Կարծիք

21.03.2020 10:15


Համատարած հաշվառման հաշվետվություն․ որքան «անպաշտպան» են մեր գյուղացիները

Համատարած հաշվառման հաշվետվություն․ որքան «անպաշտպան» են մեր գյուղացիները

Օրենսդրական ու կորոնավիրուսային այս օրերին տնտեսությունն անդորրի մեջ է: Հետևաբար վերլուծության նյութ համարյա չկա: Ազգային դրամի դանդաղ արժեզրկման ցանկացած վերլուծություն այս օրերին կարող է կամայական ընկալում ունենալ: Եթե անգամ հիմնավորես, որ կանխատեսելի արժեզրկումը դրական ազդեցություն կարող է ունենալ տնտեսական գործընթացների վրա: Ուստի այս օրերին շատ ավելի նպատակահարմար է անդրադառնալ «անմեղ» թեմաների: Հնարավորինս անմեղ: Գյուղատնտեսության չափ անմեղ:

Ի վերջո հետաքրքիր է չէ՞, թե ինչու այդքան էժանացավ հավկիթը: Հատկապես, որ արդեն հասանելի է «Գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման հանրագումարները 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ» հաշվետվությունը: Եթե այս օրերին Վիճկոմի հրապարակած հաշվետվությունը «չի հակասել» արտակարգ իրավիճակին, ուրեմն այն ներկայացնելը ևս չի հակասի: Սկզբից նշենք, որ 2018թ․ գյուղատնտեսական համարյա բոլոր կենդանիների քանակական անկման տարի էր: Իսկ անցած տարի հակառակը՝ քանակական որոշակի աճ կա: Գյուղկենդանիների առանձին տեսակների պարագային գրանցված աճը դեռ զիջում է 2017-ի թվաքանակներին: Բայց առանձին դեպքերում 2017-ի ցուցանիշը գերազանցել է: Դիտարկենք կոնկրետ:

Գյուղկենդանիների հաշվառման մեջ վիճակագրությունը «պահանջում է» առանձին ներկայացնել կենդանատեսակի մայրական կազմի քանակը: Օրինակ, խոշոր եղջերավորների ցանկի մեջ առանձին նշվում է կովերի քանակը: Պատճառը պարզ է՝ մայրական կազմի քանակի համադրում-վերլուծությամբ կարելի է ստույգ գնահատել աճի կամ կրճատման տենդենցները: 2018թ․ հունվարի մեկին կովերի քանակը մոտ 266 հազար էր: 2019-ի հունվարի 1-ին՝ 254 հազար, իսկ այս տարվա հունվարի 1-ին՝ 251.7 հազար: Նկատելի է, որ կրճատումը չի հաղթահարվում: Փոխարենը խոզերի վիճակագրությունը բարգավաճում է: Նույն ժամանակահատվածներում խոզերի գլխաքանակի հետևյալ թվեր են հրապարակվում. 2017՝ 167 հազար, 2018՝ 197 հազար, 2019-ին՝ 223.2 հազար: Այստեղ աճն ակնհայտ է: Ոչխարների գլխաքանակը ևս այս տարվա սկզբի ցուցանիշով համադրելի է 2017-ի թվաքանակի հետ: Նման կամ համադրելի տվյալներ կան նաև թռչունների վիճակագրության տվյալներում: Ընտանի թռչունների մեջ առանձին հաշվարկով ներկայացվում է ածան հավերի քանակը: Գյուղկենդանիների գլխաքանակի վիճակագրությունը ներկայացվում է երկու հիմնական բաժանումով՝ գլխաքանակը գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում և առանձին գյուղացիական տնտեսություններում: Այս բաժանումը հնարավորություն է տալիս տեսնել, թե որքան «անպաշտպան» են մեր գյուղացիական տնտեսությունները: Ավելի պարզ ասած՝ գյուղացիները:

Մեր գյուղատնեսության ոլորտի չինովնիկներն ու գյուղվարչությունները, որպես կանոն խուսափելով պատասխանատվությունից, երբեք խորհրդատվական ծառայություններ չեն մատուցում: Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները, բնականաբար, հատուկ մասնագետների խորհրդատվությամբ կարողանում են կանխատեսել շուկայում ընթացող գործընթացները: Իսկ պարզ գյուղացին՝ ոչ: Գյուղացին նկատելով, որ մի տարի եկամտաբեր է դառնում որոշակի գյուղմթերք (օրինակ, որևէ բանջարեղեն)՝ ունեցած միջոցները ներդնում է այդ գյուղմթերքի արտադրության մեջ: Արդյունքում կորցնում է՝ շուկայի գերհագեցածության ու գնանկման պատճառով: Դա են ապացուցում թվերը: 2017թ․ ածան հավերի քանակը մոտ 2.6 մլն էր: 2018-ին՝ 2.7 մլն: Գյուղացիական տնտեսություններում 2017-ին 1.6 մլն ածան հավ կար: 2018-ին նվազել էր՝ 1.4 մլն: Այսինքն քանակն ավելացել էր թռչնաբուծարանների հաշվին: Որովհետև ձվի թանկացումը հաշվարկելի էր: Այս տարվա սկզբում գյուղացիական տնտեսություններում կա 1.6 մլն գերազանցող քանակի ածան հավ: Աճը նախորդ տարվա համեմատ 10 տոկոս է: Այդ աճի արդյունքում հավկիթի գերարտադրությունը փլուզեց գները ներքին շուկայում (թռչնաբուծարանների թվաքանակի 0.9 տոկոսանոց աճը մեղմեց բացասական էֆեկտը):

Ահա այսպես է պարզ գյուղացին փորձում մենակ լուծել իր հոգսերը: Գյուղացիության ոլորտի կառավարիչներից անկախ: Եթե, իհարկե, այս պնդումը խուճապ հարուցելու միտում չի պարունակում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը