Կարծիք

06.06.2011 09:29


Հավերժ բանտարկյալը

Հավերժ բանտարկյալը

Ստիպված  եմ  երրորդ  անգամ  անդրադառնալ   ի  պաշտպանություն   Արցախյան   պատերազմի   հերոս,  Շուշիի  առանձնակի   գումարտակի   հրամանատար  Ժիրայր   Սեֆիլյանի   նկատմամբ  մեր  իշխանությունների   դաժան,  ոչ  հայեցի, ապազգային   կամայականություններին  և  իմ   բողոքի   ձայնը   բարձրացնել:   Որպես  հայ  մտավորական  մեծ  պարտքի  զգացումով   եմ    լցված   ու  չեմ  կարող  լռելյան  հաշտվել,   համակերպվել    Սեֆիլյան  անհատի,    նվիրյալ   հայորդու,   նրան   բաժին  ընկած    դառը,   ես  կասեի   խեղված   ճակատագրի   նկատմամբ: Զարմանալի  ազգ  ենք   ու զարմանալի ժամանակներ ենք ապրում.   ականատեսը դառնում հազար ու մի անարդարությունների.  ճչացող անարդարությունների... Մի   պահ  թվում  է,  թե   կրկին   Ստալինյան   ժամանակներն   են   թևածում   Հայաստան  երկրում   ու   մարդը   զրկված  է  ազատ   խոսելու,  իր  բողոքի  ձայնը   բարձրաձայնելու,   արդարություն   պահանջելու,  այլապես   նրան  կամ  աքսորը,   կամ  էլ   բանտախոցն  է   սպասում. ու   շինծու   մեղադրանքներ  ինչքա՜ն  ուզես,   ինչպես   Ժիրայր   Սեֆիլյանի   պարագայում: Դարձել  է   զոռ- անզորի   երկիր.  Ո՞վ   իրավունք   ունի  իշխանություններին   մի   թթու,  մի  լեղի,  մի  կծու   խոսք   ասել,   նրանց  բաղչան  քար   գցել: Մարդկանց  լեզուն   արմատից  են  կտրում,   որ  չփորձեն   հանկարծ   բարբառել,   իրենց  հակադարձել... Հիմա   էլ  համաներու՞մ   են   շնորհում.   մի  կողմից  դաղում  են,  մյուս  կողմից   յուղում:   ՈՒ   այսպես   դեմոկրատական,   ժողովրդավարկան  պետություն   ենք   կառուցում    զուտ  Հայկական   տարբերակով,   որ  անգամ   Եվրոպան   կնախանձի մեր   իշխանությունների   աճպարարությանն   ու   հնարամտությանը: Հարց  է  ծագում.   մինչև  ե՞րբ   է   շարունակվելու   իշխանությունների   այս  կամայականությունը,   քանզի   արդյունքում   դատարկվում  է,  հայաթափվում  է   Հայաստանը.   ես   այստեղ'   Բրյուսելում   ականատեսն  եմ  այդ  դաժան  իրողությանը,  որ  արտագաղթը  գնալով  նոր  թափ  է  առնում,   իսկ  մեր'   սփյուռքահայության   տուն  դարձի  հույսերը   կամաց-կամաց  մարում  է   այս   ֆոնի  վրա: Հարց  է   ծագում. ի՞նչ  պատասխան  պետք  է  տանք   սերունդներին, երբ  անգամ   մեր   ազգի   արժանավոր  զավակներն   չեն  գնահատվում   իշխանությունների   կողմից,   ազգի  նվիրյալները  իրենց  կենդանության  օրոք  ենթարկվում  են  հազար  ու  մի   փորձությունների,   հետապնդումների,   բանտարկությունների... Մեր   իշխանությունները   չկարողացան   ինչպես  հարկն   է   գնահատել   նրանց   մեծությունը.  փառաբանել,  ոգևորել,    երգեր  ձոնել,   կիսանդրիներ  կառուցել,  փողոցներ  ու   դպրոցներ    անվանարկել   նրանց  անուներով...  որ  նրանց  գնահատված  հայրենասիրությունը   օրինակ   ծառայի, դաս   հանդիսանա   մեր   աճող   սերնդի  համար,   որ   Աստված   միարասցե,   եթե   մեր երկրին   վտանգ  սպառնա,   նորից  հայ  երիտասարդը   կուրծքը   բացած   գնա   Հայրենիքը   պաշտպանելու: Պետք  է   անպայման   մահացա՞ծ  լինեին,   որ   երկրպագվեին,   իսկ  եթե   կենդանի  են  մնացել'  հաջորդ   սերունդների՞ն  է վերապահված    նրանց   անահյտությունից  փրկելու  առաքելությունը:   Ի՞նչ  պետք   է   պատասխան  տանք   սերունդներին,  ի՞նչ... Կենդանի   հերոսը'   Ժիրայր   Սեֆիլյանը,  որին   բաժին  ընկավ  դաժան  ճակատագիր'   մեր  իշխանությունների   կողմից  ոչ  միայն   չգնահատվեցին  հայրենապաշտ,   ազգանվեր   երիտասարդի    հերոսությունները,    ( միայն  հենց   այն,  որ  հայրենիքի  օրհասական  օրերին   թողեց  իր  փափուկ  կյանքը   և  կանգնեց  հայրենիքի  պաշտպանության   առաջին  դիրքերում)   այլ  դարձավ   հետապնդման  զոհ.  երկրորդ  նախագահի  օրոք.  2006թ.   դեկտեմբերի   9-ին   նա  ձերբակալվեց   հայտնի   301հոդվածով  (բռնության   կոչ),  իսկ  ձերբակալությունից  հետո  մեղադրանք   ներկայացվեց   ապօրինի   զենք,  զինամթերք   պահելու  մեղադրանքով.  զենք,   որը  1997թվականին   նվիրել  էր   Արցախի  բանակի   հրամանատար   Սամվել  Բաբայանը: Դատարանը  չկարողանալով    հիմնավորել   երկու   փաստարկները   (զենք   զինամթերք),   բայց  այնուամենայնիվ   վճռեց   դատապարտել   1,5 տարի   ազատազրկման   ապորինի  զինամթերք'   փամփուշտ   պահելու   մեղադրանքով,   այն  դեպքում,   երբ   մեր  երկրում   մինչ    օրս   փամփուշտի   մասին   որևէ  օրենք   չունենք   ընդունված: Հակառակ    բազմաթիվ   միջնորդությունների   Ժիրայր  Սեֆիլյանը   ազատազրկման  մեջ  մնաց   ուղիղ   1,5   տարի'  կրելով   պատժաչափի  մինչև վերջին   րոպեն: Պատիժը   կրելուց  հետո    դարձյալ   շարունակվեցին  հետապնդումները. և'   երկրորդ,   և'   գործող  նախագահ    Սերժ  Սարգսյանի   կողմից բազմիցս    մերժվեցին   Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն  ստանալու   նրա  դիմում   խնդրանքները: Մարդկային  նորմալ   տրամաբանության   մեջ   չի  տեղավորվում.  Արցախի   հերոս   տիտղոսին   արժանացած   Սեֆիլյանին   Արցախի  քաղաքացիություն  ստանալու  դիմումին   ընդհանրապես  չարձագանքեց  Արցախի   նախագահ   Արկադի  Ղուկասյանը,   իսկ Բակո Սահակյանը պատճառաբանեց,  թե Արցախի Ազգային Ժողովը դեռ չի ընդունել օրենք երկքաղաքացիության մասին,  այդ իսկ պատճառով չի կարող բավարարել քաղաքացիություն ստանալու    նրա   խնդրանքը:  Ի՞նչ  է  ստացվում.   սփյուռքահայությունը   իրավունք   չունի՞   մշտական  բնակություն  հաստատել   մայր   հայրենիքում,   Արցախում:  Հետո   էլ   Արցախում   բնակչության   թվաքանակի  ա՞ճ  ենք  երազում:  Թ՞ե   սա   զուտ   պատճառաբանություն   էր,   դեմագոգիա   Սեֆիլյանի   դիմումի   մերժումն  արդարացնող: Մարդ   չգիտե,   լա՞,  թե՞   խնդա: Ամենազավեշտալին  այն  է,  որ Շուշիի քաղաքապետը   Սեֆիլյանին  մերժեց   շնորհել   Շուշիի  պատվավոր քաղաքացի'  պատճառաբանելով, որ այդ կոչումը տրվում է միայն քաղաքի համար բարեգործություն անողներին. ստացվում է քաղաքը ազատագրելը այդքան էլ «բարի գործ» չէ։ Ահա թե ովքեր են վճռում հերոսի և արժանապատիվ հայորդու հայրենիքում քաղաքացի լինելու ճակատագիրը։ Իսկ   Սփյուռքի  նախարար   Հրանուշ  Հակոբյանին  ուղղված   բազմաթիվ  դիմում   խնդրագրերը' միջնորդությամբ հանդես գալու, որ Սեֆիլյանը Հայաստանի   Հանրապետության    քաղաքացիություն   ստանա՝ ապարդյուն   հույսեր   էին.  անպատասխան   մնացին...   Այս   ֆոնի  վրա  դեռ   սփյուռքահայությանը   տուն  կանչող   «ԱՐԻ   ՏՈՒՆ»   ծրագիր  են  մշակում,  երբ   անարդարության  լաբիրինթոսում   խճճված   Հայաստանցին   այսօր    փաղչում  է   հայրենիքից,  (ինչպես   և  տողերիս  հեղինակը)  գոյատևման   փրկություն  փնտրում   օտար  ափերում:   Երբ  նախարար   տիկին   Հրանուշ  Հակոբյանը  հպարտանում  է   իր «Արի  տուն»  ծրագրով,  որի   շնորհից   հազարից  մի  մարդու է   հաջողվում    վերադարձնել   Հայրենք,  այն  դեպքում,   երբ  հոգ   չէ,  թե  հազարից   հարյուրը   Հայրենիքից   փաղչում  է,  այո,  բառիս   բուն  իմաստով  փաղչում  է... քանզի   ապագա  չեն  տեսնում   ոչ  իրենց,  ոչ  էլ   իրենց   երեխաների  համար: Ինչու՞  է   նախագահ  Սերժ   Սարգսյանին   ու  տիկին  Հրանուշ  Հակոբյանին  թվում,   որ   Սեֆիլյանի   առաջ  իշխանությունների  կառուցած   պատնեշը   վրիպում   է   սփյուռքահայության   աչքից   ու  անտարբեր  է  նրա   ճակատագրի  նկատմանբ: Իսկ   Ժիրայր  Սեֆիլյանի   նման  անկոտրում  կամք   ունեցող   հայրենապաշտ   հայորդին  դեռ  պայքարում  է   հանուն  արդարության,   հանուն  իր  իրավունքների' մայր  հայրենիքում   ապրելու   և  արարելու... Այս   օրերին,  երբ   Հայաստանի  Հանրապետության  անկախության  հռչակագրի  20- ամյակի   առիթով  ի   ուրախություն  մեզ   համաներում   շնորհվեց   396   բանտարկյալների,  ու   ներքաղաքական  մթնոլորտի  լարվածությունը  բավականին   թուլացավ,  շատ   այլախոհներ   ազատ  արձակվեցին,   սակայն   այդպես   էլ   Ժիրայր   Սեֆիլյանի  քաղաքացիության  հարցն  իր   լուծումը   չստացավ   ու  նա  մնաց   իր   երկրում   հավերժ   բանտարկյալ: Կարծում  եմ   հասունացել  է   պահը,   որ  մեր   իշխանությունները    սթափ   մտածեն,   ցուցաբերեն  բարի  կամք   և   Հայաստանի  Հանրապետության   քաղաքացիություն  շնորհեն    Ժիրայր  Սեֆիլյանին.   այս   հայրենապաշտ  երիտասարդն  արժանի  է   իր   գրպանում   կրելու   Հայաստանի  Հանրապետության   քաղաքացու   անձնագիրը.   նա  վաստակել  է  այդ   իրավունքը:

Սոնա Արշունեցի, Բրյուսել

գրող -հրապարակախոս

Այս խորագրի վերջին նյութերը