածել տվող իրադարձությունն էր: Էշը, որ դարերով էշությունից բացի ոչինչ չի ճանաչել, չի հանդուրժել տիրոջ մահակով ծեծը: Հոգնել է էշը: Մի օր մտածել է, չի մոռացել ցավը, սիրտը չի հանգստացել: Էշն էլ սիրտ ունի: Չեկիստ վիրաբույժը ազնվական էմիգրանտին ասում է. «Ես հազար անգամ տեսել եմ մարդու ներսը` բոլորն էլ նույն կազմությունն ունեն,նույն անատոմիան` ազնվական, թե` բոլշևիկ…»: Անատոմիան նույնն է, մտածելու ձևն ու հոգին են տարբեր: Գեղարքունիքի էշը հավանաբար ազնվական էր` գոնե` պապերը: Ի՞նչ իմանաս՝ մի քանի դար առաջ էդ էշի նախնիները մի պատկառազդու իշխանի չեն ծառայել ու սովորել են վարք ու բարք: Եվ ինչպես Թոթովենցն էր ասում. «Հորս ազնվականությունից շատ բան էր անցել էշին, նրա հոգեբանությունը նույնպես զարգացել էր այդ ուղղությամբ»:


Վարդենիկ գյուղում էշը ընդվզել է… մտածել է. «Ա՛յ երկոտանի, առավոտից գիշեր ծառայում եմ քեզ, քո էս գարշելի կյանքը թեթևացնելու համար մունջ, գլուխս կախ տանում–բերում եմ` ինչի՞ ես խփում լղար կողերիս, հոգնած մարմնիս»: Եվ էշը կատաղել է… տապալել է տիրոջը գետնին ու կծել դեմքը: Մարդու տեսանկյունից, իհարկե, սարսափելի փաստ: Բայց էլի մարդու տեսանկյունից նայելու դեպքում ստացվում է մի անհավանական բան. էշը ընդվզել է…

Հայրենիքում իմ արնաներկ տերերի դեմ ընդվզում են` էշերը… Կուզեի ճանաչել էդ էշին:

Էշը պաշտպանել է չծեծվելու իր իրավունքը: Շատ մարդիկ դա չեն կարողանում անել: Ոմանք անում են, բայց իրենք քիչ են, նույնքան քիչ, որքան ընդվզող էշերը:

Ընդվզած էշի ընկերները` էշ մեծամասնությունը, հավանաբար, շվարել է, վախեցել է ուրիշի ընդվզումից, ինչպես դա պատահում է միշտ: Էշը միայնակ է կրելու ընդվզման դիմաց նախատեսված իր պատիժը: Գյուղի մնացած էշերը մարդկանց և մասնավորապես՝ իրենց տերերին քծնելով` վաստակելու են իրենց չհալածվելու երաշխիքը, չեն մոտենալու մարդու հետ կռվի դուրս եկած էշին, նրան մերժված են դարձնելու: Էդպիսին է էշերի տեսած կյանքը, տեսել, սովորել են:

Հնարավոր է՝ էշը գտնվել է հոգեկան անառողջ վիճակում: Նրա հիվանդության պատմության մեջ հավանաբար նշված է՝ «բիպոլյար դեպրեսիա»` ընկճախտը փոխվել է ակտիվության, ու էշը անցել է հակահարձակման: Կյանքից գժվել է էշը, չի արտահայտվել, այլ սուբլիմացիաներ չի գտել. ի՞նչ սուբլիմացիա էշական կյանքում: Ու էշը գժվել է: Հնարավոր է:

Չի արտագաղթել, մնացել է հայրենի Վարդենիկի ու Գեղարքունիքի դաշտերում, կարոտից վախեցել է էշը, տարածքի հարազատությունը հաղթել է էշական տանջանքներին, ու նա մնացել է Գեղարքունիում… Ու խելքը գցել է էշը:

Հնարավոր է՝ տիրոջ դեմ ընդվզած էշին որոշեն սպանել` անվտանգության համար: Էշերի փոքրաթիվ գործադուլ գուցեև տեղի ունենա Վարդենիկում, բայց, ամենայն հավանականությամբ, չի լինի:

Ինչ էլ որ լինի` էշը ընդվզել է…

Լրահոսում նյութերը դասավորվում են պատահական հաջորդականությամբ: Եվ հաջորդ լուրն իմ լրահոսում գեներալ Մանվելի հրահանգով անարգված ազատամարտիկի մասին լուրն էր:

Տեղադրված էր տեսանյութ, որտեղ նախկին ազատամարտիկը երգում էր զոհված ընկերների մասին: Պարզ-պարզունակ երգ էր, լավ երգում էր, ու շատ անկեղծ երգ էր: Իսկ որպես ծանոթություն՝ տեղեկացվում էր, որ այս ազատամարտիկը, որի անունը Սեպուհ Ստեփանյան է, հայտնի է նրանով, որ ավտոմատով ինքնաթիռ է խփել ու այդ պատճառով ստացել «Ռեմբո» մականունը: Նստացույցին մասնակցելու համար գեներալ Մանվելը հրամայել է իր թիկնազորի պետին գնալ և պոկել հուշամեդալը Սեպուհ Ստեփանյանի կրծքից: Այսպիսի բաներ են լինում մեր տարօրինակ, տարոնափայլ քաղաքում` պոկում են հուշամեդալը ազատամարտիկի կրծքից, որը նախկին վարչապետ ընկերոջ` Անդրանիկ Մարգարյանի ու հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մասին երգ է երգում: Ընդվզելու բան չունի՞ քաղաքապետը: Չէ՛` չունի: Որևէ հանրապետական ընդվզելու բան չունի՞: Չէ՛ ` չունի: Ընդվզե՛ք, պարոնա՛յք, գուցե հավանեք ընդվզման բերկրանքը, շատ լռեցիք, կգժվեք հանկարծ ու կուտեք ձեր տիրոջը:

Լուսինե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/5814.html

Այս խորագրի վերջին նյութերը