Կարծիք

18.04.2013 23:11


Մամուլի քարտուղարի պարտականությունները մնալու են խեղճ Շարմազանովի, Աշոտյանի ու Գեղամյանի վրա

Մամուլի քարտուղարի պարտականությունները մնալու են խեղճ Շարմազանովի, Աշոտյանի ու Գեղամյանի վրա

ՀՀ նախագահի արդեն նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին անձնապես չեմ ճանաչում, երբեք նրա հետ, այսպես ասած, չեմ շփվել, եւ անկեղծ ասած` մեկ-մեկ մոռանում էի, թե ով է նախագահի մամուլի քարտուղարը:

Այսօր նա ազատվել է աշխատանքից: 

Գնահատելով այդ պաշտոնում նրա եռամյա գործունեությունը, սակայն, չեմ կարող չնկատել, որ անցած երեք տարիներին նա, թերեւս, երեք անգամ է պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Երկրում տեղի ունեցած այս կամ այն կարեւորագույն իրադարձության, ազգային-պետական հիմնախնդիրների վերաբերյալ նախագահի կարծիք կամ դիրքորոշումը պարզելու լրատվամիջոցների փորձերը ապարդյուն են եղել, քանի որ Արզումանյանը նման հարցերին մշտապես պատասխանել է «Մեկնաբանություն չունենք»:
Նրա փոխարեն այդ գործը հրաշալիորեն արել են Շարմազանովը, Աշոտյանը, Գեղամյանը եւ այլք:
Արզումանյանի` լրատվամիջոցների հետ վերջին «շփումը» եղել է Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրության «գործընթացում» փոստատարի դերի փայլուն իրականացումը: Այն է` իր գրասենյակից հայտարարությունների տարածումը:
Հիմա, երբ Արզումանյանը փառաբանելով իր շեֆին, հայտարարում է, թե երկրում ազատ խոսքի առումով «հետադարձ չկա» անկեղծ ասած, զարմանում եմ:
Եթե մեկը կարեւորագույն հարցերի վերաբերյալ նախագահի դիրքորոշումը թաքցնում է եւ չի ցանկանում փոխանցել լրատվամիջոցներին, ապա ինչ ազատ խոսքի կամ ազատ մամուլի մասին կարող է խոսք լինել:
Մեկ այլ դիտարկում եւս. ուշագրավ է նորանշանակ մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի կենսագրության կոնկրետ հատվածը: Երիտասարդը, փաստորեն, 1992-ին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո միաժամանակ թե մասնակցել է մարտական գործողությունների եւ թե սովորել գյուղակադեմիայում:
Կենսագրականում նշվում է, որ 1992-ին ավարտել է Պուշկինի անվան դպրոցը: Իսկ տեքստի վերջում նշված է, որ Սաղաթելյանը պարգեւատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Ինչեւէ: Սա էական չէ: Մտավախություն ունեմ, որ նորից մամուլի քարտուղարի պարտականությունները մնալու են խեղճ Շարմազանովի, Աշոտյանի ու Գեղամյանի վրա:

Կիմա Եղիազարյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/kima.yeghiazaryan

Այս խորագրի վերջին նյութերը