Մեկնաբանություն

06.04.2014 18:26


Ինչու՞ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց

Ինչու՞ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց

Տիգրան Սարգսյանի հրաժարականի որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը: Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե Սարգսյանի ինչի՞ն էր պետք վարչապետի հրաժարականը:

Ենթադրյալ պատճառները բաժանվում են երկու խմբի. մի մասը կարծում է, որ հրաժարականը պայմանավորված է արտաքին քաղաքական գործոններով, իսկ մյուս մասը՝ հրաժարականը պայմանավորում է ներքաղաքական զարգացումներով:

Դիտարկելով արտաքին քաղաքական գործոնները՝ նկատում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Կարևոր փոփոխությունը եղել է 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը դեպի ԵՄ տանող Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ միանում է Մաքսային Միությունը:

Արտաքին վեկտորի ընտրության կտրուկ փոփոխությունը կարող էր հիմնավոր պատճառ հանդիսանալ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի համար, սակայն «Հայաստանը նայում է Եվրոպային» վերտառությամբ հոդվածի հեղինակը ոչ միայն հրաժարական չտվեց, այլ նաև հայտարարեց. «Եթե մենք չինտեգրվենք Մաքսային միությանը, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև»:

Կա տեսակետ նաև այն մասին, որ միջազգային (արևմտյան) կառույցները այլևս գումար չեն տալիս Հայաստանին, դրա համար էլ Սերժ Սարգսյանը հրաժարվեց Տիգրան Սարգսյանի ծառայություններից: Իրականությունը, սակայն, այլ է։ Այս տարվա մարտին Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել էր, որ Հայաստանին 127 մլն դոլարի վարկ է տրամադրելու։

Տեղին է հիշեցնելը, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն աջակցում է ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչված և իշխանությունների գովերգված «կուտակային» օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառմանը:

Այսպիսով պետք է արձանագրել, որ վերջին շրջանում արտաքին քաղաքական դաշտում հիմնավոր որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչը կարող էր դառնալ վարչապետի հրաժարականի պատճառ. Տիգրան Սարգսյանն այնպես էր շտապում դեպի Մաքսային միություն, որ նույնիսկ հաճելիորեն զարմացնում էր Կրեմլին և հետևաբար ինչու՞ պետք է նրանից դժգոհ լինեին։

Եվ ամենակարևորի մասին։ Խոսել ՀՀ ինքնիշխանությունից ու միևնույն ժամանակ քննարկել, թե դրսի ո՞ր ուժերն են պատճառ դարձել Տիգրան Սարգսյանի հեռացմանը, առնվազն հակապետական մտածողության դրսևորում է։

Դիտարկելով ներքաղաքական գործոնները՝ նկատում ենք, որ վերջին շրջանում ներքաղաքական կյանքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել:

Ոչիշխանական ուժերը հայտարարել էին, որ ապրիլի 28-ին Ազգային ժողովի օրակարգ են մտցնելու Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

Նրա հրաժարականի համար բազմաթիվ հիմնավոր պատճառներ են եղել: 2008-ից Տիգրան Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր՝ խոսվել է նրա հրաժարականի հավանականության մասին: Նրա պաշտոնավարման տարիներին աղքատությունը աճել է՝ հասնելով մոտ 37 տոկոսի, իսկ 2009թ. ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվեց շուրջ 40 տոկոսով:

2013 թ. մարտին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2013-2017 թվականներին այն կառավարությունը, որը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ՝ այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: 2013թ. Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի կատարել այդ պահանջը, բայց հրաժարական չի տվել: Սերժ Սարգսյանը չցրեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որովհետև դրա անհրաժեշտությունը չէր տեսնում:

Վերջերս ՀՀԿ-ը հաճախ հայտարարում էր, որ կառավարության հրաժարականի հարց չեն քննարկել: Դեռ փետրվարի 5-ին Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր՝ ՀՀԿ-ը երբեք վարչապետի և կառավարության հրաժարականի հարց չի քննարկել: Եվ այդ հարցով մտահոգվածներին խորհուրդ էր տվել սառը ջուր խմել ու հանգիստ քնել: Իսկ մարտի 27-ին նա հաստատել է, որ ՀՀԿ-ի օրակարգում վարչապետի և առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա:

Օրերս ոչիշխանական ուժերը հայտարարեցին, որ ապրիլի 28-30-ը երեք օր Ազատության հրապարակում կանցկացնեն շուրջօրյա հանրահավաքներ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի պահանջով: Ոչիշխանական ուժերն այդ ժամանակ ԱԺ-ի օրակարգ պետք է մտցնեին կառավարությանը անվստահության հայտնելու հարցը:

Եվ ահա ապրիլի 3-ին Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել: ՀՀԿ խոսնակը հավելել էր, որ դեռևս մեկ ամիս առաջ էր Տիգրան Սարգսյանը նման խնդրանքով դիմել Սերժ Սարգսյանին, բայց քանի որ «կուտակայինի» հարցը ՍԴ–ում էր, Սերժ Սարգսյանը նրան խնդրել էր դեռևս շարունակել պաշտոնավարումը: Այս հայտարարությունը հակասում է իրականությանը, քանի որ նախկինում ճիշտ հակառակ պնդումներն էին արվել։

Այսպիսով՝ ոչիշխանական ուժերի գործողություններն են բերել ներքաղաքական փոփոխությունների և հանգեցրել Տիգրան Սարգսյանի հեռացմանը։ Հենց այդ ներքաղաքական փոփոխությունն էլ ստիպել է Սերժ Սարգսյանին օգտագործել Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակը, գնահատել հնարավոր զարգացումները ու ստորագրել Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը