Կարծիք

22.10.2012 20:30


Շնորհակալություն ևս մեկ հրեշավոր սխեմա բացահայտելու հնարավորության համար

Շնորհակալություն ևս մեկ հրեշավոր սխեմա բացահայտելու հնարավորության համար

Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում` ՀԱԿ խմբակցության անունից,   Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հաղորդման քննարկման ժամանակ

«Հարգելի խորհրդարան,

Նախ ասեմ, որ գնալով ինձ շատ դուր է գալիս աշխատանքը խորհրդարանում, որովհետեւ ոչ մի տեղ մենք դեռ չենք ունեցել հնարավորություն` այսքան մանրամասն բացահայտել պետական միջոցների մսխման եւ հարկատուների թալանի ավազակապետական սխեմաները, ինչքան որ դա հնարավոր է դառնում Ազգային Ժողովում: Այս առումով փայլուն դեր են խաղում տարբեր պետական մարմինների հաշվետվությունները, որոնց շնորհիվ բացահայտվում է, թե ինչ ծավալի թալանի հետ գործ ունենք:

Ուղղակի զարմանքի է արժանի այն հանգամանքը, որ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահը, պարզվում է, չի կարողանում ներկայացնել իր կողմից ղեկավարվող համակարգի ֆինանսավորման հիմքերը Ազգային ժողովին: Նա չգիտի, թե տարեկան քանի ժամ են կազմել գովազդային եւ հովանավորչական հեռարձակումները, չգիտի, թե ո՞վքեր են մշտապես մրցույթում հաղթող եւ տասից ավելի տարի իր հենց ղեկավարած հիմնարկում ապաստանած Կայմ  ընկերության սեփականատերերը, չգիտի թե ի՞նչ սկզբունքներով են բաշխվում հեռուստաընկերության եւ այդ առեղծվածային ֆիրմայի միջեւ գովազդով ստացված եկամուտները, չգիտի թե այդ գովազդից ստացած միջոցներից ինչքա՞նն է բաժին հասնում իր ղեկավարած հեռուստատեսությանն ու ռադիոյին, եւ ինչքա՞նը գնում է ինչ որ անհատ մասնավոր մարդկանց գրպանները:

Պատճառը հարգելի խորհդարան շատ պարզ է. Մենք գործը ունենք հրեշավոր մի ավազակապետական սխեմայի հետ, որի հետեւնքով մեզանից, ժողովրդից, այսինքն հարկատուներիցս տարիներ շարունակ ուղղակի գողացվում են տասնյակ միլիոն դոլարներ:

Ներկայացնեմ ասածիս ապացույցները: Համաձայն Ասպարեզ հասարակական կազմակերպության մոնիթորինգի, 2011 թվականին գովազդային/հովանավորչական հեռարձակումները կազմել են 636 ժամ: Համաձայն նույն կազմակերպության, երբ տարբեր կազմակերպություններ փորձել են դիմել հհանրային հեռուստատեսությամբ գովադ պատվիրելու նպատակով, նրանցից  գովազդի մեկ րոպեի համար պահանջել են 500 դոլար: Ինքը Ալեքսան Հարությունյան ընդունեց 120000-130000 դրամ թիվը, ինչը կազմում է 300  դոլար: Դա նշանակում է, որ միայն գովազդից/հովանավորչությունից ստացվող թիվը հավասար է 11.5 միլիոն դոլարից /եթե հաշվենք Ալեքսան հարությունյանի հրապարակայնորեն ընդունած թվերով/, մինչեւ 19 մլն դոլար, եթե հաշվենք իրական թվերով: Պաշտոնապես, Հանրայինը գովազդից եւ հովանավորչությունից ստացել է 930 միլիոն դրամ, այսինքն՝ 2 միլիոն 300 հազար դոլար ընդամենը: Պարզվում է, որ տարբեր հաշվակներով 9 միլիոնից մինչեւ 17 միլիոն դոլարի չափով գումար ստացվում է գովազդային շուկայից հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համար, բայց դառնում է Կայմ գործակալության համար հասույթ:

Սա պարզապես թալան է: Տղերքը ստանում են բյուջեից 6 միլիոն դոլար, գովազդային շուկայից 19 միլիոն դոլար եւ այդ 25 միլիոն դոլարից ուղղակի խժռում 17 միլիոնը:

Այս հաշվետվությունը, այսպիսով, թույլ է տալիս եզրակացնել, որ հանրային հեռուստատեսություն դարձել է ընդամենը բյուջեն թալանելուեւ հանրային հեռուստատեսության քողի տակ պետալամ փողերով սեփական բիզնես աշխատեցնելու եւ գերշահույթներ ստանալու միջոց:

Բնականաբար այսպիսի լրատվամիջոցը միայն մեկ գործառույթ ունի. ամրապնդել այն ավազակապետության հիմքերը, որը մի քանի մարդու համար ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծում հարստանալու համար:

Նման լրատվամիջոց չի կաչող լինել ոչ իսկապես հանրային, ոչ անաչառ, ոչ էլ հավասր սկզբունքներով ներկայացնել երկրի քաղաքական դաշտը: Այդ է պատճառը, որ վերջին 6 ամսվա ընթացքում Ազգային Ժողովում պաշտոնապես ամենամեծ խմբակցություն ունեցող ընդդիմության`Հայ Ազգայի Կոնգրեսի որեւէ ներկայացուցիչ հնարավորություն չի ունեցել ելույթ ունենալ Հանրային հեռուստատեսության եթերթւմ:

Իսկ էժանագին սերիալների տիրապետությունը Հանրայինի եթերում ընդամենը ապացուցում է, որ Հանրային հեռուստատեսությունը դարձել է ուղեղների լվացման մի խայտառակ մեքենա, որի նպատակն է սպանել իր սահմանադրական իրավունքների եւ դեմոկրատական ազատությունների համար պայքարող քաղաքացուն եւ քաղաքացիական հասարակությանը:

Իսկ վերջում թույլ տվեք շնորհակալություն հայտնել խորհրդարանին այս լսումների եւ հանրային միջոցների յուրացման եւս մեկ հրեշավոր սխեմա բացահայտելու հնարավորության համար:

Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար»

Այս խորագրի վերջին նյութերը