Աշխարհ

31.12.2018 09:47


Ձմեռ պապ, Դեդ Մորոզ կամ Սանտա Կլաուս․ ով է նա

Ձմեռ պապ, Դեդ Մորոզ կամ Սանտա Կլաուս․ ով է նա

Ձմեռ պապը կամ, ինչպես Ռուսաստանում են ասում, Դեդ Մորոզը, իսկ արևմուտքում՝ Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել:

Նա հույն Ս. Նիկողայոս (Նիկոլայ) հայրապետն է, ով ծնվել է Պատարում (ներկայիս Թուրքիայի Անթալիայի տարածքում), եկեղեցական կրթություն ստացել, և դառնալով եպիսկոպոս՝ Միր քաղաքում բարեգործությամբ է զբաղվել։

Ժամանակին Նիկողայոս հայրապետը շրջել է տնետուն և չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դրել: Կա նաև ավանդություն, որ Սուրբ Նիկոլայն աղքատ աղջիկների (ովքեր արդեն հասուն էին ամուսնանալու համար, սակայն օժիտ չունեին) տների ծխնելույզներից ոսկեդրամներով լցված փոքրիկ պարկեր էր նետում։

Սանտա Կլաուսը հոլանդական տառադարձմամբ Սուրբ Նիկոլայի խեղաթյուրված տարբերակն է: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգև Աստծուց:

Մորոզը սլավոնական աստվածություն է՝ ձմեռային ցրտի տիրակալը։ Մորոզի կինն ինքը Ձմեռն է։ Դեդ Մորոզի կերպարը վերջնականապես ձևավորվել է ԽՍՀՄ-ում։ Այդ ժամանակահատվածում նա թոռնուհի է ձեռք բերել, ով դարձել է պապիկի անբաժանելի ուղեկիցը։ Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից։

Ձմեռ պապիկին տարբեր երկրներում տարբեր կերպ են անվանում՝ Բրազիլիայում՝ Պապայ Նոյել, Բելգիայում՝ Սուրբ Նիկոլայ, Իտալիայում՝ Բաբբո Նատալլե, Նորվեգիայում՝ Յուլենիսսեն, Հոլանդիայում՝ Սանդերքլասս, Չինաստանում՝ Շանդան Լաոժեն, Թուրքիայում՝ Նոյել Բաբա, Ֆինլանդիայում՝ Յոլլոպուկկի, Ֆրանսիայում՝ Պեր Նոյել և այլն։

Հայ ժողովրդի շրջանում ընդունված է Ամանորը կոչել նաև Կաղանդ, ինչը նշանակում է որևէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստը:

Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը: Նոր տարին կամ Ամանորը հայերի ամենասիրած տոներից է, որն, առանց բացառության, նշում են բոլոր ընտանիքները:

Իսկ Ս. ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ ու սիրված տոներից է: Իր թե՛ նշանակությամբ, թե՛ էությամբ, թե՛ խորհրդով Ամանորը զիջում է Ս. ծննդին: Ամանորն ինքնին օրացուցային երևույթ է և որևէ խորհուրդ չունի: Իսկ սուրբծննդյան խորհուրդն Աստծո Որդու ծնունդն է, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի սկիզբ: Իզուր չէ, որ մարդկությունն իր տոմարական հաշվարկները կապում է Քրիստոսի ծննդի հետ՝ նախքան Քրիստոսը և Քրիստոսից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը