Կարծիք

26.09.2012 20:04


Մեր օրերի «սուտլիկ որսկանները»

Մեր օրերի «սուտլիկ որսկանները»

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի. գնացինք որսի…

Բոլորս էլ հիշում ենք Հովհաննես Թումանյանի հայտնի «Սուտլիկ որսկան» հեքիաթը, որը այսօր ավելի քան արդիական է իշխանական շրջանակներում։ Բայց ամենացավալին այն է, որ իշխանական էշելոնի՝ հանձին ՀՀ նախագահի, որսած ստով կերակրվում է մի ողջ ժողովուրդ և դաստիարակվում սերունդ։  Շատ դժվար կողմնորոշվող, այսօրվա <>-ն վաղը <>-ի վերածող քաղաքական գործիչներն էլ ՀՀ նախագահի երդվյալ ատենակալներն են։ Ինչպես «Սուտլիկ որսկան» հեքիաթի հերոսները, այնպես էլ այս հոդվածի հերոսները ունեն միևնույն բնութագրերը. որսի  են դուրս գալիս թրով–թվանքով, բայց սատկած բադ են սպանում այն էլ փայտով, քանի որ զենք չկա, մի մեծ պղինձ խոսքերով ճաշ են եփում, բայց պղինձը ծակ է լինում։ Նման բնութագրով քաղաքական գործիչներից հատկապես աչքի են ընկնում  Րաֆֆի Հովհաննիսյանը և Ռուբեն Հայրապետյանը, որոնց չկողմնորոշվածությունը և սեփական խոսքին տեր չկանգնելը ընդհանուր հատկանիշներից է։

Առաջին հայացքից երկու տարբեր քաղաքական գործիչները. մեկը՝ կրթված ԱՄՆ–ում, երկրորդը «առաջին միլիոնը» գողացած այսպես կոչված օլիգարխ, բայց արի ու տես, որ երկուսին էլ միավորում է «Սուտլիկ որսկանի» «հայեցակարգը»։

Այս տարվա ԱԺ ընտրություններում սարեր շարժող Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս տված հարցազրույցում կրկին շարունակեց վաղուց բռնած իր ուղին, ըստ որի նա գրեթե երբեք տեր չի կանգնում իր  սեփական խոսքերին։ Բոլորս էլ հիշում ենք նրա նեղացած պահվածքը սեփական կուսակցությունից, երբ մեկ որոշում կայացրեց հրաժարվել կուսակցության նախագահությունից, իսկ հետո էլ փոշմանեց և հետ վերցրեց դիմումը, կամ պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցը, որ նրա համար դարձել է Համլետի մենախոսության նման մի բան «Լինել թե չլինել, սա է խնդիրը»։ Չկողմնորոշվելով մեկ հարցում` նա  չի կողմնորոշվում նաև երկրորդ հարցում` արդյո՞ք առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում։ Հետաքրքիր է թե ո՞վ կամ ի՞նչն է խանգարում նրան ։ Դեռ մի կողմ դնենք 10 տարվա քաղաքացիության ու բնակության խնդիրը և ֆիկսենք նրա կատարած դերը Ազգայի Ժողովի ընտրություններում, ինչը մեզ թույլ է տալիս նկատել, որ նա փորձեց ձայներ փախցնել Սերժ Սարգսյանի ազդեցությունից դուրս և նրան ռեալ վտանգ ներկայացնող  քաղաքական ուժերից  և այս պարագայում կարող ենք հաստատել, որ նա կառաջադրի իր թեկնածությունը, երբ հայտնի կլինի պատվերը, թե ումից պետք է ձայներ փախցնի։

Անցնենք հաջորդ քաղաքական գործչին, ով վերջերս ամենաքննարկվող անձանցից մեկն է։ ԱԺ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԺ-ում չի լինելու ոչ մի օլիգարխ, սակայն իր ոճի համաձայն տրորեց սեփական խոսքը և «Հավատանք, որ փոխենք» նոտայի տակ սկսեց զբաղվել ՀՀԿ գաղափարական առաջամարտիկներից մի քանիսի նախընտրական քարոզարշավով (իսկ այսօր իբր թե պայքարում է այդ նույն այսպես կոչված օլիգարխների դեմ), որոնց թվում էր նաև Ռուբեն Հայրապետյանը։ Մինչև այդ Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ չի դնելու իր թեկնածությունը, բայց որոշ ժամանակ անց փոշմանեց և առաջադրեց իր թեկնածությունը։ Սեփական խոսքին տեր չկանգնելու սցենարը դեռ ուժի մեջ է։ Հարսնաքարի հայտնի դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից, իսկ երեկ արդեն ըստ ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի համաձայն նրա դիմումը  պետք է սկսեր գործել, բայց պարզվեց, որ Ռուբեն Հյարապետյանը մինչև սեպտեմբերի 28-ը փոշմանելու ժամանակ ունի, քանի  որ ԱԺ կանոնակարգի 35–րդ հոդվածի 5–րդ կետի համաձայն 15 օրից հանվում են տոնական և հիշատակի օրերը։ Հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի «չափից շատ խոսքին տեր կանգնելու»  հատկանիշը, ապա դիմումը հետ վերցնելը նրանից հեռու չէ։

Այսպիսով սուտ քաղաքական որսի դուրս եկած որսկանները վրա եկան, կերան-կերան, բայց ոչ աչքերը բան տեսավ, ոչ էլ բերանները բան մտավ։

Հարություն Խաչիկյան

Այս խորագրի վերջին նյութերը