Աշխարհ

29.06.2012 09:42


Իրանից Թուրքիա գազամատակարարումը դադարեցվել է գազատարի պայթյունի հետևանքով

Իրանից Թուրքիա գազամատակարարումը դադարեցվել է գազատարի պայթյունի հետևանքով

Թուրքիայի արևելքում գազատարի հզոր պայթյունի հետևանքով դադարեցվել է իրանական գազի մատակարարումը այդ երկրին։ Այս մասին հայտնում է «France 24»-ը` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարության աղբյուրներին:

Պայթյունը տեղի է ունեցել խողովակաշարի` Աղրը նահանգով անցնող հատվածում: Գազատարի վթարային հատվածում աշխատում են վերականգնողական խմբեր, ինչպես նաև քննիչներ:

Ոստիկանությունը դեռ ձեռնպահ է մնում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ներկայացուցիչների հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, սակայն չի բացառում նման տարբերակը: Իսկ ՔԱԿ-ի ներկայացուցիչները չեն ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

Նշենք, որ գազատարով Իրանից Թուրքիա օրական մատակարարվում է 27 մլն խմ բնական գազ: Հաղորդվում է, որ վթարավերականգնողական աշխատանքները կտևեն նվազագույնը 4 օր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական գազի մատակարարման դադարեցման մասին հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ով, սակայն, չէր մանրամասնել, թե որն է պատճառը։ Եղան ենթադրություններ, թե Իրանը նպատակային կերպով է դադարեցրել գազի մատակարարումը՝ ի աջակցություն Սիրիայի, ում հետ Թուրքիան վերջերս ծայրահեղ վատ հարաբերությունների մեջ է։

Այս խորագրի վերջին նյութերը