Կարծիք

14.02.2012 20:23


Ընտրություններին ընդառաջ

Ընտրություններին ընդառաջ

Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 12-ին Հրազդանում, վարչախումբը պատրաստվում է անել մայիսին Հայաստանի ամբողջ տարածքում: Կարծում եմ, որ նույնիսկ ամենամիամիտներն այլևս չեն հավատում Սերժ Սարգսյանի և նրա փեսայի հավաստիացումներին, թե իրենք ամեն ինչ անելու են, որ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և արդար: Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Հայաստանը խեղդվի ճահճի գարշահոտությունից, պետք է լուրջ դասեր քաղեն և հետևություններ անեն հրազդանյան ընտրություններից:

Շատերն են հարց տալիս, թե ինչու են գտնվում մարդիկ և այն էլ՝ շատ, որոնք համաձայնվում են քվեարկել այն մարդու օգտին, որի գործունեության արդյունքում իրենք բավական ցածր կենսամակարդակ ունեն և հայտնվել են հատակում: Կարծիք կա, որ պատճառներից հիմնականն այն է, որ ընտրողը նույնացնում է բոլոր կուսակցություններին և բոլոր թեկնածուներին: Շատ հնարավոր է, որ մեծ թվով մարդկանց համար որևէ տարբերություն չկա ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, բայց համաձայնվե՛ք, որ սա դեռ պատճառ չէ հոգին 5 կամ 10 հազար դրամով վաճառելու համար: Իհա՛րկե, սա լուրջ խնդիր է, որի մասին քաղաքական ուժերը պետք է մտածեն, բայց սա դեռ պատճառ կամ արդարացում չէ, որ մարդը վաճառի իր ձայնը: Այնպես որ, այստեղ մեղավորը ոչ այնքան քաղաքական ուժերն են, որքան վարչախումբը, որն ամեն ինչ արեց, որ հայ ընտրողը հասնի այն վիճակին, որ առանց երկար մտածելու՝ փողով վաճառի իր ձայնը:

Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ «Հայկական աշխարհ» կերտող վարչախումբն ամեն ինչ անում է, որ ավելանա այն մարդկանց թիվը, որոնք իրենց ձայնը վաճառում են հինգ կամ տաս հազար դրամով: Ասում են. «Վայ այն կատակը, որի կեսը լուրջ չէ»:–Տիգրան Սարգսյանն իբր կատակելով ասում էր, թե լավ է, որ մարդիկ հեռանում են, բա մնան հեղափոխություն անե՞ն: Այնպես որ, կառավարությունն ամեն ինչ անում է, որ կա՛մ գնան, կա՛մ այն աստիճանի հասնեն, որ համաձայնվեն իրենց ապագան վաճառել տաս շիշ գարեջրով: Սա՛ է իրականությունը, սա՛ է վարչախմբի իրական դեմքը:

Մի պահ թվաց, թե մեր հասարակությունում հնարավոր չի լինի հինգ հազար դրամով ձայն գնել, բայց վերջին մի քանի տարվա ընթացքում ժողովուրդն այն վիճակում է հայտնվել, որ հինգ հազար դրամ ընտրակաշառք չստացողներն անգամ այդ մասին բողոքում էին ընտրական հանձնաժողովին և կոչ անում արդարաբար բաժանել գումարը: Սա իսկական աղետ է: Մյուս կողմից անպայման պետք է շեշտել, որ ընտրակաշառք վերցնում են հիմնականում ոչ թե կարիքից դրդված, այլ առաջնորդվելով «Չեղած տեղից սա էլ քյար է» հին հայկական ամոթալի ասացվածքով։

Մենք լավ գիտենք, որ գումար վերցնողների մեջ շատ են նրանք, ովքեր 5 հազար դրամ վաստակում են մի քանի ժամում: Այլ կերպ կամ մի փոքր կոպիտ ասած՝ ընտրակաշառք են վերցնում հիմնականում նրանք, ովքեր թքած ունեն Հայաստանի ներկայի և ապագայի վրա: Արձանագրենք նաև, որ հենց այս զանգվածն էլ վարչախմբի հենարանն է: Պատահական չէ, որ վարչախումբն ամեն ինչ անում է, որ նման մտածողություն ունեցողները հնարավորին չափ շատ լինեն:

Հրազդանում տեղի ունեցած խայտառակ և ամոթալի ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ եթե քաղաքական առողջ ուժերը համախմբեն ուժերը, ապա վարչախմբի լծակները տեղի կտան և կփշրվեն: Ճիշտ է, Հրազդանում ընդդիմությունը որոշ առումով համախմբեց ջանքերը, բայց առանց լուրջ ռեսուրսների համախմբումը ցանկալի արդյունքի չի հանգեցնում: Այս մասին պետք է մտածեն բոլոր առողջ ուժերը և ուշադրություն դարձնեն այն փաստին, որ վարչախումբը և նրա սազանդարներն ամեն ինչ անում են ՀԱԿ-ի համակիրներին ԲՀԿ-ի դեմ տրամադրելու համար: Հիմա էլ շրջանառության մեջ են դրել այն տեսակետը, թե ԲՀԿ-ն ձայներ է խլում ՀԱԿ-ից: Ամենավատն էլ այն է, որ ՀԱԿ-ում էլ որոշ երիտասարդներ հավեսով ուտում են այս կուտը:

Ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները հրաշալի հնարավորություն են երկրում իրավիճակը փոխելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ներկայով և ապագայով մտահոգ ուժերը համախմբեն ջանքերը և կարողանան հասնել նրան, որ իրենց ձայնը վաճառողները գոնե այս անգամ ձեռնպահ մնան վարչախմբի օգտին քվեարկելուց: Մյուս կողմից, վարչախմբին էլ պետք է շատ հստակ հասկացվի, որ հենց իրենց համար է լավ, որ իրենք, առանց ավելորդ արկածախնդրության, հեռանան, քանի որ հակառակ դեպքում Հայաստանում կարող են շատ ավելի սարսափելի իրադարձություններ լինել, քան եղան Եգիպտոսում, Եմենում կամ Լիբիայում: Եթե իշխանություններին թվում է, թե իրենք կարող են ցինիկաբար ստել և ժպտալով իշխանություն յուրացնել և մարսել այդ ամենը, ապա չարաչար սխալվում են:  Եվ վերջապես, նույն վարչախմբի ներկայացուցիչները հիմա հաստատ հասկանում են, որ եթե փոքրիկ Հրազդանում այսքան հսկայական միջոցներ ծախսելով մի կերպ կարողացան անցկացնել իրենց թեկնածուին, ապա Հայաստանի ամբողջ տարածքում այս ծրագիրն իրականացնելը չի ստացվելու:

Վարդան Մխիթարյան 

Այս խորագրի վերջին նյութերը