Կարծիք

02.07.2012 14:06


Յոնջա ցանիր և կունենաս յոնջա

Յոնջա ցանիր և կունենաս յոնջա

ՀՀԿ-ի՝ որպես կուսակցության մասին խոսելը գնալով դառնում է անիմաստ: Այս կուսակցության ղեկավարներն ավելի շատ «ռազբորկաների» մեջ են, քան քաղաքական պայքարի, ավելի շատ բիզնեսի մեջ, քան քաղաքականության: Քաղաքականությամբ ՀՀԿ-ն զբաղվում է այնքանով՝ որքանով: Թե պատահում է դրսերից մարդ է գալիս, կամ նախագահն է գնում դուրս, ՀՀԿ-ի վրա մի քիչ քաղաքական կազմակերպության շվաք է ընկնում, իսկ մնացած ժամանակը ՀՀԿ-ն, վարչապետի գլխավորությամբ, զբաղված է խորհրդարանական դերասանությամբ ու մեր կյանքը պղտորելով: Հզոր ՕԵԿ-ի հետ մոտ 700 հազար անդամ ու համակիր ունեն, բայց, ինչպես տեսանք, նույնիսկ նախագահի ծննդյան օրը չկարողացան մարդավարի նշել:

Մարդիկ սկսել են այլևս չզարմանալ ՀՀԿ-ի «պրավալ» տված հերթական գործերի վրա (ՀՀԿ երիտթևի մեծարում մարզահամերգային համալիրում, քայլարշավ Վարդանանց տոնին, Մաշտոցի պուրակ, փուչիկային «հրավառություն» և այլն և այլն): Եվ ինչո՞ւ մարդիկ զարմանան, երբ ՀՀԿ-ն հստակ նշում է այն պատճառները, թե ինչու չի կարողանալու իրագործել իր ծրագրերը, որ երկնել է տնտեսական ոլորտի իր անվիճելի առաջատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Մարդը գիշերը երազ է տեսնում, առավոտյան այդ ամենը հանձնում է թղթին, իսկ ՀՀԿ-ն քվեարկում է: Էլ ինչի՞ վրա զարմանան: Մարդիկ:

Գալուստ Գրիգորիչը՝ Սահակյանը, շատ է սիրում կրկնել, թե ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում: Երանի մեզ լուսավորեր նաև, թե ինչի՞ համար է պատասխանատվություն կրում ՀՀԿ-ն: Օրինակ ՀՀԿ-ն պատասխանատո՞ւ է, որ Հայաստանում մարդ չուտեն: Կարծեմ՝ ՙUnited Nations Educational, Scientific and Cultural Organization՚-ը վաղուց է երկրագնդի վրա արգելել մարդակերությունը: Հիշում եմ՝ Նոր Զելանդիայի մարդակերների մի ցեղ նույնիսկ հրապարակավ ներողություն էր խնդրել Անգլիայի թագուհուց՝ բրիտանացի մի խումբ զբոսաշրջիկների ուտելու համար: Մինչդեռ ՀՀԿ-ում, ասես, լուր էլ չունեն այդ մասին: Ի՞նչ ներողություն խնդրելու մասին է խոսքը: Ումի՞ց ներողություն խնդրի ՀՀԿ-ն՝ Հայաստանի շարքային քաղաքացիների՞ց, որոնց մասին այդ մեղմ ասած սադիստները արտահայտվում են որպես ՙոչխարների՚, ՙհամբալների՚, ՙճիճուների՚, ՙոչնչությունների՚… Իսկ ի՞նչ է սպասում շարքային քաղաքացի և շարքային խմող Շմավոնը՝ որ իրեն մի բան էլ պորոն Շմավոն ասե՞ն: ՀԱՄ ՀՀԿ-ի 10 հազարը տանի ուտի, համ էլ գլուխը շոյե՞ն: Չի լինում այդպես, շարքային Շմավոն: Ուրեմն հույսդ դիր ՙUnited Nations Educational, Scientific and Cultural Organization՚-ի վրա, որ մի գեղեցիկ օր էլ՝ քո գլխին չտան կամ քեզ չուտեն: ՀՀԿ-ի պատասխանատվության աստիճանի ցուցիչը փնտրեք Գալուստ Սահակյանի հետևյալ խոսքերում. ՙԵթե մենք որևէ ռեստորանում քեֆ անենք ու իրար ծեծենք՝ ուրեմն Ռուբեն Հայրապետյա՞նն է մեղավոր՚: Հանճարեղ է: Նախ՝ ՙՀարսնաքարը՚ որևէ ռեստորան չէ, այլ ՀՀ ԱԺ պատգամավոր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ռեստորանն է, և ապա՝ խնդիրը ոչ Ռուբեն Հայրապետյանն է և ոչ էլ նրա ՙՀարսնաքար՚ ռեստորանը:  Խնդիրը ՙքեֆ անենք ու իրար ծեծենք՚ (կարդա՝ իրար ուտենք) արտահայտությունն է, որ ՀՀԿ ամենաառաջին էշելնից հնչում է այնքան հանգիստ, ասես կենցաղային սովորոկան նիստուկացի մասին է խոսքը: Այստեղ պետք է մեր շարքային քաղաքացիներին մի այսպիսի խորհուրդ տանք՝ հանկարծ մտքներովդ չանցկացնեք ձեր բախտը փորձել ՙՓարվանայում՚ կամ մեկ այլ ռեստորանում, նույնիսկ՝ կաֆեում, որովհետև, երբ մի քիչ խմեք ու վիճաբանություն սկսվի, այլևս ոչ ոք մեղավոր չէ: Ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն պատասխանատու է, որ ոչ ոք մեղավոր չլինի: Հասկացա՞ք: Շմավոն, անձամբ դու, որ համարձակվել ես ՀՀԿ-ի 10 հազարը ուտել, հասկացա՞ր:

Եթե հիշում եք, Ռուբեն Հայրապետյանը Սերժ Սարգսյանի տված խոստումների շրջանակում (որ, իբր, օլիգարխները խորհրդարանում չպետք է լինեն) հայտարարել էր, որ ինքը չի առաջադրվելու: Անկեղծ լինեմ՝ մտածեցի, որ  ՙUnited Nations Educational, Scientific and Cultural Organization՚-ի որոշումները կամաց-կամաց հասնում են Հայաստան, ու մարդիկ փոխվում են: Բայց ի՞նչ արեց նույն Սերժ Սարգսյանը, ով նախ՝ Մալաթիա-Սեբաստիայում և ապա՝ Ավանում շարքային շմավոնանմաններին ՙխնդրեց՚ իրենց ձայնը տալ Սամվել Ալեքսանյանին ու Ռուբեն Հայրապետյանին: Ու եղավ այն, ինչ եղավ: Ի՞նչ ՙUnited Nations Educational, Scientific and Cultural Organization՚, ինչ բան: Ունեցանք համատարած ՀՀԿ՝ «պատասխանատու՚ և անպատասխանատու մի կառույց, որ քաղաքականությամբ զբաղվում է միայն ՙռազբորկաներից՚, ծեծուջարդից, ուտել-խմելուց ազատ ժամերին: Պարզ է, որ այս ամենի կողքին համեստության մարմնացում ՕԵԿ-ին հաջողվելու էր «ապացուցել, որ քաղաքականությունը բարոյականություն է»։ Սերժ Սարգսյանը, հավանաբար, իսկապես նախանձում է իր ժառանգած ՀՀԿ-ի դաշնակցին: Այլապես ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ին թողած՝ ՕԵԿ-ին բարոյական անվաներ, մի կուսակցության, որն, իր հերթին, քաղաքականությամբ զբաղվում է դդումի մուրաբա փակելուց ազատ ժամերին:

Հարգելի Սերժ Ազատի, Ձեր ծնունդը շնորհավոր: Էս անգամ բախտներս չբերեց ու չկարողացանք ինչպես հարկն է նշել, բարիանալ Ձեր հմայիչ ժպիտով, տեսնել Ձեզ ընտանեկան ջերմ մթնոլորտում, ինչպես մարդահամարի ժամանակ, երբ հաշվարարը եկել էր Ձեր տուն: Բայցևայնպես՝ շնորհավոր և արևշատություն Ձեզ: Պատրաստվո՞ւմ եք 2013-ին: Այո՞: Անպատասխանատու ՀՀԿ-ն ու հայ դդմասեր հասարակության պարծանք ՕԵԿ-ն էլ են պատրաստվում, ասեմ: Մի սատարել են սատարելու Ձեզ, մի սատարել, որ էլ չուտես, չխմես ու այդ սատարումով հիանաս: Բայց մի ներքին ձայն հուշում է, որ սրանք ՙպրավալ՚ են տալու և ժամանակից շուտ իրենց հետ նաև Ձեզ են տանելու պատմության գիրկը: Այո, հենց 2013-ին և ոչ 2018-ին, ինչի մասին երազում են սատարիչ լրատվամիջոցները: Այդ իսկ պատճառով, առնվազն, պետք է հավատալ այստեղ գրվածին… Մնացածը Ձեր գործն է՝ ուզում եք՝ փոխեք, չե՞ք ուզում… մի փոխեք: Բանն այն է, որ նույնիսկ ՀՀԿ(ՕԵԿ)-ին պաշտող 700 հազարն է այլևս հասկացել, որ ևս մի ՙսրոկ՚ վստահել այս իշխանությանը, նշանակում է ևս մի ՙսրոկ՚ վստահել մարդակերությանը, տնաքանդությանը, անպատասխանատվությանը, ամենաթողությանը, այլանդակությանը, օլիգարխապաշտությանը, ցինիզմին, լաքեյությանը, կեղծ քրիստոնեությանը, թրքաբարոյությանը, մշակութային ու ֆիզիկական ինքնաոչնչացմանը, ՙUnited Nations Educational, Scientific and Cultural Organization՚-ի անեծքի տակ ընկնելուն: Հերթական անգամ կգնա՞, արդյոք, շարքային Շմավոնը նման արկածախնդրության, հարգելի Սերժ Ազատի,  մենք չգիտենք: Ճիշտն ասած:

Էդիկ Անդրեասյան

 Հատուկ Հ.Գ.՝ շարքային Շմավոնի համար: Հարգելի Շմավոն, ամեն ինչ իր բնական ընթացքի մեջ է: Ինչ ցանես՝ էն կհնձես: Եվ կապ չունի՝ ով է ցանողը՝ դո՞ւ, թե՞ ՀՀԿ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը