Կարծիք

01.07.2012 14:00


«Մարդը Հայաստանում ճանճի նման բան է»

«Մարդը Հայաստանում ճանճի նման բան է»

Վահե Ավետյանի մահից հետո այս գրառումն է թողել  «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հարգելի պրն. Սաֆարյան, այս չակերտներով միտքը՝ «Մարդը Հայաստանում ճանճի նման բան է», անկախ այն բանից,  Ձե՞րն է,  թե ՞ փոխառություն, տգեղ ու տգետ արտահայտություն է: Այս վիրավորական արտահայտությունը Ձեզ, որպես քաղաքական ու կուսակցական գործիչ, պատիվ չի բերում... Այս վիրավորական միտքն ինձ հիշեցրեց   Ձեր կուսակցության«քաղաքական ծոմ» հայտնի բողոքի ձևը: Մի բան, որ  համարում եմ քաղաքական գործչի գործունեության հետ անհամատեղելի... (Մհաթմա Գանդու օրինակը չխառնեք, նրա ճախարակը ծանր հրետանու ուժ ուներ): Վահե Ավետյանի ողբերգական մահվան առիթով ձեր կողմից գրված. «Մարդը Հայաստանում ճանճի նման բան է», վիրավորական ու զայրացուցիչ գտնելով՝ գրեցի. «Որ պայքարի փոխարեն ծոմ պահեք, ժողովուրդն էլ «ճանճ ու մոծակ» կլինեն...

Պարզվեց  «ծոմի» խնդիրը ձեզ համար շատ զգայուն է և սկսեցիք շաբլոն դարձած քրեական  ու  բարոյական սնանկ  պիտակավորումները: (Ձեր և Ձեր կուսակցության հետ ոչ մեկ խնդիր չունեմ) :

Գրում եք.

«... Հեղափոխական պայքար ակնարկողը» գոնե արաբներից օրինակ է վերցնում, իրեն սուիցիդ անելով պայթեցնում թշնամիներին, այդ դեպքում ձայն չէի հանի: Թե ձեր սրբազան իրավունքը միայն պոռոտախոսելն է...»                                                                                                               

Այս մակարդակը լուրջ քաղաքական գործչի մակարդակ չէ, պրն. Սաֆարյան:

Դուք՝ բուրժիւալիբերալներ ու շուկայական հարաբերությունների ջատագովներդ, գռեհկացնելով հեղափոխական բառի  իմաստը, չակերտավորում ու վախեցնում եք հասարակայնությանը:

 Գիտական հեղափոխություն, հասարակական -տնտեսական հեղափոխություն, դպրոցական ծրագրերի հեղափոխություն և հազար  այլ տեսակի կարճ ժամանակում կատարվող կտրուկ  փոփոխությունները կոչվում են, տվյալ բնագավառում, հեղափոխություններ:

 Պրն. Սաֆարյան, լավ կլինի «հեղափոխական ու հեղափոխություն» հասկացողություններից խրտվիլակ չշինեք, մասսաներին վախեցնելու համր:

Հեղափոխությունը  «իրեն սուիցիդ անելով» չէ: Շանտաժով մի' զբաղվեք` անհարմար է...

Գրում եք.

«Հայաստանից դուրս ապրող «հեղափոխականների» մի բանակ է ձեւավորվել, որն արդեն Ստոկհոլմից կարող է սովորեցնել, թե ինչ պետք է անել...»                                                                                                               

Այստեղ դուք մասամբ ճիշտ եք: Լինելով Ստոքհոլմի Արքայական Տեխնոլոգիական Ինստիտուտի (The Royal Institute of Technology) դասախոս, հեղափոխություն եմ արել և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում (ՀՊՃՀ) միջհամալսարանական համագործակցությամբ հիմնադրել եմ  ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած՝  էլեկտրաբանեցումների կոմպյուտերային ավտոմատ կարգավորման լաբորատորիա, որտեղ ամեն օր տասնյակ ուսանողներ և արդյունաբերության մասնագետներ օգտվում են, և ես ամեն տարի, երկու անգամ, լինում այնտեղ դասախոսություններ կատարելու և իմ դասախոս կոլեգիաներին փոխանցելու այն նորը ,որ  ունեմ Ստոքհոլմի  The Royal Institute of Technology –ի համալսարանում: Կատարելով լուրջ հեղափոխություն, պարգևատրվել եմ ՀՊՃՀ –ի ոսկե մեդալով և «սփյուռքահայ լավագույն շրջանավարտի պատվոգրով:

 Դասախոսություն ՀՊՃՀ- ում

 Պրն. Սաֆարյան, ես Ձեզ սովորեցնելու բան  չունեմ,  և հայրենիքն էլ Ձերն է... Մենք « Հայաստանից դուրս ապրողներ» ենք...  Խնդրում եմ չակերտները բացես, ես վաստակավոր  հեղափոխական եմ,  Իրանի շահի ռեժիմի դեմ պայքարել եմ, և 17 տարի ազատ աքսորում եմ գտնվել , պայքարել եմ մինչև «չարի վեջը », մինչև շահի բռնակալ ռեժիմի տապալումը:  Հպարտ եմ, որ հեղափոխական եմ և մասնակցում եմ միջազգային բոլոր պրոգրեսիվ քաղաքակիրթ շարժումներին: Համոզված եմ ,ամենուր,  այդ թվում իմ հայրենիքում՝ Հայաստանում, մարդը , քաղաքացին հզոր և որոշիչ ուժ է: Թող անճար ,աջ լիբերալ կուսակցությունների ղեկավարները խեղճությունը իրենց մեջ փնտրեն: Ուշադիր եղեք Ձեր արաբական համեմատությունների մեջ: Կրկնում եմ, օրը ծանր է... Թող հողը թեթև լինի Վահե Ավետյանի գերեզմանի վրա:

 Դոկտ. Արամայիս Միրզախանյան, Սթոքհոլմ

Այս խորագրի վերջին նյութերը