Կարծիք

14.03.2013 12:18


Սերժ Սարգսյանի ոչլեգիտիմության ապացույցները

Սերժ Սարգսյանի ոչլեգիտիմության ապացույցները

Սերժ Սարգսյանը հայտնվեց նախագահի աթոռին անզեն, խաղաղ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հետևանքով:

Որեւէ իշխանություն դադարում է լեգիտիմ լինել, երբ կրակում է սեփական ժողովրդի վրա: Արյան, ոճրագործության, բռնության վրա հիմնված իշխանությունը անմիջապես օտարվում է սեփական ժողովրդից: Մարտիմեկյան սպանդը այս ամենի դասական օրինակ է: Այսպես.

1. 2008 թ. փետրվարի 20-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սկսեցին անցկացնել ամենօրյա ցույցեր նախագահական ընտրություններում աղաղակող կեղծիքներով արձանագրված արդյունքների բողոքարկման նպատակով: Տասնօրյա ցույցերը եւ երթերը, որոնց մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ, աչքի ընկան բարձր կազմակերպվածությամբ եւ բացառապես խաղաղ բնույթով: Հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերի եւ երթերի ընթացքում չի արձանագրվել բռնության, անկարգություն կամ հասարակական կարգի խախտման որեւէ դեպք: Այդ մասին համապատասխան գնահատականներով հանդես եկան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Գերդտ Արենսը («Մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ», «Ազատություն» ռադիոկայան, 29.02.2008) եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակությունը («Հավաքների ազատության խաղաղ դրսեւորումը, գումարած՝ բազմության արդյունավետ եւ ոչ բռնի կառավարումը, նշանակալի ձեռքբերում են եւ ժողովրդավարության առաջընթացի նշան», 2008թ. փետրվարի 29): Պատահական չէ, որ հետագայում ոչ մի ընդդիմադիր առաջնորդի կամ ակտիվիստի նկատմամբ չի առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու մեղադրանք: Չնայած ցույցերի բացառապես օրինական եւ խաղաղ բնույթին, Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը ընդդիմության հետ քաղաքական երկխոսությամբ եւ խաղաղ բանակցություններով կարգավորելուց եւ որոշում ընդունեցին ժողովրդի օրինական բողոքը բռնի ուժով ճնշելու մասին: Ուժային մեթոդների ապօրինի գործադրման հիմնական պատճառը ընտրության արդյունքներն իրավական ճանապարհով հիմնավորելու եւ վավերացնելու հարցում՝ իշխանություն մտավախությունն էր։ Մարտի 1-ի վաղ առավոտյան, առանց նախազգուշացման, Ազատության հրապարակում բողոքի խաղաղ նստացույցը ենթարկվեց ոստիկանական ուժերի գրոհի եւ ջարդի։ Նույն օրը երեկոյան այլ տեղում հավաքված խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեց հրազեն, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 10 մարդ։

Արեգ Գևորգյան

Աղբյուրը՝ http://www.facebook.com/aregface

շարունակելի...

(օգտվում եմ 2011-ին ՀԱԿ-Կոալիցիա բանակցությունների ընթացքում ՀԱԿ պատվիրակության կողմից ներկայացված «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում փաստաթղթից»)

Այս խորագրի վերջին նյութերը