Կարծիք

14.06.2012 17:25


Ներքին Կարմրաղբյուր: Չինարի: Մովսես: Սահմանամերձ կյանք

Ներքին Կարմրաղբյուր: Չինարի: Մովսես: Սահմանամերձ կյանք

Ներքին Կարմրաղբյուր

”Մենք սահմանամերձ չենք, մենք սահմանապահ ենք”, ասում է Կարմրաղբյուրի մտավորականը` հայոց լեզվի ուսուցիչը:

Երբ տեսախցիկով լրագրողը բացեց մանկապարտեզի դուռը, երեք տարեկան տղան սոսկալի ծղրտոց արձակեց . "Մի կրակի, էլի"………… Լրագրողի ուսին դրած սև տեսախցիկը երեխան հրացանի տեղ էր դրել……բոլոր ներկաները, նույնիսկ նրանք, որ պատերազմ էին անցել` շփոթվել էին ու չէին կարողանում թաքցնել: Սա հենց սարսափն է: Սարսափի հետևանքը: Սարսափը ծղրտոցի տեսքով` իբր անպատերազմ կյանքում:

Ներքին Կարմրաղբյուրը դատարկվում է, շատ հասարակ պատճառով` մարդիկ ուզում են ապրել: Նույնիսկ բոլորովին ոչ այնպես, ինչպես նրանք, ովքեր որոշում են սահմանամերձերի փոխարեն` նրանց կյանքի տեսակը, այլ շատ ավելի պարզ ապրել, բայց` ապրել: Օրինակ, հարցին` ինչո՞վ օգնենք, մի կին պատասխանեց ”օգնի տանս մեջ գիշերը հանգիստ քնեմ, կարա՞ս”: Ավելի պարզ ցանկություն երևի չի լինում: Ուզում են աշխատել, սնվել, հագնվել: Ամառային անթալիաների ու իսպանիաների մասին իրենք չեն երազում: Ուզում են ապրել:

Ներքին Կարմրաղբյուրը վերջին անգամ գնդակոծվել էր երեք օր առաջ: Գյուղն ունի ընդամենը 125 աշակերտ: Տղամադիկ ծառայում են, զինվորական են, մնացածը չեն աշխատում, շատերը դուրս են եկել գյուղից:

Գյուղն ունի տարբեր մարդիկ և անպայման բանասիրական կրթությամբ հայերենի ուսուցիչ, որն իր մտավորականի կեցվածքով հասցրել է գյուղում չսիրվել: Բացառիկ մաքուր ու գեղեցիկ հայերենով խոսող այս կինը ասում էր նախադասություններ, որոնցից ամեն մեկը հոդվածի վերնագիր էր, բայց հոդվածը չէր արդեն խնդիրը, որովհետև ամեն ինչ ծայրահեղ իրական էր: Ուսուցչուհին ասում է. ”Սիրելիս, սահմանը միայն կրակելուց չեն հիշում”, հետո ասում է. ”Սահմանը պահելու համար կուսակցական կոնկուրենցիա չպիտի լինի”, ասում է. ”Մեր գյուղի ամեն վախից կակազող երեխա հերոս է ու պետք է պարգևատրվի մարտական խաչով”, ”Մահվան դատապարտվածին ասում են` ասա վերջին ցանկությունդ, ասում է` գարեջուր եմ ուզում: Գարեջուրը բերում են, սա սկսում է փչել վրայի փրփուրը, ասում են` ինչու ես փչում, պատասխանում է `առողջությանը վնաս է: Մենք նման ենք էդ մարդուն: Մեզ համար ոչինչ իմաստ չունի, քանի դեռ ապրում ենք մեռնելու վտանգի մեջ”:

Խանութի վաճառողուհուն ասում եմ, եթե տուն տան, կգնա՞ս Կաթնաղբյուրից, ասում է` ”Քույրիկ ջան, իմ թայ աղջիկ ես, ես էս տարի առաջին անգամ եմ դիվան կռեսլո առել, թողեմ գնա՞մ, մի ամիս ա, որ վրեն նստում եմ”: Ասում եմ, բայց դրանք կարող ես տանել հետդ. պատասխանում է`”սիպտըկցրած պատերս էլ դեմ տանի՞լ”……Հետո ինձ հասակակից Նարգիզը պատմում էր , որ երեխաները որ քնում են, վերմակը բարձրացնում է ու ծածկում գլուխները, որ կրակոցի ձայները չլսեն,,, ու չեն լսում: Նա գոհ է սեփական հնարամտությունից: Իսկ ցերեկը, ասում է, բարձրացնում եմ հեռուստացույցի ձայնը: Նարգիզը չգիտի, որ ՀՀ նախագահը մայիսի 4-ին, մայրաքաղաքի մտավորականության հետ հանդիպելիս “Մոսկվա” կինոթատրոնում ասել է բառացիորեն հետևյալը. ”Ես մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ խոսում են լեռնային գյուղերի մասին. խոսում են դատարկվող գյուղերի մասին: Չգիտեմ, էդ պրոբլեմն ինչքան է ակտուալ, որովհետև մարդն ապրելուց /ապրելիս-Լ.Հ/ լինի գյուղում թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, հարմարավետ պայմաններ: Եվ եթե այսօր հարթավայրում կամ մոտիկությամբ /մոտակայքում-Լ.Հ/ կա մի գյուղ, որտեղ ապրում է 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով, գազաֆիկացված է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգվել է, մանկապարտեզ կա` ես կնախընտրեի, որ 7 կմ վերև ապրող 10 -12 ընտանիքը իջներ այդտեղ, այդ գյուղում ապրեր, մինչև ձեռներս կհասնի այն վերևի գյուղն էլ գազ քաշենք կամ դպրոց կառուցենք: Պրոբլոմներն այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռ շատ վաղ է: Այսինքն, եթե Երևանի գյուղը չի ջեռուցվում , մենք ինչ հնարավորություն ունենք` գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք ապրենք: Մենք պըտի կենսական պրոբլեմների մասին մտածենք առաջին հերթին”: Այս նախագահը պատերազմ է տեսել: Այս նախագահին վստահված են երկրի ճակատագիրը, սահմանները, մարդիկ:

Մտնում եմ Կարմրաղբյուրի խանութ: Անկեղծ հարցնում եմ. ”եթե ամեն ինչ էնպես է, ինչպես նկարագրում եք, մարդիկ ինչո՞վ են առևտուր անում”: Նարգիզը ցույց է տալիս պարտքերի տետրը: Ընդհանուր տետրի առաջին էջի վրա գլխատառերով գրված է. ”վաեննիք”, ասել է թե` զինվորականները: Զինվորականների պարտքերն են: Վաճառողուհին նրանց փոխարեն արդարանում է. ”մինակ ուտելիք ըն տանըմ`ոչ կոշիկ, ոչ շոր”: Փաստորեն, սահմանին կանգնած պայմանագրային ծառայողը խանութից առևտուր է անում պարտքով, տարածն էլ` միայն ուտելու բան….

Ինչ լավ է, որ գոնե չեն տեսնում գեներալների ամառանոցները:

Իսկ խանութի տերը վաճառողուհուն խնդրում է. ”քեզ մատաղ, հինչ ուզում ես արա, ղաչանք արա, թող պարտքերս տան, աղջիկ եմ պսակում, փող ա հարկավոր”: Այ էսպիսի սահմանամերձ հարաբերություններ: Իսկ մահը պտտվում է շուրջը, իսկ մահը չի նահանջում, իսկ ապրելու պայմաններ չկան…

Գյուղամիջում կանգնած խոսում ենք ու կանանցից մեկը ասում է “երեք օր առաջ հենց էս ժամին, այ որտեղ հիմա կանգնած ես` կրակում էին, ”գյուլլան ընգավ ստեղ”: Սա արդեն շոշափելի վախ էր: Ամոթ էր ցույց տալ, որ մի քանի ժամով եկածիս համար թշնամու “գյուլլան” սարսափելի է, երբ իրենք գիշերը մահը գրկած են քնում: Բայց կարմրաղբյուրցի հասակակիցս հումոր արեց. ”վախիլ մի, թուրքերը եկածներին խփում չեն”: Այ քեզ բան…….. էլի մահվան շուրջ հումոր, ինչպես քսան տարի առաջ:

Մովսես

Մովսեսում ավելի տխուր էր, մի տեսակ ավելի անտրամադիր, թե` ավելի հուսահատ: Գյուղապետը սիրտ չուներ առանձնապես երկար բարակ զրույցների, ինքը մտահոգ էր, լուրջ, հասկացող: Ինքը գիտեր գյուղի փրկության ճանապարհը, բայց իր ձայնը լսող չկա: Գյուղապետը ասում է, Մովսեսից հեռացած ունևոր նախկին բնակիչներին համոզում է վճարել հարկերը, մանավանդ որ իրենց համար դա խնդիր չէ, կամ` հանձնել հողը, ոչ էն են անում ,ոչ `էն: Գյուղապետն ասում է, հարևան ադրբեջանական գյուղերը, որոնք իրարից ահագին հեռու էին, հիմա էնքան են բարգավաճել, բնակինչները քառապատկվել են, ու երկու գյուղերը համարյա միացել են իրար: Գյուղապետն ասում է, Ադրբեջանը միջոց չի խնայում սահմանամերձ գյուղերի համար: Գազաֆիկացված են ու գազն անվճար է, ոռոգման ջրերի համար դիզելային շարժիչներ են դրել ու ոռոգման ջրեր ունեն միշտ ու անվճար, այն դեպքում, երբ խորհրդային ժամանակ ջուր չեն ունեցել:

Ի պատասխան գյուղապետի` ՀՀ նախագահին ուղղված նամակի, նրան պատասխանել էին. ”Ի պատասխան ՀՀ նախագահին Ձեր գրության` հացահատիկահվաք կոմբայնի խնդրանքով, հայտնում եմ. ՀՀ Գյուղնախարարության 23.05.2012թ. վկ172624-12գրությամբ տեղեկացվել է, որ ներկայումս ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում հանրապետություն հացահատիկահավաք կոմբայններ ներկրելու ուղղությամբ”: Այսքանը: Սա է սահմանամերձ գյուղի հույսը`համար 172624-12 գրությունը:

Մովսես գյուղն ունեցել է 1090 աշակերտ, հիմա 160 աշակերտ կա Մովսեսում: 3000 բնակչից մնացել է 1300 բնակիչ: Չէ, միգրացիա իհարկե չկա`բնավ….բայցևայնպես…

Բոլոր երեք գյուղերում խոսում էին Բաբայան ազգանունով մեկի մասին: Հարցրեցի` ով է, պարզվեց այդ մարդն ամեն տեղ մեզ հետ է եղել, բայց լուռ: Խոսում էին, որ անփոխարինելի հետախույզ է եղել պատերազմի ժամանակ, որ բոլոր ադրբեջանցիները նրա մասին գիտեն, բայց միայն լսելով: Մովսեսի գյուղապետն էլ ասում էր, Բաբայանի նման մադուն հերոսի կոչում է պետք տալ, իսկ ինքը հող է մշակում: Խոսում էին, որ Զինված ուժերից դուրս է եկել կամավոր, ինչ որ խնդիր է ունեցել: Մոտեցա, հարցնում եմ, ասում է` ես ոչ մի խնդիր չեմ ունեցել, խոսում է ցածրաձայն, ամաչելով, որ իր մասին առհասարակ խոսվում է: Հարցնում եմ, բա ինչի են ասում, թե գնահատված չեք. ասում է . ”Ես գնահատված եմ, ինձ պարգևատրել են, մեդալներ ունեմ, ես գոհ եմ, ինձ համար հող եմ մշակում: Ասում եմ, Դուք գնդապետ եք, ասում է`չէ, մայոր եմ, ու համեստ - համեստ, ոչ թե վախենում է խոսել, այլ չի դժգոհում, ինքը էդ ձորերի ամենաանվախն է ու գլուխ չի գովում, թե քանիսին է սպանել, ոնց է արել ու չի ստիպում լսել սեփական փառքի հեռարձակումը:

Մովսեսում ամպեր էին հավաքվել, մարդ չկար, ձայն չկար, սիրուն երեխաներ կային`սահմանապահ, կակազող երեխաներ…

Չինարի

“Չինարին” 5 ժամ անընդհատ գնդակոծվել էր: Մարդիկ լարված էին, զգոն էին, բայց էլի հումոր կար, էլի ձգված ներվի հաշվին ստեղծված հումոր կար:

Հավաքվել էինք գյուղի“ПРОМТОВАРЫ” ցուցանակով խանութի մոտ: Մի քանի օր առաջ 150 000 դրամ հարկերի կանխավճար էին պահանջել խանութից` պատճառաբանելով, որ բյուջեն ճեղքվածք ունի: Հասկանում եք, չէ՞: Սա համարյա դիակապտություն է: Սահմանին, հակառակորդի դիրքերի դիմաց ծվարած այս գյուղի խանութից, որի ցուցանակից միայն “Հանդիպման վայրը փոխել չի կարելի” ֆիլմում կա, ժանգոտած տառերով, խեղճուկրակ մի խանութից`գալիս են ու մեզ “անհասկանալի է թե ինչպես” ճեղքվածք տված բյուջեի համար 150 000 դրամ են պահանջում:

Գյուղապետ Սամվել Սաղոյանը կռված ու մի ձեռքը վնասված մարդ է, անիմաստ նախադասություններ չր հանդուրժում, խոսում էր ստույգ, ուներ ճշգրիտ պահանջներ ու պատկերացումներ: Ասում էր գալու եմ Երևան, Ազգային ժողովում ելույթ ունենամ ամբիոնից, ասեմ կետերով` ինչ անել: Կենսագրություն ունեցող այս ստույգ տղամարդն ասում է, մինչև հիմա տաշտակի մեջ ենք լողանում, կինս ջուրը լցնում է` ես լողանում եմ:

Մտածեցի, որ օլիգարխիկ հարյուր սաունաների ու բաղնիքների փոխարեն “Չինարին“ կպահվեր, մի քանի ռեստորանով կպահվեր` ”Մովսեսն” ու “Կարմրաղբյուրը”:

Սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Չինարին ունեցել է 1860 բնակիչ, մնացել է հազարը: Սահմանամերձ գյուղերի մնացած բնակիչները ուզում են դուրս գալ: Երեխաները նյարդային և այլ խանգարումներ են ունենում: Գյուղերը քաղցած են, վատ հագնված, կենցաղը` նախորդ դարի մակարդակի: Սահմանամերձ գյուղը երկրի մուտքն է: Հայրենիքը, երկրի հզորներ, սկսվում է ոչ թե Արգավանդի ճանապարհի “Դոստոևսկի”, ”Բալզակ”, ”Լիաննա” խաղատներից, այլ սահմանամերձ գյուղերից: Եթե նրանք նահանջեն` կմոտենա ձեր սահմանամերձ լինելու օրը: Սահմանամերձ “Այգեձոր” գյուղում գյուղացիների պատմելով, ընտրություններից առաջ խոստացել էին գազ, 33 մլն փոխհատուցում, կոմբայն` հանրապետականին տրված 800 ձայնի դիմաց: Սա է հայրենասիրությունը իրական`առանց շպարի, առանց փողկապների, առանց փայլի:

Իսկ “Չինարիի”գյուղապետը կոնկրետ պահանջներ ունի.

Սահմանամերձ գյուղերը պետք է արտոնյալ լինեն, սահմանամերձ գյուղի բնակչից ոչ թե հարկ է պետք պահանջել, այլ վճարել նրան սահմանամերձ գյուղում ապրելու համար: Պահածոների գործարան է պետք, որ իր հավաքած բերքը կիսափչացած չհասցնի Երևան ու վաճառի էժան գնով: Ջուրը պետք է օգտագործվի անվճար, գազի համար սահմանամերձ գյուղի բնակիչը չպետք է վճարի:

Սա կլինի հոգ տանել բանակի, երկրի, սահմանների մասին: Այ դրանից հետո կարելի է ռազմահայրենասիրական ֆիլմեր նկարել, գովազդել, հետո բանակի մասին ձոն գրել, նշել տոնը:

Բարձրաձայն հայրենասերներ, ինքնահոս ջուրը ադրբեջանցիներն օգտագործում են անվճար, նրանց համար պայմաններ են ստեղծված, իսկ հայերը չեն օգտվում իրենց գյուղով անցնող ինքնահոս ջրից` օգտագործման պայմանները դժվար են: Ավելի կոնկրետ փաստ չի լինում, ավելի կոնկրետ ապուշություն չի լինում, ավելի փաստարկված փաստ չկա, բարձրախոս հայրենասերներ:

Բայց հավանաբար կռված գյուղապետն էլ տեղյակ չէր պրն նախագահի մտքերին, համաձայն որի ասենք “Չինարին”, ”Մովսեսը”, ”Ներքին Կարմրաղբյուրը”, մյուս սահմանմերձ գյուղերը պետք է իջնեն ներքև`ավելի ապահով գյուղեր, մինչև “նրանց ձեռքները կհասնի” սահմանմերձներին:

Իսկ “Չինարիի” գյուղապետը պատրաստվում է գալ, Ազգային ժողովում ելույթ ունենալ իրական հայրենասիրության մասին: Ու նրան ուշադիր կլսի 800 ձայնի դիմաց կոմբայն ու գազ առաջարկող հանրապետական մեծամասնությունը: Եվ վստահ եմ` նույնիսկ հրապարակայնորեն հավանություն կտա:

Եթե սահմանամերձ գյուղը չես պահում` հաջորդն է դառնում սահմանամերձ:

Ու մի օր Արգավանդի “Դոստոևսկի”, ”Բալզակ”, ”Լիաննա” խաղատները կդառնան սահմանամերձ օբյեկտներ: Սահմանն ընդհուպ կմոտենա…

Լուսինե Հովհաննիսյան

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը