Կարծիք

16.05.2012 09:33


Եգիպտահայերը՝ փոքրաթիվ, սակայն վճռական...

Եգիպտահայերը՝ փոքրաթիվ, սակայն վճռական...

Հենց նոր եմ վերադարձել Եգիպտոսում անցկացրած անմոռանալի ճանապարհորդությունից: Առաջնորդ հայրը` ի դեմս Թեմական խորհրդի, ինձ հրավիրել էր ելույթ ունենալու որպես գլխավոր բանախոս Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հուշատոնին: Որոշ մտավախությամբ ընդունեցի Եգիպտոս ուղևորվելու այդ հրավերը` նկատի ունենալով խառնաշփոթ իրավիճակը նախագահ Հոսնի Մուբարաքի 30 տարվա բռնապետական իշխանությունը տապալվելուց հետո:

 Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը ինձ վստահեցրեց, որ երկրում խաղաղ մթնոլորտ է և որ համայնքն անհամբեր սպասում է իմ այցին, քանի որ նրանք հետևում են տեղի հայկական թերթերում հրատարակվող իմ հոդվածներին: 

 Կահիրե ժամանելուն պես այցելեցի Առաջնորդարան և Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպեցի մի ծանոթ դեմքի՝ դեսպան Արմեն Մելքոնյանին՝ իմ վաղեմի ընկերը, ով տասնամյակ առաջ Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր Լոս Անջելոսում: Նեղոս գետի վրա գտնվող նավ ռեստորանում Առաջնորդի և Դեսպանի հետ հաճելի ճաշից հետո երեկոս անցկացրեցի Կահիրեի մի հսկայական առևտրի կենտրոնում` նոր շորեր գնելով, քանի որ British Airways ավիաուղին կորցրել էր ճամպրուկս: Մերժեցի գնել ինձ առաջարկված այն շորերը, որոնք կրում էին «արտադրված է Թուրքիայում» պիտակը:

Կահիրեն խիտ բնակեցված քաղաք է, որն ունի 17 մլն բնակչություն: Փոքր տարածություն ճամփորդելու համար պահանջվում է ավելի քան մեկ ժամ: Ճանապարհային լուսաֆորների մեծ մասը չի աշխատում, և փողոցներում չկան ոստիկաններ: Կահիրեի ամենացնցող վայրը «Մեռյալների քաղաքն է». գերեզմանատուն, որտեղ տասնյակ հազարավոր ողջ  մարդիկ ապրում են գերեզմանների միջև: Զարմանալիորեն գերեզմանների վրա տեղադրվել են արբանյակային ափսեներ: Գերեզմանատան այդ թշվառ բնակիչները ինչպե՞ս են կարողանում վճարել արբանյակային հեռուստացույցի ծախսը:

     Ապրիլի 28-ի երեկոյան ելույթ ունեցա Կահիրեում Հայոց ցեղասպանության հուշատոնին «Ցեղասպանության ճանաչում, թե՞ արդարության հետապնդում» թեմայով: Հաջորդ օրն ուղևորվեցի դեպի պատմական Ալեքսանդրիա քաղաքը, որտեղ հայկական համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը հանդես եկա նմանատիպ ելույթով:

Վերադառնալով Կահիրե` մայիսի 2-ին մասնակցեցի «ժողովրդային հանդիպում-զրույցի», որի ընթացքում համայնքի անդամներն ինձ ուղղեցին իրենց հարցերն այժմեական հայկական խնդիրների վերաբերյալ: Զարմանալի չէ, որ այն անխուսափելի հարցը, որը գրեթե միշտ ինձ հարցնում են իմ բոլոր ելույթների ընթացքում, նաև բարձրացվեց Կահիրեում և Ալեքսանդրիայում. «Արդյոք հայերը զրկվո՞ւմ են ցեղասպանության փոխհատուցումը պահանջելու իրենց իրավունքից 100 տարի հետո»: Պատասխանս միանշանակ ՈՉ էր… Համաձայն միջազգային օրենքի՝ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չի ճանաչում:

   Ճանապարհորդությանս ամենահիշարժան պահերից մեկը Կահիրեում շնորհանդեսն էր իմ գրքի արաբերեն տպագրության, որը նախօրոք հրատարակվել էր Բեյրութում` «Հայոց ցեղասպանություն. աշխարհը բարձրաձայնում է. 1915-2005, Փաստաթղթեր և Հռչակագրեր» վերնագրով: Գրքի հրատարակման կապակցությամբ կազմակերպված հյուրասիրությունը տեղի ունեցավ Հայաստանի դեսպանատանը, այլ դեսպանատների և եգիպտական լրատվամիջոցների ներկայացուցիչների,  համալսարանների դասախոսների, հայկական համայնքի ղեկավարների  և կղերականների ներկայությամբ: Իրենց հակիրճ խոսքն ասացին դեսպան Մելքոնյանն ու պրոֆեսոր Մոհամմադ Ռիֆաաթ ալ Իմամը , որ գրել էր գրքի նախաբանը, որին հաջորդեց իմ եզրափակող ելույթը: Կահիրեում գտնվելու ժամանակ բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, որոնք արաբերեն, անգլերեն և հայերեն լեզուներով հրատարակվել են տեղական թերթերում:     

 Պատիվ ունեցա այցելել Հուսաբեր և Արև թերթերի իմ գործընկերներին: Ես նաև հուզիչ այց ունեցա Գալուստյան ազգային վարժարան, որն ուսանողների սակավաթվության պատճառով մի քանի օրից պատրաստվում էր փակել իր դռները 150 տարի համայնքի կրթական պահանջներին ծառայելուց հետո: Գալուստյանը կմիավորվի Կահիրեի Նուբարյան վարժարանի հետ:     

 Հայկական համայնքն ապահով է Եգիպտոսում, սակայն պայքարում է հաղթահարել երկրում տիրող անիշխանությանը, որն աստիճանաբար ձևափոխվում է զինվորականից դեպի քաղաքացիական վարչակարգ: Նորակազմ խորհրդարանը, որտեղ գերակշռում են մուսուլմանական եղբայրությունն ու սալաֆիստները, հնարավոր է ցրվի և փոխարինվի ավելի ներկայացուցչական մարմնով: Այս ամսվա վերջերին  եգիպտացիները հնարավորություն ունեն ընտրել երկրի նախագահին, ով կկարողանա համարձակ նախաձեռնություններ ձեռնարկել բուժելու հին և փառավոր երկրի բազմաթիվ ախտերը:       

 Վերջին տասնամյակներին հայերի մի հոծ զանգված լքեց Եգիպտոսը Միացյալ Նահանգների, Կանադայի և Ավստրալիայի ավելի հանգիստ ափերում բնակվելու համար:  Մինչդեռ նրանք, ովքեր շարունակում են ապրել երկրում, ամեն ինչ անում են պահպանելու իրենց լեզուն, կրոնը և ազգային ավանդույթները: Բարեբախտաբար տեղի հայկական կազմակերպությունները օգտվում են ընդարձակ հողատարածքների շահույթներից, որոնք տասնամյակներ առաջ իրենց ժառանգություն են թողել հայ հարուստ գործարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: 

 Հայաստանի կառավարության և սփյուռքահայության պարտականությունն է օգնության ձեռք մեկնել Կահիրեում և Ալեքսանդրիայում բնակվող իրենց հայրենակիցներին և թույլ չտալ, որ այս երբեմնի կենսունակ համայնքները վերածվեն ռեսուրսներով լի, սակայն ամայացած քաղաքների, որոնցից միայն մի քանիսը կօգտվեն:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կ.Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը