Կարծիք

04.02.2013 23:24


Ձեր ժամանակն անցել է

Ձեր ժամանակն անցել է

Վերջերս Պետրոս Ղազարյանի “Հայկական ուրբաթ” հաղորդաշարի շրջանակներում քննարկում տեղի ունեցավ տարբեր համալսարանների ուսանողների միջև: Անդրադառնանք հաղորդումից հետո որոշ քննարկումների ընթացքում հնչած կարծիքներից մեկին:

Իրեն մտավորական համարող գործիչներից մեկը կարծիք հայտնեց, թե “երիտասարդներին կերել է վախը”, և նա ողբում է հայ ազգի համար, ողբում է, որ “մեր ազգի երիտասարդներն այդպիսին են”:  

Անկեղծ ասած ծիծաղելի է լսել կարծիք, թե երիտասարդներին կերել է վախը, քանզի այդ նույն երիտասարդները անվախ քննադատեցին գործող իշխանությունների վարած ու տապալած քաղաքականությունը. քննադատեցին թե հարկային համակարգը, թե կադրային քաղաքականությունը: Նրանք անդրադարձան նաև արտագաղթի աղետալի հետևանքներին ու նշեցին, որ գործող վարչակարգը ոչ մի քայլ չի անում, որպեսզի այնպիսի երկիր ստեղծի, որտեղ քաղաքացիները կապրեն արժանավայել կյանքով և չեն  հեռանա երկրից: 

Խոսք գնաց նաև “նախագահական ընտրություններ” կոչվող միջոցառմանը մասնակից թեկնածուների մասին, ովքեր իրենց մասնակցությամբ լեգիտիմիացնում են այս խեղկատակությունը: Պետք է առնվազն միամիտ լինել, որպեսզի այլ կարծիք ունենաս այս հարցում և կարծես, որ, օրինակ, Բագրատյանը, Հովհաննիսյանը մտել են ընտրապայքար հաղթելու համար: Սա այն իրողությունն է, որ մենք ունենք և երիտասարդները խոսելով դրա մասին ասեցին այն, ինչի մասին վախենում են խոսել շատերը, ովքեր տարիքով ավելի մեծ են: 

Երիտասարդները ի տարբերություն շատերի ստրկամիտ չէին և չէին վախենում խոսել օրինակ այն բանի մասին, որ ամեն պատից դուրս թռած իրենց իրավունք է վերապահում խոսել ազգային արժեքներից` մի բան էլ ուրինշենրին ուղղություն ցույց տալով:  

Ինչ վերաբերում է “ողբալուն”, ապա կասեմ հետևյալը. ողբալին այն է, որ երիտասարդներից տարիքով շատ ավելի մեծ մարդիկ իրենց ստրկամտության, “աթոռապաշտության” պատճառով մեզ մի երկիր են թողնում, որում կառուցվում է “թուրքմենբաշիական” համակարգ, որում խեղաթյուրվում են գրեթե բոլոր արժեքները, բայց, միաժամանակ, իշխանություններն իրենց անմեղսունակությունն ու ձախորդությունն այս ամբողջ շիլաշփոթում փորձում են հիմնավորել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Ծառուկյանի գոյությամբ: Ողբալի է նաև այն, որ երիտասարդներին մի երկիր են թողնում, որտեղ իշխանության են գալիս այնպիսի մարդիկ, ովքեր մանկապիղծ խորհրդականներ ունեն, և որտեղ բիզնեսմեններին իրենց սեփականությունից զրկելու քաղաքականությունը ներկայացվում է որպես կոռուպցիայի դեմ պայքար:   Եվ վերջապես, ողբալի է, որ մեզ են թողնում մի երկիր, որտեղ այլասերված են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են “ընդդիմությունը”, “ազատ մամուլը”, “քաղաքականությունը” և այլն: Սա է ողբալին, և ոչ թե այն, որ երիտասարդներն ի տարբերություն ոմանց կարողնաում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել, հասկանալ, որ, օրինակ, “Սիրուն չի, ապամոնտաժել” ասացվածքը ոչ թե հասարակության հաղթանակն էր խորհրդանշում, այլ իշխանությունների էժանագին փիառը:

Ծիծաղելին այն է, որ ողբալու մասին են խոսում այն մարդիկ, ովքեր աջակցում են մի քաղաքական ուժի, որը մի կողմից Սևրի պայմանագիր ու Հայոց ցեղասպանության ճանաչում է քարոզում, իսկ մյուս կողմից` հայ-թուրքական արձանագրություններ ստորագրած ուժի հետ գաղտնի բանակցություններ վարում “7 կետերի” մասին (ի դեպ, մնում է անհայտ, թե ինչ եղան այդ կետերը` բա խոսք էիք տալիս, որ նախագահին կհամոզեք ընդունել այդ կետերը…):

Այնուամենայնիվ, ուրախալի բան էլ կա` իրենց դարն ապրած քաղաքական գործիչներին մեր երկրում փոխարինողներ կան, ովքեր դուրս են մնացել իշխանական «գեբելսյան» քարոզչամեքենայի ազդեցության տակից և կարողանում են տեսնել այն, ինչ ամեն կերպ քողարկվում է իշխանությունների կողմից:  Հարգելի և ոչ այնքան հարգելի քաղաքական գործիչներ (խոսքը նրանց մասին է, ովքեր ծախվել են իշխանություններին), դուք այս ազգի համար կարող եք ընդամենը մեկ արժեքավոր բան անել. գնացեք ոչ այնքան վաստակած ու արժանի հանգստի: Ուրիշ ոչինչ դուք չունեք ասելու այս երկրին: “Ընտրություններ” օպերացիայից հետո այս երկրում քաղաքական փոփոխություններ են սպասվում, որոնք կբերեն դաշտի մաքրմանը, ինչն էլ իր հերթին ճանապարհ կբացի երիտասարդ սկզբունքային գործիչների համար, ովքեր դուրս են իշխանությունների ազդեցություննից և իրոք ուզում են ծաղկող երկիր ունենալ, այլ ոչ թե նստած են թախտին ու սպասում են, թե ով ինչպիսի պաշտոն կառաջարկի իրենց։

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը