Կարծիք

05.04.2012 09:58


Բարոյախրատական

Բարոյախրատական

«ՕԵԿ-ը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյականություն է»: Սերժ Սարգսյանի այս, մեղմ ասած, վիճահարույց միտքը շարունակում է քննարկվել հայրենական մամուլում: Շատերին թվում է, թե Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ին գնահատել է ըստ արժանվույն: Հուսով եմ` կարիք չկա ասելու, որ այդ շատերի մեջ են Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, նաև բազմաթիվ այլ ՕԵԿ-ականներ, ովքեր, մարզերն ընկած, իրենց խոսքում տեղի-անտեղի չարչրկում ու մաշում են «բարոյականություն» բառն իր ձևաբանական բոլոր փոփոխություններով ու շարահյուսական զանազան կիրառություններով հանդերձ:

Իսկ ի՞նչ է ասել նրանց Սերժ Սարգսյանը: Հասկացե՞լ են: Որպեսզի մեր կարկառուն ՕԵԿ-ականները միանգամից ծանր մտքերի մեջ չընկնեն այս անակնկալ հարցադրումից, փորձենք մի փոքր ավելի հեռվից գալ: Ի՞նչ են կարծում նրանք, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, այդ հնգամյա ՀՀԿ-ականը, գոնե մեկ անգամ այս տարիների ընթացքում չասաց` «ՀՀԿ-ն ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյականություն է»: Մինչդեռ, եթե դատելու լինենք ՕԵԿ-ի հրճվանքից, դա նաև ՀՀԿ-ի համար պիտի լիներ շատ բարձր գնահատական: Փոխարենը, Սերժ Սարգսյանը բազմիցս քննադատել է ՀՀԿ-ին, մեծ աղմուկով գործից հանել բազմաթիվ հայտնի ՀՀԿ-ականների, հրաժարականներ պարտադրել նրանց, պաշտոնի իջեցումներ արել եւ այլն եւ այլն: Իսկ մի գեղեցիկ օր, որ համընկել է ՕԵԿ 15-ամյակի միջոցառման հետ, Սերժ Սարգսյանը հանկարծ ասաց`«ՕԵԿ-ը ցույց տվեց, որ քաղաքականությունը բարոյականություն է»: Դե ուրեմն թող դուրս գա ՀՀԿ-ից ու մտնի ՕԵԿ: Ինչո՞ւ չի անում այդ: Ժպտո՞ւմ եք…

Ժպտացեք, իհարկե, նաև դուք` պարոն Բաղդասարյան եւ Հեղինե Բիշարյան: Բայց ժպտալու փոխարեն, լավ կլիներ խորամուխ լինեիք հարցի մեջ, թե իրականում ինչ է ասել Սերժ Սարգսյանը եւ ինչու չի կարելի նրա ամեն ասածը միանշանակ ընդունել:

Նախ` այս նախադասության մեջ բացակայում է ամենակարևորը` միտքը: Սերժ Սարգսյանը, մեր կարծիքով, դիտավորյալ այնպիսի բան է ասել, որ ոչինչ չնշանակի:

Մենք գիտենք, որ նախադասությունը մեկ բառից կամ փոխկապակցված մի քանի բառերից կազմված մեկ ամբողջական միտք արտահայտող խոսք է, խոսքի նվազագույն միավոր: Մինչդեռ Տվյալ «նախադասության» (խոսքի) մեջ միտքը բացակայում է: Համեմատեք` «Էդիկ Անդրեասյանը ցույց տվեց, որ մատիտը տետր է»: Ես չէ, որ Աստված էլ իջնի, չի կարող նման բան ցույց տալ: Փոխարենը մենք շատ հեշտությամբ կարող ենք ցույց տալ մի մատիտ և մի տետր: Կարո՞ղ է արդյոք, ՕԵԿ-ն իր 160 հազար կողմնակիցներով ցույց տալ, որ խնձորը տանձ է: Ահա, ուրեմն, նույն տրամաբանությամբ էլ` ՕԵԿ-ը, որքան էլ ցանկանա, չի կարող ցույց տալ, որ քաղաքականությունը բարոյականություն է:

Մենք չենք կարող բացառել, որ առանձին անհատների համար ՕԵԿ-ի վարած քաղաքականությունը կարող է և բարոյականության չափանիշներին համապատասխան լինել: Այսինքն անհատը կարող է համոզված լինել, որ ՕԵԿ-ը երբեք ընտրողներին չի խաբել, երբեք ձայն չի առել, Հայաստանի դեմ նյութվող դավադրությունների չի մասնակցել, օտարալեզու կրթությանը կողմ չի քվեարկել, ավանդների վերադարձի մասին օրենքը այնպես չի լղոզել, որ մարդիկ մինչև կյանքի վերջը չկարողանան այդ ավանդները ստանալ, որ Արթուր Բաղդասարյանը երբեք երանությամբ չի պատկերացրել այն պահը, որ իր որդին ավտոմեքենան հանգիստ կարողանա քշել Թուրքիա, երբեք չի ասել, որ ժամանակն է ներել թուրքերին, որովհետև ֆրանսիացիները ներեցին գերմանացիներին ու նման բաներ:   Սա արդեն ՕԵԿ-ի բարոյական կերպարով հիացող ինդիվիդումի խնդիրն է և կախված է այն բանից, թե ինդիվիդումն ինչ է հասկանում բարոյականություն ասելով: Կարևոր է նաև, թե ՕԵԿ-ն ինչ դիրքում է և ինչ տեսանկյունից է նայում ինդիվիդումին: Ինչո՞ւ, օրինակ, ես, չեմ կարողանում ըմբռնել Սերժ Սարգսյանի վերոհիշյալ միտքը` ՕԵԿ-ի բարոյական լինելու մասին: ՕԵԿ-ը հո իմ թշնամին չէ՞: Ավելին ասեմ` մարդիկ կան ՕԵԿ-ում, ում ես շատ հարգում եմ: Բայց, գրողը տանի, ինչո՞ւ չեմ կարողանում հասկանալ մեր նախագահին: Ինչո՞ւ է ՕԵԿ-ը հրճվում նրա խոսքից, իսկ ես` ոչ: Իսկ գուցե ՕԵԿ-ն իրո՞ք հասկանում է Սերժ Սարգսյանի նախադասության «իմաստը»: Երևի հասկանում է:

Թողնելով ՕԵԿ-ին իր հրճվանքի հետ` քաղաքական բազում փորձություններով անցած Սերժ Սարգսյանին մի քանի հարց ուղղենք: Այն, ինչ ասվեց ՕԵԿ 15-ամյակի արարողության ժամանակ, ասվեց հավատո՞վ, թե՞ հատուկ մտադրությամբ` ՕԵԿ-ին սիրաշահելու կամ սիրել տալու համար` քաղաքական նկատառումներով: Չէ՞ որ Արթուր Բաղդասարյանն էլ դրանից մի քանի օր առաջ էր ասել` ինչպիսին էլ լինեն առաջիկա ընտրությունների արդյունքները, միևնույն է, ինքն ու Սերժ Սարգսյանը կմնան բարեկամներ: Պատասխան ժե՞ստ էր, արդյոք, սա, թե՞ նախագահը ՕԵԿ-ական կեցվածքներում ու վերջինիս վարած քաղաքականության մեջ իրոք բարոյականության նշույլներ է նկատել: Սա արդյոք մի փորձ չէ՞ր ընտրողին տարհամոզել ՕԵԿ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցում:

Այս հարցերի պատասխաններից շատերը, մեզ թվում է, տրված են ՀՀԿ նախընտրական ցուցակում: Որ «քաղաքականությունը բարոյականություն է», ըստ Սերժ Սարգսյանի, ցույց են տվել «քաղաքականությամբ բարոյական» այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Մանվել Գրիգորյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, նորաթուխ բազմաթիվ ՀՀԿ-ականներ, որ առաջատար դիրքեր են զբաղեցրել ցուցակում: Մեր կարծիքով` սա Սերժ Սարգսյանի փոխսատարումն է թվարկվածների սատարումին: Այսինքն` քաղաքական հաշվարկ, որ փորձ է արվում կոծկել «բարոյականություն» հասկացության ժեստիկուլյացիայով:

Ամփոփենք: Մենք այստեղ բավականին ջանք թափեցինք հասկանալու համար, թե որքանով են համահունչ «քաղաքականություն» ու «բարոյականություն» հասկացությունները: Պատասխանը, ինչպես նկատեցիք, այնքան էլ դրական չէ: Քաղաքական ուժը կարող է լինել հետևողական, գաղափարական տեսանկյունից` ամուր ու համախումբ, իր ծրագրերով` հավակնոտ, հեռահար նպատակների իրագործման հարցերում` դիպուկ, մյուսների հետ իր հարաբերություններում` շիտակ: Եթե ՕԵԿ-ն ու ՀՀԿ ցուցակ ընկած մյուս քաղգործիչներն ունենային այս ամենը, վստահեցնում եմ ձեզ, Սերժ Սարգսյանը նրանց քաղաքականությունը չէր «շփոթի» բարոյականության հետ և այս պատմությունն էլ չէր լինի:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը