Կարծիք

01.05.2013 20:13


Խաշ ուտելուց առաջ մի քիչ հայրենիքի մասին մտածեք

Խաշ ուտելուց առաջ մի քիչ հայրենիքի մասին մտածեք

Մի քանի նկատառում:

1. Պարզ է, որ այսօր ՀԱԿ-ը չի կարող անել այն քանակի հանրահավաքներ, որպիսիք անում էր նախկինում, թեկուզ մի երկու տարի առաջ:

2. Մյուս կողմից պարզ է ցանկացած անաչառ եւ սառը դատող մարդու համար, որ այսօր ՀԱԿ-ի ունեցած մարդկային, կազմկակերպչական, թիմային ռեսուրսն ամենաուժեղն է ընդդիմադիր դաշտում, եւ դա այն ռեսուրսը չէ, որ հնարավոր լինի հեշտությամբ կազմաքանդել, հետեւաբար՝ այն մնալու է գործոն քաղաքական դաշտում:

3. Ընդ որում, հաշվի առնելով այն, որ ՀԱԿ-ը մտնում է կազմակերպական նոր փուլ, մոտակա տարիներին այն հնարավորություն ունի որակապես բարեփոխվելու եւ է՛լ ավելի արդյունավետ ուժ դառնալու, եւ առաջիկա քաղաքական մարտերին ընդառաջ նորից իր շուրջ համախմբելու է ավելի մեծ քանակ, հենց շնորհիվ նրա, որ ուժ է:

4. Ինձ համար լիովին հասկանալի է, որ նման սցենարի կանխումը իշխանության եւ իշխանամետ ուժերի կամ անձերի բնական եւ անմիջական նպատակը պետք է լինի: Զարմանալի կլիներ, եթե նրանք փայփայեին մեզ եւ գլուխներս շոյեին:

5. Ինձ համար զարմանալի եւ զավեշտալի է, որ հասարակության այն ներկայացուցիչները, որոնք ներկայանում են որպես ընդդիմադիր, առաջադիմության կողմնակից եւ նրանց մի մասն իրոք անկեղծ կրողն է այդ ամենի, մասնակցում են ՀԱԿ-ի դեմ գրոհների, առիթը բաց չեն թողնում ոչ թե զուտ քննադատելու, այլ հարվածելու մեզ: Ո՞րն է նրանց շահը: Որպեսզի Հայաստանում չլինի՞ կազմակերպված ընդդիմադիր ուժ, որպեսզի ՀԱԿ-ը շանս չունենա՞ գոյատեւելու ու վերակազմավորվելու ու վերափոխվելու, որպեսզի քաղաքական դաշտն ամայանա՞ եւ լցվի մի քանի ամսանոց «պրոյեկտներով», որպեսզի քաղաքական խոսքն ու գործը հավետ մնան վիպապաշտական անպատասխանատվության շրրապտույտո՞ւմ: Վերջը, որ ի՞նչ լինի: Մի գիտակցված նպատակ սահմանեք ձեզ դրական, ոչ թե զուտ բացասական:

6. Ես կարող եմ հասկանալ, եթե մարդը քննադատում է, առաջարկներ է անում, կամ էլ ավելի լավ, եթե նա սեփական ծրագիրն է առաջարկում, թե ինչպես փոխել երկիրը, երբ նա նաեւ փորձում է այդ ծրագիրն ի կատար ածել, բայց երբ նա պարզապես զբաղված է մտավոր անարխիզմով ի վնաս սեփական իսկ շահերի (քանի որ նա ,ով չի ձեւակերպել իր շահերը հեռանկարի մեջ, նա գործում է ի վնաս ինքն իրեն), դա արդեն վեր է իմ համեստ ուժերից:

Հ.Գ. Ասածս բողոք չէր, կոչ չէր, ես իմ գործը գիտեմ, վստահ եմ իմ արածի մեջ, գիտեմ, որ ունեմ ընկերներ, ու ոչ թե մեկը կամ նույնիսկ տասն ու հարյուրը, այլ մի քանի հազարը, որոնք նույնպես իրենց անելիքը գիտեն, վստահ եմ նաեւ վերջնական արդյունքի առումով կամ որ գոնե փորձելու եմ դա անել այնքան ժամանակ քանի դեռ բոլորդ համատեղ ջանքերով երկիրը չնվիրեք միշիկախառը մեծ նախագծին, բայց ազնիվ խոսք չեմ հասկանում ձեր տրամաբանությունը:

Կարելի է զուգահեռ գործել, կարելի է այլ տարբերակներ փնտրել, բայց գոնե գիտակցո՞ւմ եք, որ եթե եղած ուժը քանդվի, նորը ստեղծելու համար որքան ջանք է պետք՝ առանց երաշխավորված արդյունքի: Գոնե պատկերցնո՞ւմ եք, թե որքան բարդ բան է ընդդիմադիր նախագիծ իրականացնելը Հայաստանում ու կարողանալ թեկուզ մի քանի հազարանոց հանրահավաք անել սկզբնակետից 6 տարի անց, սաստիկ հակաքարոզչության եւ ոչ միայն ճակատային, այլև թիկունքային հարվածների պայմաններում:

Լավ եղեք ու խաշ ուտելուց առաջ, ոնց որ ասում է Զորիկ Գալստյանը, մի քիչ հայրենիքի մասին մտածեք:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը