Կարծիք

13.07.2012 09:55


Լիլիթ Գալստյան. «Փողոցում ժողովրդից ամբոխ մեկ քայլ է»

Լիլիթ Գալստյան. «Փողոցում ժողովրդից ամբոխ մեկ քայլ է»

ՀՅԴ կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի էջում՝ ընդգծելով, որ եթե հունիսի 17- ին Հարսնաքարում կատարված սպանությունը սոսկ քրեական մի էպիզոդ լիներ, վստահաբար հասարակության և ընդդիմադիր քաղաքական ուժերի պահանջները սոսկ իրավական դաշտում կլինեին:

«Բայց Վահե Ավետյանի սպանությունն ու սպաների ծեծն այլևս մեր համբերութեան ռուբիկոնն էր։ Արդարացի է հասարակական ընդվզումի ինքնաբուխ ալիքը, երբ պահանջում է երևույթի քաղաքական, իրավական և բարոյական գնահատականները: Անառարկելի է. այս իրավիճակն ուղղակիորեն արտացոլում է Հայաստանում կարծրացած քաղաքական մշակույթը, արտահայտում արդեն կարծրացած, մեր իրականության բոլոր երեսները ներառող բռնության վարքագիծն ու ավադույթները: Ու, երբ սպառվում են քաղաքակրթական, իրավական բոլոր գործիքներն ու սպասումները, նույնիսկ ԶՈՒ փոխգնդապետն է անցնում ինքնիրավչութեան»,–գրել է Լ. Գալստյանը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ այո՛, խաթարված արժեքներն ու ինստիտուտները խեղում են պետությունն ու հուսատ, անպաշտպան քաղաքացուն դրդում իր իրավունքները փողոցում փնտրել.

«Բողոքի ալիքում «Վահե Ավետյանը ես եմ» պաստառով քայլող յուրաքանչյուրը համոզված չէ, որ հաջորդն ինքը չի լինի։ Այո՛, մենք պաշտպանված չենք: Այս ողբերգությունը հեռու չէ ոչ մեկից։ (Իսկ փողոցում ժողովրդից ամբոխ մեկ քայլ է)»։ Թվում էր, թե քաղաքական մեծամասնությունը բավարար խոհեմություն ու քաղաքական իմաստնություն կունենար ու կընդուներ խորհրդարանական ընդդիմության դիմումը՝ հանրապետության թիվ մեկ քաղաքական ամբիոնն օգտագործելով հարցի շուրջ քննարկում կազմակերպելով։ Պատճառ էր ու առիթ վերջին շրջանում ՀՀ նախագահի կողմից շատ բարձրաձայնվող անկեղծության ռեժիմում քննելու իրավիճակը, անդրադառնալու դրա հրեշավոր, պետությունը վտանգող համակարգայնութանը։ Բայց քաղաքական մեծամասնությունը գերադասում է լռության ռեժիմը, գերադասում է պիտակավորել քաղաքական գնահատական պահանջողներին ու դիմում նախաքննությանը չխոչընդոտելու շատ ծեծված հիմնավորմանը։ Իսկ փողոցն անհանգիստ է, հնարավոր բախումների հեռանկարով պայթուցիկ։ (Փողոցում ժողովրդից ամբոխ մեկ քայլ է)»։

ՀՅԴ անդամը անդրադարձել է նաև արտահերթ խորհրդարանական նիստ հրավիրելու խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և նշել, որ իհարկե, սա առիթ է ընդդիմադիրների և ոչ ընդդիմադիրների սահմանագիծը հստակեցնելու.

«Բայց սա, թերևս, այս պահին էական չէ, և ոչ էլ գլխավոր խնդիրը։ Առավել էականը իրավիճակին քաղաքական ախտորոշումն ու գնահատականը տալու մեծամասնության կամքն է ՝ նույնն է թե երկիրը փոսից ու կործանարար ընթացքից շրջելու, սթափվելու կամքը։ Իսկ ժողովրդից ամբոխ մեկ քայլ է, ու հետո, պետք չէ զարմանալ, որ մեր կորցրած հնարավորությունը ուրիշների խաղ ու խաղաքարտ է դառնում։ 44 ստորագրություն հավաքելուն 24 ժամ կա, ու ժամանակն արդեն գնում է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը