Կարծիք

17.03.2020 15:36


Աննա Դանիբեկյանը վատառողջ է, թող ինքնաբացարկ տա

Աննա Դանիբեկյանը վատառողջ է, թող ինքնաբացարկ տա

Իրավական ամենաթողության և ֆեմիդայի երեսին թքելու հերթական ակտը տեղի ունեցավ այսօր, ժամեր առաջ, երբ հայտարարվեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հետաձգվում է: Սա արդեն միտում է` նիստը ձգձգել և նիկոլապաշտ զանգվածի համար սերիալ դարձնել, քանզի նախորդ անգամներին էլ մերթ թարգմանիչ չունեին, մերթ փաստաբան:

Եթե տիկին Դանիբեկյանը առողջական խնդիրներ ունի, թող բարի լինի ինքնաբացարկ տալ, որպեսզի գործը փոխանցվի մեկ այլ, ավելի առողջ դատավորի, և այդպիսի հնչեղություն ունեցող գործը տեղում չդոփի: Առավել ևս` նախագահ Քոչարյանն ինքն էլ ունի առողջական խնդիրներ, և արդեն համարյա երկու տարի ձգվող տրագիկոմեդիայի հետևանքով մեկուսացված լինելով` նրա առողջությունը շատ ավելի է ենթարկվում փորձությունների:

Երկակի ստանդարտների երկիր նոր Հայաստանում մի՞թե Դանիբեկյանի առողջությունը կարևոր է, իսկ Քոչարյանինը` ոչ: Ո՞վ է այդպիսի չափանիշներ սահմանել, և արդյոք ինչ-որ մեկը համաձայնեցրե՞լ է այդ չափանիշները եվրոպական ժողովրդավարության կանոնների հետ: Թե՞ միգուցե հյուսիս-կորեական բռնապետական օրենքներով առաջնորդվող թավշյա իշխանությունները, որ իրենց ամենազոր ուժի տեղ դրած` մարդկային ճակատագրեր են որոշում:

Ստի ու կեղծիքի իշխանությունը ինքն էլ գիտի, թե ինչքան անհիմն ու հորինված է մարտի 1-ի գործը, և դա է պատճառը, որ անդադար հետաձգում են: Քանզի առաջ գնալու դեպքում, նույնիսկ եթե այնքան քաղաքական կարճատեսություն և իրավական փնթիություն ունենան, որ դատապարտեն նախագահին, ապա Եվրադատարանի վճռով ազատ են արձակելու և խոշոր գումարներ վճարեն: Այ սա է, որ վախեցնում է «դուխով» իմբեցիլներին:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը