Կարծիք

18.04.2012 09:16


Ամոթը Գեղամյանի անամոթ գրչի տակ

Ամոթը Գեղամյանի անամոթ գրչի տակ

Մարդը որ երևակայությանը զոռ տա, կարող է շատ հեռուն գնալ: Հարցնում եք` որքա՞ն հեռու: Դե շատ էլի, օրինակ մինչև Վարդենիս: Հեռու չի՞: Իսկ մինչև Սյունի՞ք, մեր բլոգի ՀԱՅ-ի տուն: Չէ, մինչև Մարս: Լա՞վ է:  Իսկ հիմա պատկերացրեք, որ Արտաշես Գեղամյանն իր երևակայության ուժով Մարս մոլորակն անցել է ու ռեալ շանսեր ունի հաղթահարելու մեր արեգակնային համակարգության սահմանները: Այ սա երևակայություն է:

Ուրեմն, լսեք: Ըստ Արտաշես Գեղամյանի` այդ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանին ներդրել է ԲՀԿ-ի մեջ` երկրորդ համարի տակ, որպեսզի կռվացնի կոալիցիայի անդամներին և իր շեֆերին ցույց տա, որ ինքը շատ մեծ ազդեցություն ունի Հայաստանում և կարող է այդ կերպ ապակայունացնել նաև իրավիճակը տարածաշրջանում և մասնավորապես Իրանի շուրջը: Իսկ քանի որ Օսկանյանն էլ հայտնի է իր արևմտասիրությամբ, որեմն` վսյո, Ռոբերտ Քոչարյանը նրա միջոցավ Հայաստանի վեկտորն ուղղում է դեպի Եվրոպա և Ռուսաստանին դուրս մղում տարածաշրջանից ու սահմանափակում Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա` ընդհուպ մինչև նրա դուրսմղումը տարածաշրջանից:

Զգո՞ւմ եք մեծ վերլուծաբանի և ռուսական դեմոկրատիայի իսկական հոր անչափելի ռազմախը: Ես որ զգում եմ, եղբայր: Այս մարդն իր երևակայությամբ դեռ շատ հեռուն կկարողանա գնալ:

Եվ ուրեմն, մենք ԱՄ կուսակցության ղեկավարից առաջին անգամ լսեցինք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը տանում է դեպի ՆԱՏՕ և իր այդ ծրագիրն իրականացնելու համար, որպես առաջին և կարևոր քայլ` Վարդան Օսկանյանին ընդունել է տալիս ԲՀԿ: Եփած հավերը սեղանի վրայից հավաքեք, խնդրեմ, այլապես նրանց քրքիջն անտանելի է: Փաստորեն Ռոբերտ Քոչարյանն իր իշխանության տասը տարիները իզուր վատնելուց հետո, իր նոր կարգավիճակում է միայն ձեռնարկել Հայաստանի վեկտորները փոխելու գործընթացը: Սա լո՞ւրջ է: Տեսնես ո՞ր թփի տակ է կորել Գեղամյանի տրամաբանությունը:

Հավանաբար նա կցանկանար գրել նաև, որ այն տարիներին ինքն է ընդդիմացել Քոչարյանին նման որոշում կայացնելու հարցում: Բա ի՞նչ, մարդը հո պատահաբար չէ՞ր բրոնեժիլետ հագնում: Ափսոս որ չի գրել այդ մասին, այլապես շատ հետաքրքիր քերթվածք կստացվեր: Փոխարենը Գեղամյանը հրաշալի անցումներ է կատարել դեպի Եվրասիական միության մասին իր գիրքն ու այդ գիրքը հովանավորած մեծամեծներին, որոնց անբասիր ձևով հիշատակել է անուն-հայրանուն-ազգանուններով: Չարենցը կասեր` Ես եմ հիմա մի պոետ…

«В итоге», ինքն ու Սերժ Ազատի Սարգսյանը հիմա մի կերպ պահում են, որ Հայաստանի վեկտորը չփոխվի: Ահա, այսպիսի բաներ: Ոչ ոք չի կասկածում չէ՞, որ հոդված կոչվող այս ապուշությունը արդեն թարգմանվել ու դրվել է սիրելի Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևի և շատ սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի սեղանին: Թե ինչ բառերով են վերջիններս բնորոշել հոդվածագրին, չեմ կարող ասել, բայց որ մի կուշտ ծիծաղել են` վստահ եմ հարյուր տոկոսով:

Գեղամյանն իր այս տխուր հոդվածում բավականին ծանրացել է նաև ԲՀԿ վերջին շրջանի պահվածքների և Օսկանյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում հայտնվելու փաստի վրա: Հասկանալի է, այդ ամենն, ըստ Գեղամյանի, Քոչարյանի արածն է, բայց Գագիկ Ծառուկյանն ու խորհրդարանական կուսակցությունն են ափսոս և այլն և այլն: Կարելի է մտածել, որ այս մասին խոսում ու այս ամենը քննարկում է սեփական կուսակցության ճակատագրով ապրող մեկը, ում համար քաղաքականությունը բացարձակ արժեք է բարոյականության իմաստով: Ողջ երկիրն այսօր սգում է ՀՀԿ-ի վախճանը, որովհետև նրա ցուցակում Գեղամյանն է հայտնվել, իսկ նույն Գեղամյաննը ախուվախ է անում Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու համար: Ավելի ցանցառ անեկդոտ լսած կայի՞ք: Ես ձեզ մի ուրիշ անեկդոտ պատմեմ: Գեղամյանի` «ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ  ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է» թշվառագույն վերնագրով այս հոդվածը տեղադրված է հեղինակի բախտակից, ՀՀԿ ցուցակում նրանից ոչ շատ հեռու թառած, քաղաքական բարոյականության մարմնավորում հանդիսացող, հայ-թուրքական ֆուտբոլի գծով Հայաստանում միակ գիտությունների թեկնածու, Գեղամյանի հանգույն այս իշխանություններին քննադատած, բայց ի վերջո նրանց «գիրկն ընկած ու պրծած» (իր բառերն են, իր թերթից) Հայկ Բաբուխանյանի սայթում: Լա՞վն էր: բայց ո՞նց խնդաս, երբ այս գլուխգործոցը ձգտում ու հավակնում է միայն մեր ժողովրդի ամոթը լինելուն: Այո, ամոթը, որովհետև մեր նոր անկախությունն այսպես փալաս դարձնելն ամոթ է, շահարկման նյութ դարձնելը խայտառակություն է, երկրի ներկա և նախկին ղեկավարների քայլերը որպես Ռուսաստանի կամ Եվրոպայի տակ պառկելու փորձ ներկայացնելը ազգի ու ժողովրդի դեմ հանցագործություն է:

Կարծում եմ` Սերժ Սարգսյանը, եթե դեռևս չի սպառել այս խաժամուժից ազատվելու իր հնարավորությունները, պետք է շտապի ժամ առաջ ձերբազատվել իր կողքին նրանց ներկայությունից: Քանզի նրանք են արագացնում ու գեներացնում երկրի վերջնական բարոյալքումը բոլոր առումներով: Վաղը կարող է այլևս ուշ լինել, այնքան ուշ, որ հավատալու էլ ոչինչ չի մնա:

Էդիկ Անդրեասյան   

Այս խորագրի վերջին նյութերը