Կարծիք

01.03.2012 13:26


«Չարի վերջը» և մայիսյան ընտրությունները

«Չարի վերջը» և մայիսյան ընտրությունները

Հայ ժողովուրդը, որ իր տաղանդավոր զավակներից մեկի՝ Հովհաննես Թումանյանի ձեռքով ստեղծել է «Չարի վերջը», պետք է հրաշալի հասկանա, թե ինչ է լինում նրա հետ, ով կորցնելով իրականության զգացումը, ոգևորվելով ֆիզիկապես թույլի անպաշտպան լինելուց՝ հայտարարում է, թե սարն էլ է իրենը, ծառն էլ: Ամենավատն այն է, որ բոլոր ժամանակներում էլ գտնվում են մարդիկ, որոնք մոռանում են Թումանյանի այս ստեղծագործության մասին և այնպիսի քայլեր ու հայտարարություններ են անում, որոնք վնաս են հասցնում մեր երկրին, մեր ժողովրդին, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև իրենց:

Իհա՛րկե, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե «Չարի վերջից» բացի մեր ժողովուրդը ստեղծել է նաև «Գայլն ու գառը», և կհիշեցնեն, որ գայլը մնաց անպատիժ: Այսպես մտածողներին հուշենք, որ այնտեղ գայլից ու գառից բացի այլ հերոսներ չկային: Մեր հասարակության ներկայիս կառուցվածքը, քաղաքական ներկա իրավիճակը շատ ավելի նման են «Չարի վերջին», քան «Գայլն ու գառը» առակին, որտեղ մեկը չկար, որ կանգներ գառան կողքին կամ հետո պատժեր գայլին: Այնպես որ, իրենց հույս տվողներին մտերմաբար խորհուրդ կտանք չկտրվել իրականությունից: Մեր հասարակությունը նախկինը չէ և նույնիսկ նման չէ 2008-ի հասարակությանը: Ճիշտ է, դեռ բազմաթիվ խնդիրներ կան, դեռ ձևավորված չէ քաղաքացիական հասարակությունը, բայց այլևս չկա այն հասարակությունը, որը հաշտվում էր ցանկացած անօրինության հետ:

Բնականաբար, այս իրավիճակում հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերը պետք է կրկնապատկեն, տասնապատկեն ջանքերը, որ փոփոխությունները լինեն հնարավորին չափ անցնցում և առանց աղետալի հետևանքների: Ամո՛թ մեզ, եթե չկարողանանք որոշ արկածախնդիրների բացատրել, որ այլևս անհնար է նախկին ամոթալի ձևերով և մեթոդներով ղեկավարել երկիրը կամ ընտրություններ անցկացնել: Ամեն ինչ պետք է անել, որ գործը «Չարի վերջի» շանը չհասնի: Երկու միլիոնանոց Հայաստանում ցնցումներն ավելի քան անցանկալի են, այսուհանդերձ, պետք է ինքնախաբեությամբ չզբաղվել և հաշվի նստել այն փաստի հետ, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով, եթե հանկարծ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունենան կեղծիքներ: Ընդ որում, ընտրությունը միայն մայիսի 6-ին տեղամասերում տեղի ունեցող քվեարկությունը չէ: Ընտրությունն սկսվում է շատ ավելի վաղ, քան բուն քվեարկությունը:

Կգտնվեն աշխարհին վարդագույն ակնոցներով նայողներ, որոնք մինչև վերջ էլ չեն ցանկանա ընդունել, որ այս ընտրությունները Հայաստանը ճահճից դուրս բերելու վերջին հնարավորությունն են: Եթե չկարողանանք հաղթահարել այս փորձությունը, ապա կբախվենք դաժան իրականությանը: Իրականություն, որտեղ կունենանք հուսահատված քաղաքացի, որը կմտածի օր առաջ Հայաստանից հեռանալու մասին: Եվ այս անգամ կհեռանան նաև նրանք, ովքեր կամաչեն, որ հայրենիքում իրենք զրոյական արժեք ունեն, և չեն ցանկանա, որ իրենց երեխաները մեծանան մի երկրում, որտեղ մարդը արժեք չունի:

ՀՀ քաղաքացին հոգնել է ոչ միայն ամենօրյա դժվարություններից, այլև ամեն քայլափոխի հանդիպող անարդարությունից: Իսկապես, դժվար է ապրել, երբ չկա հավատ վաղվա օրվա հանդեպ, երբ երկու տարեկան տղա երեխայի ծնողները սկսում են մտածել նրան զինվորական ծառայությունից ազատելու մասին: Դժվար է ապրել մի երկրում, երբ ժողովուրդը զրկված է իշխանություն ձևավորելու, բիզնեսով զբաղվելու իրավունքից: Միայն թե չասեք, թե մեր օրենքները բոլորին թույլ են տալիս մասնակցել ընտրություններին, առաջադրել թեկնածությունը և զբաղվել գործարարությամբ: Համաձայնվե՛ք, որ տունը քանդում է նաև ստախոսությունը և գիտակցված ինքնախաբեությունը:

Այս հարյուրամյակի մարտահրավերները հաջողությամբ կարող ենք հաղթահարել բացառապես մի դեպքում՝ եթե կարողանանք նորմալ և ժողովրդավարական պետություն կառուցել: Եթե հանկարծ հաղթեն հետադիմական ուժերը, ապա Հայաստանի հարցերը կարող եք լուծված համարել: Այս դեպքում մեզ այլևս չի կարող փրկել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն աշխարհում ամենավատերից մեկն են:

Եկել է ժամանակը, երբ մե՛նք պետք է ապացուցենք, որ ի վիճակի ենք պետություն ունենալ, որ ի վիճակի ենք ժամանակակից և զարգացած երկիր կառուցել: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե պետք է հավերժ իշխեն, ժողովուրդն էլ հավերժ իրենց ենթարկվի և հանդուրժի դաժան իրականությունը, պետք է մի կողմ քաշվեն և առնվազն չխանգարեն մեր երկրի առաջընթացին: Պետք է չխանգարեն, որ այլևս ոչ մի իշխանություն չկարծի, որ պետք է հավերժ մնա իշխանության գլխին, պետք է հեռանան, որ այլևս որևէ պաշտոնյայի չթվա, թե հայրենիքը հենց ինքն է, և ժողովուրդն էլ իրեն պետք է սիրի: Հետադիմական ուժերը պետք է հեռանան, որ այլևս գործարարը ստիպված չլինի իշխող կուսակցությանն անդամակցել, որպեսզի չկորցնի տառապանքով ստեղծած բիզնեսը:

Կարճ ասած՝ մենք այլևս նահանջելու ո՛չ ժամանակ , ո՛չ էլ ռեսուրս ունենք: Եթե ցանկանում ենք ունենալ պետություն, ապա մի կողմ պետք է դնենք ծուլությունը, ագահությունը, նյութապաշտությունը, վախկոտությունը և մյուս արատները և ջանք ու եռանդ չխնայելով՝ մասնակցենք Նոր Հայաստանի հիմնադրմանը:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը