Կարծիք

14.10.2010 15:24


Համեստության մյուս երեսը

Համեստության մյուս երեսը

Հայաստանի ապագային վերաբերող որոշումները ովքե՞ր են ընդունում, քանի՞ հոգի են մասնակցում էդ որոշումների ընդունմանը, և քանի՞սն են կարողանում դրա վրա ազդել: Կարծում եմ, էս հարցերին տրվող պատասխաններով ա որոշվում Հայաստանի քաղաքական մոդելը: Ու հենց էստեղ ա հիմնական խնդիրը:

Հայաստանն արդեն ունեցել ա երեք նախագահ: Ի՞նչ կփոխվեր, եթե դրանց տեղ ուրիշները լինեին: Ի՞նչ կփոխվեր, եթե ընտրությունները Հայաստանում չկեղծվեին: Կամ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում կառավարման համակարգն ընդհանրապես ուրիշ լիներ: Ասենք, նախագահականի տեղ խորհրդարանական համակարգ ունենայինք: Շա՞տ բան կփոխվեր:

Էս հարցերին ամեն մեկս ունենք մեր պատասխանը: Բայց եթե հարցը անցյալին ենք ուղղում, պատասխանները ապացուցելի չեն: Որովհետև անցյալը փոփոխության չի տրվում: Ուրեմն հարցը պետք ա ուղղել հակառակ ուղղությամբ, դեպի ապագան: Էդ դեպքում տվածդ պատասխանն ապացուցելու եղանակը, թեև շատ դժվար, բայց գոյություն ունի: Եթե իրականացրիր փոփոխությունն ու բոլորը տեսան դրա արդյունքը, էն ժամանակ էլ ապացուցած կլինես, որ դու ճիշտ էիր, որ տվյալ փոփոխությունը քո ասած արդյունքն ա բերում:

Հարցը, կրկնում եմ, քաղաքական ա, Հայաստանի քաղաքական մոդելին ա վերաբերում: Բայց կա նաև քաղաքականի ու քաղաքացիականի հարաբերության հարցը: Շատերն ասում են, թե քաղաքական լուրջ փոփոխություն էսօր Հայաստանում հնարավոր չի, թե պետք ա սպասենք, մինչև քաղաքացիական գիտակցության արթնացումը շարունակվի, հասնի մի որոշակի մակարդակի, որից հետո քաղաքական փոփոխությունը հնարավոր կդառնա: Իսկ որպես փաստարկ բերում են 2008-ի շարժման օրինակը, որը, ասում են, քաղաքացիական գիտակցության վերելք ապահովեց, բայց քաղաքական փոփոխությունների հանգեցնել չկարողացավ: Միանգամից ասեմ, որ ինձ ճիշտ չի թվում էս պնդումը, ու առավել ևս' հաջող չի թվում բերվող օրինակը: Նախաձեռնությունները, որոնք զուտ քաղաքացիական բնույթ ունեն, այսինքն հստակ ձևով չեն դնում քաղաքական փոփոխության խնդիր, հեշտությամբ կարող են ծառայեցվել եղած քաղաքական ստատուս քվոն պահպանելուն: Իսկ ստատուս քվոյի պահպանումը Հայաստանում, երևի բոլորդ կհամաձայնեք, մեզ ուղիղ գծով տանում ա դեպի անդունդ:  Ինչ վերաբերում ա 2008-ի շարժման մեջ քաղաքականի նկատմամբ այլ բաղադրիչների գերակշռությանը, սա շատ լուրջ հարց ա, որի վրա կուզեի առանձին կանգ առնել:

Քաղաքական մտածողությունը բավական յուրահատուկ մտածողություն ա և համընդհանուր տարածում չունի:  Էդ մտածողությամբ օժտված մարդիկ ամենից հաճախ «երևակվում են» քաղաքական բուռն ակտիվության պահերին: Օրինակ, 1988-ի շարժումը ծնեց քաղաքական գործիչների մի խումբ, որը մինչև հիմա, ուղղակի կամ անուղղակի ձևով, որոշիչ դեր ա խաղում Հայաստանի քաղաքական կյանքում: Չնայած Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, բառիս բուն իմաստով, քաղաքական գործիչ չեն, բայց ամեն դեպքում, ավելորդ չէր լինի նկատելը, որ Հայաստանի երեք նախագահն էլ 1988-ի շարժման ծնունդ են: 2008-ի շարժումն իր հզորությամբ շատ չէր զիջում 88-ի շարժմանը: Ու ակնկալիք կար, որ դրա արդյունքում նույնպես ասպարեզ կգան նոր քաղաքական գործիչներ: Բայց ակնկալիքը հիմնականում չարդարացավ: Ինչո՞ւ:

Բավական դժվար հարց ա ու ես վստահ չեմ, որ դրա հստակ պատասխանը ունեմ: Բայց ակնհայտ կապ կա էս փաստի ու էն իրողության միջև, որ 2008-ի շարժումը Հայաստանի ներկա հանրապետության քաղաքական պատմության մեջ ոչ թե նոր էջ բացեց, այլ պտույտ կատարեց ու փորձեց վերադառնալ ամենահին էջին: Հիմա, երբ որ հետադարձ հայացքով նայում ես, պարզ ա դառնում, որ մի խոշոր մասով 2008-ի շարժումը ռեստավրացիոն շարժում էր: Տեր-Պետրոսյանի շատ քայլեր, որոնք առաջին հայացքից անհասկանալի էին թվում և հաղթանակի համար ոչ նպաստավոր, հասկանալի են դառնում, եթե նկատի ես առնում, որ առաջնահերթ նպատակը ոչ թե «ընդամենը» հաղթելն էր, այլ անցյալում ճիշտ դուրս գալը: Դրա համար էլ ո´չ հնչեց ներողությունը 1996-ի համար, ո´չ էլ վերանայվեցին մոտեցումները Ղարաբաղի հարցում: Եթե էս երկուսը լիներ, հասարակության համախմբումը շարժման շուրջ կատարյալ կլիներ ու հաղթանակը' երաշխավորված, բայց էդ դեպքում պետք կլիներ ուղղել անցյալի սխալներն ու սկսել  բոլորովին նոր շարժում, ինչի մտադրությունը, էսօր արդեն ակնհայտ ա, Տեր-Պետրոսյանը չուներ:

Դրա համար էլ 2008-ի շարժումը 1988-ը կրկնելու փորձից էն կողմ չանցավ: Սկզբում թվում էր, թե անցյալը կրկնելու մեջ վատ բան չկա, ընդհակառակը, շատերի մեջ բնական նոստալգիա էր առաջանում, իսկ 88-ի մոտակա տարիներին ծնված ջահելներն ընդհանրապես կախարդված էին. սեփական աչքերով տեսնում էին էն, ինչը պատմելով էին լսել: Էդ հետո երևաց, որ անցյալով հմայվելու մեջ սպառնալիք կա, որ անցյալով հմայվելը ներկան դարձնում ա անպտուղ: Որովհետև երբ որ շարժումը հայտնվեց շրջապտույտի մեջ ու պետք եղան մարդիկ, ովքեր քայլ կանեին էդ շրջապտույտից դուրս գալու համար, պարզվեց' քայլ անողները չկան, պարզվեց' շարժման նույնիսկ ամենաակտիվ երիտասարդները հպարտությամբ ասում են, որ իրանք քաղաքական հավակնություններ չունեն:

Փաստորեն, Հայաստանում ստեղծվել ա քաղաքական հավակնությունների դեֆիցիտ: Ո՞վ կպատկերացներ նման բան: Քաղաքական որոշումները ընդունում են մի քանի մարդ, ու մի ձեռքի ափը հերիք կանի էդ մարդկանց անունները թվելու համար: Իսկ մնացածները համեստորեն անհավակնոտ են: Բայց եթե հաշվի ես առնում Հայաստանի ապագային վերաբերող որոշում ընդունողների որակը, մնացածների համեստությունը ստիպված ես առնել չակերտների մեջ, որովհետև դա արդեն ոչ թե համեստություն ա, այլ, լավագույն դեպքում, վախկոտություն:

Մարդիկ, որոնցից ոչ հեռու անցյալում դեռ քաղաքական ակնկալիք կար, էսօր սկսել են ոգևորված խոսել բարոյական հարցերից: Հանկարծ հայտնագործել են, որ հայ հասարակությունը հետամնացությամբ ա տառապում, ու սկսել են զբաղվել հետամնացների լուսավորությամբ: Մեկը չկա' հիշացնի, որ եթե երկիրը հետընթաց ա ապրում, հասարակությունը չի կարող առաջընթաց ապրել: Իսկ երկիրը հետընթաց ա ապրում ընդունվող քաղաքական որոշումների արդյունքում, ու դա քաղաքական հարց ա, ոչ թե բարոյական:

Հայաստանը քաղաքական ճգնաժամի մեջ ա ու քաղաքական սերնդափոխության կարիք ունի: 2008-ի շարժումը, որը, թվում էր, պետք ա լուծեր էդ հարցը, իրականում հարցն ավելի սրեց: Ու էսօրվա վիճակով, քաղաքական սերնդափոխությունը մնում ա որպես թիվ մեկ պահանջ:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը