Կարծիք

03.05.2012 09:45


Մեր ծրագիրը հաշվարկված է ամենայն մանրամասնությամբ

Մեր ծրագիրը հաշվարկված է ամենայն մանրամասնությամբ

2012թ. մայիսի 2-ին Ազատության հրապարակում ՀՅԴ կազմակերպած հանրահավաքում Արծվիկ Մինասյանի ելույթը

Հայրենակիցներ,

Ավարտվում է 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավը:

Կարող ենք արձանագրել, որ ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը այդպես էլ չունեցավ հավասարազոր մրցակից:

Կառուցված լինելով 4 հենասյունների վրա, մեր ծրագրի իրագործումը կապահովի արդար և բարեկեցիկ պետության կայացում:

Ես կանդրադառնամ միայն սոցիալական և տնտեսական արդարության հաստատման մեր մոտեցումներին, որոնք այդպես էլ ոչ ոք չկարողացավ վիճարկել:

Երկրում հուսալի սոցիալ-տնտեսական համակարգի ձևավորումը նշանակում է բնակչության բոլոր շերտերի համար ստեղծել ապրելու և զարգանալու լիարժեք պայմաններ:

Ծրագրի կենտրոնում մարդու արժանապատվությունն ու հայոց պետականությունն են, որոնք մեզ համար բարձրագույն արժեք են: Սա նշանակում է, որ ծրագիրը վերաբերում է ընտանիքին, մանկանը, պատանուն, երիտասարդին, ուսանողին, մանկավարժին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, պետական, զինվորական, ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայողին, մտավորականին, գիտնականին, թոշակառուին, գործազուրկին, հաշմանդամին, առանց ծնողական խնամքի մնացած երեխային, բռնադատվածին, խաբված ավնդատուին ու սեփականազրկված մարդուն:

Մեզ համար սոցիալ-տնտեսական հիմնական նպատակներ են համարվում չքավորության վերացումը, միջին խավի ձևավորումը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, արդար և մրցակցային տնտեսական կարգի հաստատումը, անաչառ դատական համակարգի ձևավորումը, արտագաղթի կասեցումը, բնակչության վստահության վերականգնումը երկրի ապագայի ու հանրային իշխանության նկատմամբ:

Սա նշանակում է, որ Դաշնակցության հաղթանակի դեպքում,

  1. Պետությանը պասսիվ  բարեփոխիչից վերածելու ենք երկրի կայուն զարգացման մասնակցի և պատասխանատուի,
  2. Գործադրելու ենք արտահանման ընդլայնման, փոքր ու միջին բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության աջակցության հարկաբյուջետային, դրամավարկային և պետական ակտիվ սուբսիդավորման քաղաքականություն,
  3. Կրկնապատկելու ենք երկրի տնտեսական արդյունքը, եռապատկելու ենք պետական բյուջեն, թեթև, քիմիական, մեքենաշինական, հանքային արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, շինարարությունում, բարձրարժեք ծառայությունների և փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում` նորարության և բարձր տեխնոլոգիաների ակտիվ գործադրմամբ ստեղծելու ենք շուրջ 200 հազար նոր աշխատատեղ: Շուրջ 10,000 աշխատատեղ կստեղծվի սահմանափակ կարողություններով անձանց համար: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր աշխատունակ մարդ կունենա աշխատանքի հնարավորություն:
  4. Աղքատության շեմ առկա 33500 դրամի փոխարեն կճանաչենք կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, որը ներկա հաշվարկներով` 63000 դրամ է,
  5. Կընդունենք աշխատավարձերի սահմանման միասնական ռազմավարություն, ինչը կապահովի աշխատանքի արտադրողականության աճ և միջին աշխատավարձերի տարբերակում: Կնվազեցնենք եկամուտների և կենսամակարդակի տարբերությունը հասարակության աղքատ և հարուստ խավերի միջև: Կհաստատենք կապ կրթության և աշխատաշուկայի միջև,
  6. Արդեն 2013 թվականի հունվարի 1-ից կրկնապատկվի նվազագույն աշխատավարձը,  քաղաքացիական և պետական ծառայողների աշխատավարձի բազային դրույքաչափ կսահմանվի 76000 դրամ` ներկա 40000-ի փոխարեն,
  7. Կընդլայննենք և 5 անգամ կմեծացնենք հանրային ծառայության սոցիալական փաթեթը` ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին: Ազգային անվտանգության, պաշտպանության, ոստիկանության, առողջապահության համակարգերի աշխատակիցների միջին աշխատավարձը կկազմի երկրում առկա միջին աշխատավարձի քառապատիկից ոչ պակաս  կամ շուրջ 500.000 դրամ, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձը կկազմի միջինը 110 հազար դրամ: Արտոնություններ կտրամադրվեն մարզերում և հեռավոր բնակավայրերում աշխատող բուժանձնակազմի անդամներին,
  8. Կվերանայենք կենսաթոշակային բարեփոխումների համակարգը` կապահովենք արդարացի և սերունդների համարեշխությունը երաշխավորող կենսաթոշակների վճարում: Միջին աշխատանքային կենսաթոշակը առնվազը կկրկնապատկվի և կկազմի 63 հազար դրամից ոչ պակաս,
  9. Կընդունենք օրենք, որի համաձայն մինչև երկու տարեկան երեխա խնամող չաշխատող կանանց համար այդ ժամանակահատվածը կհամարվի աշխատանքային ընդհանուր ստաժ, 
  10. Յուրաքանչյուրին հասանելի կլինի որակյալ առողջապահությունը` մեկ անձի համար տարեկան առողջապահական ծախսը կհասցվի նվազագույնը 150.000  դրամի (այժմ չի գերազանցում 63.000 դրամը): Այսինքն, յուրաքանչյուր ոք իր առողջության պահպանման համար կունենա անհրաժեշտ ֆինանսավորումը:
  11. Յուրաքանչյուր տարի 5.000-6.000 երիտասարադ և կարիքավոր ընտանիքներ կապահովեն սոցիալական բնակարանով,
  12. Առաջիկա 5 տարիներին կզսպվեն գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման և խմելու ջրի սակագները,
  13. Յուրաքանչյուր երիտասարդ կկարողանա լիարժեք ինքնադրսևորվել, կունենա որակյալ կրթություն ստանալու, ստեղծագործելու, աշխատելու, բիզնեսով զբաղվելու երաշխավորված հնարավորություն: Ընդ որում, պարտադիր զինվորական ծառայությունն անցած երիտասարդներն ու երեխաներ ունեցող ուսանողները ամբողջությամբ կազատվեն ուսման վճարից:
  14. Կսահմանենք մինչև 7 տարեկան երեխաների ամենամսյա նպաստ` առաջին երեխայի դեպքում` 20.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում, 25.000 դրամ, երրորդ երեխայի դեպքում` 40.000 դրամ, չորրորդ, հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում` 60.000 դրամ: Հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիքներին ըստ անհրաժեշտության անհատույց կտրամադրվի բնակարան,
  15. Կներդրվի աշխատողների եւ սպառողների (հատկապես սննդամթերքի և վառելիքի որակի ապահովման հարցում) իրավունքների լիարժեք պաշտպանության ամբողջական համակարգ,
  16. Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության շնորհիվ Հայաստանի բնակչությունը տարեկան միջինը կաճի 50.000-ով,
  17. Կմեծացնենք ներդրումները  գիտության եւ  մշակույթի ոլորտներում: Մշակութային քաղաքականությունը կհամարվի երկրում իրականացվող բարեփոխումների, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նախապայման:

 

Մենք ձգտելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացմանը մասնակից դարձնել սփյուռքին:

Հայրենակիցներ

Սրանք մեր ծրագրի միայն մի մասն էին, որոնք մնացյալ ոլորտներում կատարվող փոփոխությունների հետ միասին ձևավորելու են Նոր Հայաստանը:

Մեր ծրագիրը հաշվարկված է ամենայն մանրամասնությամբ, կազմված է միջոցառումների ժամանակացույցով:

Այն իրականություն դարձնելու համար Դաշնակցությունը պետք է գա իշխանության, այլընտրանք չկա:

 

Այս խորագրի վերջին նյութերը