Կարծիք

11.04.2012 09:43


Թուրքիայի արտաքին գործերի նախարարը «մեղմ» հայերի փնտրտուքներում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը «մեղմ» հայերի փնտրտուքներում

Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝  Թուրքիայի «անընդհատ վազքի մեջ գտնվող մարդը», իր խիստ զբաղված օրակարգին ավելացրել է նոր պարտականություն. ճանապարհորդել աշխարհով մեկ՝ փորձելով հավաքագրել «տրամաբանական» հայերին։

 Դավութօղլուն ձեռնամուխ է եղել նման հուսահատ նախաձեռնությանը այն բանից հետո, երբ հայերին մասնատելու և նվաճելու, ինչպես նաև իրենց արդար դատի պայքարը թուլացնելուն ուղղված Թուրքիայի փորձերը ձախողվեցին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոստովանեց, որ իրեն այս հրատապ ջանքերին մղել է Հայոց ցեղասպանության մոտալուտ100–րդ տարելիցը, որը Դամոկլեան սուրի նման կախված է իր երկրի վրա։

 Թուրք–հայկական հաշտեցման հանձնաժողովի լուծարումից և աշխարհով մեկ «բարեկամ» հայեր փնտրելու անօգուտ փորձերի ձախողումից հետո, Անկարան ձեռք քաշեց սփյուռքից և իր ուշադրությունը սևեռեց դեպի «ավելի մեղմ թիրախ»՝ Հայաստանի կառավարությանը։

 Ի սկզբանե, Թուրքիան որոշ հաջողության հասավ, երբ երկու երկրները ստորագրեցին հայ–թուրքական արձանագրությունները՝ համատեղ սահմանները բացելու պատրվակով։ Այնուամենայնիվ, այս վերջին փորձը սեպ խրելու «մեղմ» հայ պաշտոնատարների և «անզիջող» սփյուռքահայերի միջև ևս ձախողության մատնվեց, երբ այդքան շատ գովազդված արձանագրությունները չվավերացվեցին։  

 Գիտակցելով, որ Թուրքիան ցեղասպանության հետ կապված հարցերը լուծելու համար ստիպված է գործ ունենալ ոչ թե պարզապես Հայաստանի, այլ նաև սփյուռքի հետ՝ Դավութօղլուն կրկին իր ուշադրությունը սևեռեց աշխարհասփյուռ հայկական համայնքների վրա։ 2010 թվականի մարտի 24–ին՝ «CNN–Turk»-ի հետ հարցազրույցի ժամանակ, նա հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները երկխոսություն կնախաձեռնեն «տրամաբանական» սփյուռքահայերի հետ։

 Իր այս հնարամտությունը գործադրելու համար՝ 2010 թվականի ապրիլին Դավութօղլուն Վաշինգտոնում հանդիպեց Միացյալ Նահանգներում և Կանադայում Թուրքիայի դեսպանների, ինչպես նաև Չիկագոյուն,  Հյուստոնում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում գլխավոր հյուպատոսների հետ։ Ըստ թուրքական «Today’s Zaman» թերթի՝ նախարարը հրահանգեց նրանց կապնվել այն հայերի հետ, ովքեր պատրաստ են մտնել երկխոսության մեջ և խուսափել «անզիջող խմբերից»։

 Մի քանի շաբաթ անց, Հուրիեթը հաղորդեց, որ արտաքին գործերի նախարարությունը մշակել է 10 կետից բաղկացած մի ծրագիր, ըստ որի թուրք դիվանագետներն աշխարհում պետք է՝

 1.    հրավիրեն և ներգրավեն տեղի հայերին թուրքական միջոցառումներին,

2.    մասնակցեն հայկական համայնքների կողմից կատարվող աշխատանքներին,

3.    կապնվեն այն հայերի հետ, ովքեր ֆինանսական շահ ունեն ցեղասպանության պահանջ ներկայացնելուց, ինչպես նաև Թուրքիայից վերջերս արտագաղթածների հետ և Թուրքիա հրավիրեն նրանց, ովքեր տարածում են հակաթուրքական հայտարարություններ,

4.    հաստատեն լավ հարաբերություններ հայ դիվանագետների հետ և մասնակցեն նրանց պաշտոնական միջոցառումներին,

5.    օգտվեն տեղի համայնքներում և համալսարանական միջոցառումներին խոսելու հնարավորություններից Հայոց ցեղասպանության պնդումների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնելու համար,

6.    կապ հաստատեն տեղի մտավորականների հետ՝ Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնելու համար,

7.    զարգացնեն կապերը Թուրքիայի հարևան երկրների դիվանագետների հետ և ծանոթացնեն նրանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը, 

8.    խրախուսեն «պատմաբանների համատեղ հանձնաժողովի» ստեղծումը,

9.    խթանեն հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը,

10. ընդգծեն, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի հայ–թուրքական հարաբերություններին։

 2011 թվականի դեկտեմբերին Թուրքիան հայտարարեց «սփյուռքի» վերանայված իր հայեցակարգը, որը ներառում էր Անատոլիայի բոլոր «հետնորդներին»՝ անկախ նրանց կրոնից կամ դավանանքից։ Դավութօղլուն հրահանգեց բոլոր թուրք դիվանագետներին «առերես» հանդիպումներ ունենալ այդ անձանց հետ, որպեսզի քննարկեն իրենց «համատեղ պատմությունը» և «Համաշխարհային առաջին պատերազմի շրջանի իրադարձությունների ընթացքում բոլոր օսմանյան ժողովրդի տառապանքը»։

 Գոհ չլինելով իր դիվանագետների աշխատանքից՝ Դավութօղլուն որոշեց անձամբ զբաղվել այս նոր նախաձեռնությամբ։ Անցյալ ամիս, նա մի քանի ժամ անցկացրեց Վաշինգտոնում առանձին հանդիպումներ ունենալով Լոս Անջելեսից մի քանի հայերի և ոչ հայերի հետ՝ քննարկելու համար «հայ–թուրքական հաշտեցման» հնարավորությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հրավիրեց իր հյուրերին այցելել Անկարա և իրենց հետ բերել այլ «ականավոր» հայերի։ Այդ ժամանակից ի վեր Դավութօղլուն այլ վայրերում ևս ունեցել է նման հանդիպումներ։

 Մինչ այդ, թուրքական նախաձեռնությամբ «Հայ–թուրքական հաշտեցման» հարցերով զբաղվող մի նոր խումբ կստեղծվի Վաշինգտոնում ապրիլի 12–ին։ «HasNa» խումբը հանդիպումներ կունենա Թուրքիայի կառավարության կողմից վարձված լոբբիստական ընկերության «Արնոլդ էնդ Փորթեր» գրասենյակներում։ Մասնակիցների շարքում կլինեն որոշ հայեր և թուրքեր, ԱՄՆ պետական պաշտոնատարներ, լրատմամիջոցների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականներ և այլոք։ 

 

Այն հայերը, ովքեր կներգրավվեն Թուրքիայի հավաքագրման պլաններում, հավանաբար ձգտում են համբավի կամ հարստության, կամ բարի մտադրություն ունեցող միամիտ լավատեսներ են։ Այնուամանայնիվ, անկախ նրանից, թե որոնք են վիճահարույց գործելակերպերում ներրգրավվելու նրանց դրդապատճառները, պետք է ուշադիր լինեն իրենց գործողությունների հետևանքների մասին՝

 1.    Երկխոսությունը հանուն երկխոսության կարող է ավելի շատ վնաս, քան թե օգուտ հասցնել հայկական հարցին։ Թուրքիայի կառավարությունը կօգտագործի այդ ջանքերը, որպեսզի ստեղծի թյուր տպավորություն, որ հայերն ու թուրքերը  հաշտեցման փուլում են՝ դրանով իսկ շեղելով Հայոց ցեղասպանության ճանաչումը այլ երկրների կողմից։

2.    Եթե նախօրոք չհամաձայնեցվի, թե ինչ դրական արդյունքի են հասնելու այս բանակցություններում, հայ մասնակիցները ամենայն հավանականությամբ կմնան ձեռնունայն։

3.    Միայն դիվանագիտական լուրջ փորձ ունեցող Հայաստանի պաշտոնատար անձինք և վստահելի սփյուռքի ղեկավարները պետք է բանակցեն խորամանկ և հմուտ թուրք դիվանագետների հետ։ Հակառակ դեպքում թուրք պաշտոնատարները խելամտորեն գործարք կկնքեն այն անձանց հետ, ովքեր հակված են ավելի քիչ պահանջկոտ և ավելի շատ զիջող լինելու։

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

 

Այս խորագրի վերջին նյութերը