Մեկնաբանություն

25.03.2014 00:05


Վախի աչքերը մեծ են, իսկ ձայնը՝ բարձր

Վախի աչքերը մեծ են, իսկ ձայնը՝ բարձր

Տիգրան Սարգսյանն «ասլան» է կտրել ու հրահանգել է իր նախարարներին լայնածավալ հարձակում գործել ոչիշխանական ուժերի վրա:

Նույն կերպ են վարվում նաեւ իշխանական պատգամավորները:

Այս «զորաշարժը» սպասելի էր:

Որքան մոտենում է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ոչշխանական ուժերի կայացրած որոշումը կյանքի կոչելու պահը, այնքան իշխանությունն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Ակնհայտ է՝ ընտրել է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունը:

Իշխանական ճամբարից շարունակ նույն բանն են հիշեցնում՝ «Մենք մեծամասնություն ենք թե՛ խորհրդարանում եւ թե՛ կառավարությունում»:

Այսինքն՝ դե, գնացեք, ինչ ուզում եք արեք, ուզում եք մեջտեղից երկու կես եղեք, միեւնույն է, ոչինչ էլ չեք կարողանալու անել: Հիեշցման կարգով նշեմ, որ Յանուկովիչի կուսակցությունն էլ էր մեծամասնություն Ռադայում, տեսա՞ք ինչ եղավ։

Ու ամենազարմանալին այն է, որ ամենուր եւ ամեն տեղ իրենց մեծամասնություն լինելու մասին շեշտելուց հետո իշխանավորներն այս կամ այն հարցի վերաբերյալ լուծում գտնելու համար ոչիշխանականներին առաջարկում են «երկխոսել, միասին նստել հարցը քննարկել»:

Է՛հ, եթե դիմացինի աչքն ես խոթում քո մեծամասնություն լինելու հանգամանքը եւ դա ներկայացնում ես «մեր դեմ խաղ չկա»-ի անդրդվելի կեցվածքով, ապա այլեւս անիմաստ է դառնում ցանկացած երկխոսություն: Այսպես թե այնպես, «հարցերը միասին քննարկելու» արդյունքը զրոյական է լինելու, քանի որ դուք մեծամասնություն եք եւ անզիջում մեծամասնություն եք:

Ապացույցը ԱԺ ոչիշխանական խմբակցությունների բոլոր օրենսդրական նախաձեռնությունները իրար հետեւից մերժելու իրողությունն է:

Ավելին, մերժում են հերիք չէ, երկրում ստեղծված խայտառակ իրավիճակի մեղքն էլ բարդում են ոչիշխանականների վրա:

Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, թե ժողովրդին ոչ թե պետք է հրապարակներ տանել, այլ ժողովրդի խնդիրները պետք է լուծել:

Կարելի է կարծել, թե ոչիշխանական ուժերն են իշխանության կրողները, ովքեր թերացել են բոլոր հարցերում եւ հիմա խնդիրները լուծելու փոխարեն ժողովրդին մոբիլիզացնելու գործով են զբացված:

Իսկ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որ «ճաք տվածի» համբավ է ձեռք բերել, «ասլան» կտրած վարչապետից «դուխ» առնելով հայտարարում է. «ԱԺ-ն և կառավարությունը բաղկացած են նույն քաղաքական մեծամասնությունից: Իսկ ձեզանից բացարձակ վախեցող չկա, մոռացեք էդ տոնը»:

Իբր այնքան անվախ են, որ իրենց համար կառավարության հրաժարականի պահանջ գոյություն չունի եւ չի կարող ունենալ:

Նույն կերպ մեծախոսում է նաեւ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Սա էլ ասում է, թե ժողովուրդը վստահություն չունի այլընտրանքի, ընդդիմության նկատմամբ:

Հետաքրքիր է, մեկը, որ գլուխը իր կաբինետի պատուհանից դուրս չի հանում եւ երբեք չի շփվում ժողովրդի հետ՝ այդ որտեղի՞ց իմացավ, որ ժողովուրդը չի հավատում կամ չի վստահում ոչիշխանական ուժերին:

Կամ՝ այդ ի՞նչ իրավունքով է ժողովրդի անունից խոսում:

Հստակ է մեկ բան. եթե կա որեւէ մեկը, որին պարզապես ատում եւ չի ընդունում ժողովուրդը՝ դա գործող իշխանությունն է:

Ինչեւէ: Մյուս կողմից էլ պետք է նկատել, որ իշխանության ագրեսիվությունը լավ նշան է:

Նա բացահայտ հարձակում է սկսել ոչ թե քաղաքական ուժերի, այլ ժողովրդի վրա, որն էլ անպայման արժանի հակահարված կտա:

Վախի աչքերը մեծ են լինում ու վախից են գոռում։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը