Կարծիք

21.06.2012 18:18


Տիգրան Սարգսյանի հունիսյան թեզերը

Տիգրան Սարգսյանի  հունիսյան թեզերը

Նոր կառավարության առաջին նիստին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կառավարության կազմում հեղափոխական փոփոխություններ չենք արել, ինչը պայմանավորված է բարեփոխումների թափը չկոտրելու նկատառումներով, բայց սա չի նշանակում, որ հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու կառավարությունից: «Հեղափոխական արդյունքներ» արտահայտությունը առաջացնում է որոշակի մտահոգություն և տարակուսանք, քանզի մեր իշխանավորները միշտ գործում են «օրուելյան երկիմաստության» հայեցակարգի սահմաններում:

Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը միշտ էլ հավակնել են հեղափոխական գործընթացների, որոնք կհանգեցնեին կենտրոնացված քաղաքական համակարգի ձևավորման: Քաղաքական ու տնտեսական դաշտում, ինչպես նաև բանակի ու ոստիկանության շրջանակներում տեղի ունեցող վերջին իրադարձությունները արդեն իսկ փաստում են նշված գերկենտրոնացված համակարգի կազմավորմանն ուղղված սկզբնական քայլերի իրականացման մասին: Սակայն այդպիսի բարեփոխումները կլեպտոկրատիայի  պայմաններում միշտ բերում են քաղաքական հետապնդումների ուժեղացմանն ու օրենքների կոշտացմանը գերազանցապես հասարակ քաղաքացիների նկատմամբ: Այդպիսով հեղափոխական արդյունքները կարող են նպաստել միայն Սերժ Սարգսյանի բռնապետական նախապատվությունների ամրապնդմանը:

Ինչ վերաբերում է մեր անփոխարինելի վարչապետի կողմից հնչեցրած կառավարության ծրագրի 3 գերակայություններին, որոնք են` 1. տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման, 2. մարդկային կապիտալի զարգացում, 3. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, ապա դրանք առնվազն ծիծաղելի են:

Բոլոր այն երևույթները, որոնց դեմ կառավարությունը մտադիր է պայքարել, ըստ ծրագրի, վերացական մակարդակով կբավարարեն, երևի թե, ցանկացած երկրի, բայց ահա գործնականում դրանք ընդհանրապես նպատակաուղղված չեն Հայաստանի իրական խնդիրների լուծմանը: Ըստ էության, կառավարությունը լծվել է պայքարել մի բանի դեմ, ինչն ինքն է ստեղծել անցյալ տարիների ընթացքում:

Առաջին կետի իրականացման հնարավորությունների մասին կարելի է դատել փոքր և միջին բիզնեսի ծանր վիճակից, որի մնացորդները «իներտ» պայմանավորվածությամբ շարունակում են ոչնչանալ, չնայած իշխանությունների «հետ ֆռալու» փորձերին: Իսկ մարդկային կապիտալը արդեն վաղուց համալրում է Հայաստանից դուրս գործող «Հայկական աշխարհը»: Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասին խոսելն անգամ ավելորդ է։

Այսօրվա կառավարությունը և ամբողջ իշխանական համակարգը ավելի հարմար է բնութագրել որպես «լճացած», «իներտ» կամ «կանգնած», բայց ոչ թե «արդյունավետ» կամ նույնիսկ «կայուն»:

Անարդյունավետ քաղաքական համակարգը վերջ ի վերջո կփլուզվի, սակայն բոլոր գիտակից քաղաքացիները պետք է հասկանան, որ ճիշտ և խորը մտածված հայեցակարգային գործողությունների բացակայության պարագայում այդ համակարգի փլուզումը կարող է ունենալ ողբերգական  հետևանքներ:

Այսպիսով կառավարության և իշխանությունների գործելաոճը շարունակում է մնալ հակասական և լճացած, ինչը խոսում է իշխանավորների խոր հոգեվարքի մասին: Եթե այսպես շարունակվի, ապա նախագահական ընտրությունների ժամանակ Ս. Սարգսյանի կարգախոսը կհամատասխանի Ջորջ Օրուելի հայտնի բանաձևին` «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը` ստրկություն, չիմացությունը կամ անգրագիտությունը՝ ուժ»:

Նորայր Դունամալյան

Այս խորագրի վերջին նյութերը