Կարծիք

13.08.2012 17:17


Սիրուն չի, Սերժիկ

Սիրուն չի, Սերժիկ

2011թ. օգոստոսի 9-ից անցավ 1 տարի: Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»՝ գրում եմ մեկուսարանից.
Փորձեմ հետադարձ հայացքով գնահատականները տալ հակափաստարկները չունեցող հանրահայտ միջադեպին և մինչ օրս շարունակվող զարգացումներին: Զարմանալի զուգադիպությամբ՝ մի կողմում ՀԱԿ-ի երիտասարդներս ենք, մյուս կողմում՝ չընտրված իշխանության ներկայացուցիչները: ՀԱԿ-ի երիտասարդներս աննախադեպ բռնություններով բերման ենթարկվեցինք ոստիկանական բաժանմունք: Այնտեղ զրկվեցինք փաստաբան ունենալու իրավունքից: Ժամեր անց փաստաբանները մի կերպ կարողացան ներս գալ: Տեղի ունեցավ ամենասարսափելին՝ փաստաբանները նույնպես ենթարկվեցին բռնությունների:
Այո՛: Պետք է միջադեպին տրվեր քրեաիրավական գնահատական: Անկասկած պիտի հարուցվեր քրեական գործ: ՀԱԿ երիտասարդներս և մեր փաստաբանները քրգործով պետք է անցնեինք՝ որպես տուժողներ: Բայց, ինչպես միշտ, գործի դրվեցին հին և խորթ մեթոդները: Քրեական օրենսգրքից շատ արագ վերցվեցին 316 և 258 հոդվածները, իսկ մնացածն արդեն երևակայության և նախկինում ձեռք բերված կեղտոտ փորձի հարց էր. ոստիկանները հերթով, կարգով, շարքով, մեկ մարդու նման սկսեցին մեղադրական ցուցմունքներ տալ մեր դեմ:

Օգոստոս ամսվա շոգ օր էր: Ոստիկանի քթից արյուն էր եկել: Արնահոսությունը դարձավ ուղեղի ցնցում: Դե քիթ էր. քիթն էր արնահոսել: Ինչպե՞ս կարող էր, համաձայն համապատասխան դատաբժկական փաստաթղթերի՝ քթի բազմաբեկոր կոտրվածք չդառնալ: Բայց պարզ է, չէ՞, որ եթե ոստիկանը քթի բազմաբեկոր կոտրվածք ունենար, դա արտաքինից էլ կերևար: Դատաբժիշկն այդ հարցն էլ էր լուծել՝ «քթի բազմաբեկոր կոտրվածք առանց տեղաշարժի»:
Կարճ ասած՝ թղթեր էին սևացնում, որպեսզի մեզ առաջադրված մեղադրանքը հնարավորինս հիմնավորված լինի: Քրգործի հիմքում դրվեց մի բարի կենդանի, որը, սակայն, առանց դնչկալի էր:
Մի անգամ՝ դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ, նիստերի դահլիճում շան դրվագի շինծու լինելու մասին փաստարկված, հիմնավորված ապացուցեցի դատախազին և դատավորին, որ դա հորինված փաստ է: Դատախազն ինձ ասաց. «Լավ, հավատում եմ, որ շուն չի եղել. հորինված է: Բայց հետագայում ոստիկանի քիթ ես կոտրել. դատաբժշկի եզրակացություններ կան»:
Ինչևէ, հարգելի ընթերցող, եկեք միասին դատարանում ապացուցված մի դրվագ վերլուծենք, ինչը կմերկացնի իշխանությանը՝ իր ներկայացուցիչներով հանդերձ:

Խնդիրը հետևյալն է՝ միջադեպի պահին եղե՞լ է առանց դնչկալի շուն, կամ, առհասարակ՝ շուն:
Ունենք 2 կարևոր փաստ.
Ոստիկանի զեկուցագիր, ով փաստում է, որ միջադեպից վայրկյաններ առաջ մի երիտասարդ շան հետ ման էր գալիս «Խնկո-Ապոր» գրադարանի մոտ: Շունն առանց դնչկալի էր: Իրեն զգուշացրել են, որ չի կարելի շանն առանց դնչկալի ման տալ, նա ներողություն է խնդրել և երբ մի քանի քայլ հեռացել է, դրանից հետո մոտեցել ենք մենք, վիճաբանել, ինչը վերածվել է խառնաշփոթ իրավիճակի և այլն:

Դատարանում ցուցմունք տվեց շան՝ Ջոնիի տերը, ով մեր հարցադրումներին ի պատասխան՝ պնդեց, որ իրեն Կարապի լճի մոտ մոտեցել են 2 ոստիկան և նկատողություն արել շան դնչկալի հետ կապված, և որ ինքը ներողություն է խնդրել, ապա՝ շան հետ հեռացել: Մեր հարցին, թե վայրկյաններ անց որևէ միջադեպ նկատե՞լ է նույն ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ, պատասխանեց, որ Կարապի լճի մայթով իջել է դեպի Տերյան-Թումանյան խաչմերուկը, ետ շրջվել և քաշքշուկ տեսել: Հարցին, թե ո՛ր մասում էր քաշքշուկը, ասաց՝ Կարապի լճի ափին՝ այնտեղ, որտեղ իրեն նկատողություն էին արել:
Հիմա տեսեք, թե ինչ է ապացուցվում. Կարապի լճի ափին որևէ միջադեպ տեղի չի ունեցել. այն տեղի է ունեցել դիմացի՝ «Խնկո-Ապոր» գրադարանի մայթին: Նույնիսկ հետագայում միջադեպը Կարապի լճի կողմի մայթ չի տեղափոխվել: Դա իրենց ցուցմունքներով հաստատել են նաև ոստիկանները՝ վկա, թե իբր տուժող: Ձեզ մոտ հարցեր պիտի առաջանան ՝ նախ, ինչո՞ւ է հորինվել շան դնչկալի պատմությունը, երկրորդ՝ արդյոքմիայն շա՞ն պատմությունն է հորինված ամբողջ քրգործում. եթե այո, ապա ի՞նչ նպատակով, եթե ոչ, ապա՝ էլ ո՞ր դվագն է հորինված:

Ես ունեմ սպառիչ պատասխան. ինձ և իմ ընկերներին առաջադրված մեղադրանքներն ապացուցող փաստերը սկզբից մինչև վերջ հորինված և հարմարեցված են իրենց պատվերներին: Վկաներից մեկը՝ տաքսու վարորդը, ով մեկ ակնթարթ իր մեքենայով անցնելիս է եղել, տեսել ու լսել է ամեն ինչ, ինչպես ինքն էր պնդում. նույնիսկ անունս է հիշում, բայց դատարանում չկարողացավ իր մեքենայի գույնն ու պետհամարանիշները հիշել: Դա ի՞նչ է նշանակում: Ինչու՞ են կեղծիքի հիման վրա քրգործ հարուցել:

Ի դեպ, Ջոնին՝ առանց դնչկալի շունը, «լսեց» այս պատմությունն ու որոշեց սատկել. չկա այլևս: Հանկարծամա՞հ եղավ: Չնայած՝ մտածել են՝ «Սրմենիկում»-ով ամբողջ աշխարհն ենք զարմացրել, ուր մնաց՝ առանց դնչկալի Ջոնի-ով մի պստլիկ Հայաստան չկարողանանք զարմացնել:

Մարտի 1 տեսած ազգին դնչկալով կզարմացնե՞ս, երբ իշխանություններն ասում էին՝ 50 ժամից ավել տեսագրություններ կան Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Չգիտես՝ ով մեքենայի հետևից դուրս էր գալիս և կրակում ոստիկանների վրա: Բա ու՞ր է. բացահայտե՞ց:
Մարտի 1-ին թափված արյան համար դեռ պատասխան չտված քո մարդասպանները սպանեցին Վահե Ավետյանին: Ոչինչ էլ չի բացահայտվի, քանի դեռ դու ես ՀՀ նախագահը, Սերժ Սարգսյան: Կարող ես ցմահ բանտարկել. մենք դրանից չենք կաշկանդվում: Ոչ թմրամոլ ենք, ոչ՝ գող, ոչ՝ խուլիգան. ընդամենը առանց զենքի պայքարում ենք զինված մարդասպանների դեմ:
Սիրուն չի, Սերժիկ:
Տիգրան Առաքելյան

Այս խորագրի վերջին նյութերը