Կարծիք

30.03.2020 21:51


Տոտալիտարիզմի ստվերը. Նիկոլ Փաշինյանը չեզոքացնում է ռիսկերը

Տոտալիտարիզմի ստվերը. Նիկոլ Փաշինյանը չեզոքացնում է ռիսկերը

Որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանը մեղավոր, որ կորոնավիրուսը Հայաստան ներթափանցեց: Իսկ Էջմիածնեցի կի՞նը: Կարծում եմ՝ մեղավոր չեն երկուսն էլ, որովհետև վիրուսն այսպես թե այնպես, մի օր ներթափանցելու էր մեր երկիր: Ոչ մի պետություն, ցավոք, դրանից ապահովագրված չէ: Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը մեկ այլ բանում են մեղավոր, որ ռիսկեր չգնահատող ու չհաշվարկող են, ռազմավարություն չունեցող ու հակված են ստախոսության: Արդյունքում, կորոնավիրուսից ոչ թե դուրս ենք գալու շահած ու նվաճելու ենք աշխարհում ազատված նոր շուկաներ, ինչպես Փաշինյանն է խոստանում, այլ՝ ընդհակառակը: Որքան շուտ իմանանք այդ ընդհակառակի մասշտաբների մասին, այնքան ավելի լավ կլինի, որպեսզի նորից փաստի առաջ չկանգնենք ու չպարզվի, որ հարկադիր պարապուրդից առաջ՝ գումար կուտակելու փոխարեն, վարչապետի խորհրդով պինցետ ու օղի ենք գնել:

Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր մեկ բան շատ ակնհայտ է՝ նա ժողովրդավարություն չէ, որ կառուցում է: Ճիշտ հակառակը՝ նա հետևողականորեն քանդում է ժողովրդավարության քիչ թե շատ ակնարկ ունեցող պետական բոլոր ինստիտուտներն ու իշխանական բուրգի փոխարեն կառուցում իշխանական աշտարակ, որի վերևում ինքն է, իսկ ներքևում իր ընտրողը, որին անվանել է ժողովուրդ, և որին Փաշինյանը վերագրում է իրեն ձեռնտու պահանջներ: Այդ «ժողովդրավարությունն» ամրապնդելու համար նա արդեն երկու տարի հարձակումներ է գործում իր ընդդիմախոսների, մամուլի, սոցցանցերի ու իրեն չողջունողների վրա, և հանրային աջակցության նվազմանը զուգընթաց՝ դառնում ավելի կոշտ, ավելի ավտորիտար՝ հույսեր փայփայելով, որ մի օր տոտալ վերահոսկողության է հասնելու ու մաքսիմալ զսպելու է ճշմարիտ ինֆորմացիայի ալիքները, որի դեմ այդքան պայքարում է, և որից այդքան վախենում:

Դեռ տարեսկզբին ԱԺ-ն օրենք ընդունեց, որով ընդլայնեց ՀՀ քաղաքացիներին գաղտնալոսողների ցանկը՝ այդպիսի լիազորությամբ օժտելով նաև ՀՀ ոստիկանությանը, իսկ այսօր արդեն՝ մամուլին ու սոցցանցերին արտակարգ ռեժիմի պատրվակով իրեն քննադատելու հնարավորությունից զրկելուց անմիջապես հետո, իշխանությունն ԱԺ է բերում ու առաջին ընթերցմամբ ընդունում Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով բջջային օպերատորների միջոցով հնարավորություն է տրվելու վերահսկելու քաղաքացիների տեղաշարժը, զանգերի շրջանակը, տևողությունը: Եթե նկատենք, որ օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային այս պանդեմիան կարող է մինչև 1.5 տարի տևել, ապա կարո՞ղ ենք, չէ՞, կանխատեսել՝ ինչ տեռոր, կամ տեռորի փորձ է սպասվում ՀՀ քաղաքացիներին գալիք ժամանակներում, հատկապես այն դեպքում, երբ ո՛չ պարզ է, թե մարդկանց հեռախոսազրույցները լսելու միջոցով ինչպես են իշխանությունները կանխելու կորոնավիրուսային համաճարակի արագ տարածումը, ոչ էլ պարզ է, թե մամուլն ինչպես էր խուճապ տարածում և ինչու է նախարարի կամ վարչապետի որոշումները քննադատելը համարվել խուճապ ու օրենքից դուրս:

Թ՛ե Փաշինյանը, թե՛ իր առողջապահության նախարարը այլ խնդիրների թվում, նաև չեն գիտակցում կորոնավիրուսի խնդիրը ու չգիտեն՝ ինչպես աշխատել դրա հետ: Գուցե շարունակում են համարել, որ սա շատ վտանգավոր վիրուս չէ ու շատ հատուկ միջոցառումների կարիք էլ չկա: Այսօր արվող միջոցառումներն էլ անում են այնքանով որքանով… զուտ, որ աղմուկ չբարձրանա, չասեն՝ չեն աշխատում: Արդյունքում, վարչապետի ու նախարարի թմբկահարած ռազմավարությունը հետևյալն է՝ հետևել ֆեյսբուքում ամենաշատ լայք հավաքած մեկնաբանություններին ու առաջնորդվել դրանցով, որ աղմուկ չբարձրանա:
Իրանի հետ սահմանը փակում են ֆեյսբուքի վճռով, արտակարգ իրավիճակ մտցվում է նույնպես ֆեյսբուքյան գրառումների արդյունքում: Եթե ֆեյսբուքը ճգնաժամի ընթացքում սկսի Varks.am-ից էլ դժգոհել, ապա լիցենզիայից զրկվում է նաև Varks.am-ը, որ… աղմուկ չբարձրանա:

Փաշինյանն այս ճգնաժամում պարզապես տեսել է հնարավորություն: Հնարավորություն լռեցնելու այն հասարակությանը, որն իրեն բերել է իշխանության, ու որի վճիռները չկատարելու դեմ ինքը հիմա այդքան պայքարում է, բայց որի վճիռներին չենթարկվելու մանդատ չունի: Այսինքն՝ անելու այն, ինչ ներկա հասարակությունը նրան ոչ մի պարագայում թույլ չէր տալու խաղաղ պայմաններում: Իհարկե, արտակարգ դրության պայմաններում էլ նրա ցանկությունը, մեղմ ասած, հավակնում է անկատար մնալ, ինչպես մամուլը սահմանափակելու դեպքում մնաց ու կարելի է կանխատեսել մասսայական հրաժարում պարտադրվող սարքերից, ապա ՄԻԵԴ-ում վճռի վիճարկում ու հաղթանակ, որովհետև այս պահանջը, անգամ արտակարգ ռեժիմի պայմաններում, ադեկվատ չէ: Բայց հավանաբար Փաշինյանը դեմ չէ սա էլ փորձել:

Հ.Գ. Կորոնավիրուսային այս ճգնաժամը հավասարազոր ապտակ է ինչպես պոպուլիստական ռեժիմներին, այնպես էլ հասարակություններին, որոնք այդ ռեժիմներին մրցակցությունից դուրս էին ճանաչել: Սա պահ է, երբ ռեժիմները քննություն են հանձնում՝ ով է կենսունակ, ով՝ ոչ: Կոնկրետ մեր երկրի համար սա պահ է, երբ կվիճարկվի երկրում գործող հիմնական թեզը. «Ոչինչ որ պաշտոնյան աշխատել չի կարողանում, կարևորը՝ նախկինի պես չի թալանում»: Ու կվիճարկվի մեկ պատճառով՝ պաշտոնյայի չաշխատելու հետևանքով հայ մարդ է մահանում:

Երբ հետևում ես, թե պոպուլիստներին իշխանության բերող Եվրոպան ինչպես է հայացքը դեպի Ռուսաստանը հառել ու «դիկտատոր» Պուտինին է օգնության կանչում, կարծում եմ՝ կարելի է կռահել՝ հօգուտ ինչի ընտրություն կկատարի մեր հասարակությունը մոտ ապագայում:

Արամ Անտինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը