Կարծիք

13.03.2020 12:28


Եթե դուք թքած ունեք այլ կարծիքի վրա, ուրեմն բացիլը կարող եք փոխանցել նրան

Եթե դուք թքած ունեք այլ կարծիքի վրա, ուրեմն բացիլը կարող եք փոխանցել նրան

Նախ ուզում եմ ասել, որ Ժանտախտ-ը Քամյուն է գրել, Սերը՝ ժանտախտի օրերին-ը՝ Մարկեսը: Այս իմացությունն իհարկե մեզ չի փրկի կորոնավիրուսից, ինչպես կարող է փրկել, օրինակ օճառով լվացվելն ու սխտորը, բայց երբ կորոնավիրուսն ուղարկենք գրողի ծոցը, իսկ այդպես լինելու է, գրողներին տարբերելու գիտելիքը կարող է դառնալ անչափ կարեւոր:
Ուրեմն՝ կորոնավիրուսի օրերին կարելի է լսել ամեն ինչ, Կանադայի մեր ընԳեր վարչապետն է վարակվել, մեր սիրելի ֆուտբոլիստներն են վարակվել, Միլանի Լա Սկալա օպերայի էն ծեր մարդն է վարակվել, որի անունը նույնիսկ չգիտեինք, ...վերջապես մեր վերեւի հարեւանի հորքուրի գանձն է վարակվել, որը երեկ եկել էր մեր շենք ու փռշտալով բարձրանում էր...Իհարկե չեմ պնդում, որ այս բոլոր դեպքերն այդպես չեն, բայց պնդում են, որ այս օրերին մենք լսում եւ դեռ լսելու ենք բաներ, որոնք այդպես չեն: Կապ չունի՝ այն մասին, թե ինչպես են ուհանցի բժիշկները՝ ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրերով, ներողություն, պարզապես հպարտ քաղաքացու իրենց դեմքերն ազատում բժշկական դիմակների՞ց, թե՞ այն մասին, որ Քրիստոսն ու առաքյլաները լքել են Խորհրդավոր ընթրիքը, քանի որ կորոնավիրուս է: Ճշմարտությունն է կորում այս օրերին, անկեղծ ասած՝ այն միշտ է կորած, բայց այս օրերին դրա կորուստը կարող է կյանքեր կործանել: Ու խնդիրն ամենեւին էլ բացառապես պետական տեղեկատվությանը հետեւելու սուրբ պարտականությունը չէ, այլ անձնական հիգիենան՝ բոլոր առումներով: Սկսած ձեռքերը հաճախ լվալուց, վերջացրած ուրիշի ու նրա կարծիքի վրա թքած ունենալու անհագուրդ գուցե եւ արդարացի ցանկությունը զսպելով: Հիշեցնեմ, կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային եղանակով եւ ուրեմն, եթե դուք թքած ունեք այլ կարծիքի վրա, ուրեմն բացիլը կարող եք փոխանցել նրան, եթե իհարկե ու Աստված չանի, այդ բացիլը կրողն եք:
Ուրեմն որքան հաճախ ենք լվացվում եւ զսպում թքելու ցանկությունը, այնքան առողջ ենք ու նպաստում ենք շրջապատի առողջությանը: Իսկ մեր շրջապատը հիվանդ է, հիշեցնեմ, բոլորովին վերջերս Գյումրիում հուղարկավորեցին մի կնոջ, որի որեւէ հարազատ չէր եկել թաղմանը, թքած ունեին այդ կնոջ վրա՝ ե՛ւ կենդանության օրոք, ե՛ւ արդեն մեռած:
Կորոնավիրուսն ուղարկելու ենք գրողի ծոցը, բայց այ թասիբավիրուսը՝ չգիտեմ: Ի դեպ, սրանից եւս բազմաթիվ մարդիկ են մեռնում:
Ապրեք:

Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը