Կարծիք

09.04.2011 09:46


Կաղ հովվաշունը

Կաղ հովվաշունը

Գարունը գյուղին ու գյուղացուն բազում հոգսեր է բերել: Ընթացիկ, ենթակառուցվածքային եւ ռազմավարական բնույթի շատ հիմնախնդիրներ են կուտակվել, որոնք վերջին շրջանում, կարծես թե, սկսել են արժանանալ պետական այրերի ուշադրությանը: Ուրեմն` լուրջ վերաբերմունքի կարոտ, կենսահույզ եւս մեկ հարց պետք է անհապաղ ներառվի գյուղոլորտի գերակայությունների օրակարգում: Մնացածի մասին` ստորեւ:

Անցյալ ամռանն էր: Հսկա բեռնասայլերի շարասյունը ծանր ու դանդաղ, ասես դժկամությամբ, հաղթահարում էր գյուղամիջյան ճանապարհի խանդակները: Շարասյան հետեւից, հազիվ 150-200 մետրի վրա, հեւիհեւ վազում էր հովվաշունը` առջեւի զույգ ոտքից կաղալով: Ամեն ոստյունի հետ թվում էր` ուր որ է լեզուն կդիպչի գետնին: Փրչոտ ու փոշոտ տեսքից երեւում էր, որ խեղճ կենդանին երկար ճանապարհ է կտրել: Տեսարանն արտառոց էր` հանդարտ ընթացող 5-6 բեռնասայլեր, եւ ամեն գնով դրանց հասնելու ակնհայտ ճիգ ու համառություն ցուցադրող բրդոտ մի հովվաշուն: Մեր երթուղայինում բոլորի հետաքրքրությունը շարժվել էր:

«Այս շունը Սեւաբերդից հետեւում է ֆուրաներին,- կողքի նստածին բացատրում է Աբովյան-Զառ երթուղայինի վարորդը,- իր պահպանած ոչխարներն են տանում: Լրիվ հալից ընկել է, բայց գնում է»: Եվ իսկապես իրանական պետհամարանիշով մեքենաների շարասյունը վազանցելիս` պարուսինե կիսաբաց ծածկի արանքից երեւացին թափքի մեջ կիպ լցված ոչխարների ու մատղաշ գառների գլուխները: Խնդրին քաջատեղյակ վարորդի ասելով` երկրորդ տարին է, ինչ Կոտայքի տարածագոտու գյուղերի մանր եղջերավոր անասունները զանգվածաբար տանում են Իրան: Փոքր մի խմբաքանակ իրացվում է այդտեղ, իսկ մեծ մասն արտահանվում Էմիրաթներ, որտեղ մեր ալպյան մարգագետինների թավիշ խոտով ու ծաղկունքով սնված գառները շատ բարձր պահանջարկ ունեն:

«Լավ գին են առաջարկում, ոչխարատերն էլ քցում-բռնում է, որ ձեռ է տալիս, վաճառում է»,- պարզաբանում է վարորդը` տեսնելով, որ թեման այլեւս ուղեւորների շրջանում բավականին ծավալվել է: Ըստ նրա, ոչխարի խիստ շահավետ այդ բիզնեսը, որը Հայաստանում 2-3 տարվա պատմություն ունի, Սերժ Սարգսյանի եղբոր ձեռքում է: Ուղեւորներն, իհարկե, «հալած յուղի» տեղ չընդունեցին վարորդի ասածը` հաստատ իմանալով, որ նախագահի եղբայրն իր բիզնեսը ձեռնարկելուց առաջ դժվար թե նրա հետ խորհրդակցած լինի: Մի պահ լռություն տիրեց, եւ այն խզեց երթուղայինի թերեւս ամենակատակասեր ուղեւորը. «է, միայն բիզնեսից բան չհասկացող էս անխելք հայվանն ա իրեն կոտորում, որ հոտը ետ բերի ու դեռ վրեն խաբար չկա, թե ում հետ գործ ունի»: Շատերը համերաշխ հռհռացին, բայց չփարատված մի մտահոգություն, տխուր մի երանգ, այնուամենայնիվ, նստվածք թողեց` սուրճի մրուրի պես:

Զարմանահրաշ աշխարհ... մարդ-արարածներ կան, որոնք անգամ մի կաղ շան չափ «թասիբ» ու հավատարմություն չունեն: Ի±նչ անդիմադրելի ուժ էր աննկուն այդ չորքոտանուն մղում դեպի նպատակը` ակամա «տարագրվող» իր հոտը, որի մեջ ծնվել-մեծացել է: Հո±ւշը, կարո±տը, պարտքի զգացո±ւմը (չնայած ընդունված է ասել, որ կենդանին չի կարող զգացմունք ունենալ), իսկ միգուցե անասնական բնա±զդն էր հուշում տեղի ունեցածի օրհասականությունը: Ի վերջո` պետք է, չէ±, շատ կարեւոր մի բան լինի, հանուն որի արժե քար ու ղռերի, մացառների միջով կաղոտն շուրջ մեկուկես տասնյակ կիլոմետր ճանապարհ հատել` ջանալով չվրիպել հանկարծ, ետ չմնալ շարասյունից, ամեն գնով հասնել իր պաշտպանյալներին, որպեսզի գել ու գազանի բաժին չդառնան:

Տեսարանն իսկապես տպավորիչ էր եւ, բացի դրանից, հախուռն մտքերի մեջ ուղեւորներին չէր կարող չվշտացնել թեկուզ այն, որ մեր լավորակ մթերքները` համով միսը, ծիրանը, մյուս-մյուսները, չգիտես ինչու, առաքվում են երկրից դուրս` օտարներին, իսկ մեզ մնում է, ինչպես լուսահոգի տատս կասեր, կռճոնքը` ընդ որում թանկ գներով: Միջին չափի մեկ ոչխարի գինը, օրինակ, այսօր մեզանում ռեկորդային թիվ է կազմում` 70-80 հազար դրամ: Այսպես գնալով ո±ւր կհասնի… առաջիկա հուլիս-օգոստոսին իրանական բեռնասայլերը դարձյալ կհայտնվեն Հայաստանում, մասնավորապես Կոտայքի մարզի լեռնային գյուղերում, որտեղ անասունների առուվաճառքի պայմանագրերը տակավին ուժի մեջ են: Միաժամանակ մասնավոր հատվածի հետ արդեն իսկ բանակցություններ են վարվում լրացուցիչ ապրանքի գնման շուրջ:

Շատերն, անշուշտ, կհիշեն` ոչխարի մեծաքանակ արտահանման մասին անցած տարեսկզբին ահազանգ հնչեցրեց աշխարհի եզդիների Ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը` փոխանցելով գլխաքանակի կրճատման առնչությամբ Հայաստանի եզդի համայնքի դժգոհությունը:

Խոշոր հաշվով` դժգոհությունը լոկ եզդի համայնքինը չէր, այն համընդհանուր էր, որովհետեւ մեր մանր եղջերավորներն Իրան արտահանելուց հետո տեղական շուկաներում ոչխարի միսը նախ սկսեց աստիճանաբար թանկանալ` կիլոգրամը 1500-1800 դրամից հասնելով 2500-3000-ի, ապա իսպառ վերացավ: Այժմ ոչխարենի կարելի է գնել միայն բանուկ մայրուղիների եզրերին մի քանի տեղ հատուկ ցանկապատված վաճառակետերից` կիլոգրամն արդեն 4000 դրամով: Ի դեպ, որոշ մսավաճառներ հոտի մեծաքանակ արտահանման հանգամանքով են պայմանավորում նաեւ տավարի ու խոզի մսի շեշտակի թանկացումները: Նրանց հավաստմամբ` շուկայում ոչխարի միսն ինչ-որ կերպ համակշռում էր կայուն գնապահպանումը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այն ժամանակ շտապեց հանգստացնել խնդրով խիստ մտահոգ հանրությանը` վստահեցնելով, որ մաքիների անհրաժեշտ թվաքանակը լիովին պահպանվում է: Նախարարությունը չժխտեց, որ իսկապես արտահանվել է շուրջ 150 հազար գլուխ ոչխար, բայց հիմնականում` վերարտադրության համար ոչ պիտանի մայրական կազմից: «Եզդիները բողոքում են, քանի որ ոչխարի բիզնեսն այլեւս նրանց մենաշնորհը չէ»,- մասնավորապես ասել էր գյուղնախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

Դատելով գերատեսչության պաշտոնյայի հայտարարությունից` խնդիրը, կարծես, ոչ այնքան հանրապետությունից ոչխարի աննախադեպ հոսքը կասեցնելն է, որքան ոլորտի նկատմամբ մենաշնորհը, ասենք, Պողոսից Պետրոսին փոխանցելը: Ամեն դեպքում երեւույթը հազիվ թե կարելի է տնտեսության մենաշնորհացման դեմ պայքար համարել, քանի որ «մեկ ծաղկով գարնան» հեքիաթին միայն մանկապարտեզի երեխաները կարող են հավատալ: Իսկ հասուն մարդիկ լավ գիտեն, որ ՀՀ-ում տնտեսության եւ ծառայությունների գրեթե բոլոր ոլորտները սողոսկած մենաշնորհների վերացումը լուրջ համակարգային, արմատական բարեփոխումներ պահանջող խնդիր է, որի համալիր լուծման ցանկությունն անգամ առայժմ տեսանելի չէ:

Եվ այսպես` մինչ շահավետ նոր բիզնեսի հոտ առած փողկապավոր ասունները կտան-կառնեն, կմտմտան ոլորտը վերաբաշխելու եւ իրենց կուտակածը մեծացնելու ելքերն ու մուտքերը, Հայաստանի գյուղատնտեսության վտիտ խզակոթին հերթական ծանր հարվածն է սպասվում` այս անգամ ոչխարաբուծության իսպառ կործանման մռայլ հեռանկարով: Եվ դա, պարզվում է, ոչ ոքի առանձնապես չի հուզում` ոչ ոչխարատեր գյուղացուն, ոչ պետական պաշտոնյային, ոչ էլ, առավելեւս, նոր բիզնեսը տնօրինողին: Չկա հանձնառու մեկը, ով տիրոջ սրտացավությամբ լծվի եկամտաբեր ճյուղը կործանումից փրկելու առաքելությանը: Ուրեմն` ո՞վ մնաց մեր հույսը… մի՞թե կաղ հովվաշունը:

Գևորգ Լալայան

Այս խորագրի վերջին նյութերը