Մեկնաբանություն

17.03.2014 17:55


Յանուկովիչը բացահայտեց Սարգսյանի արկածախնդրությունը

Յանուկովիչը բացահայտեց Սարգսյանի արկածախնդրությունը

Վիկտոր Յանուկովիչի «արևմտամետ» և «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքները «տպավորիչ» են. Ղրիմը որոշեց առանձնանալ Ուկրաինայից ու միանալ Ռուսաստանին, Ուկրաինայի արևելքում անջատողականությունը գլուխ է բարձրացրել, իսկ այդ երկիրը հայտնվել է քաոսի մեջ, ու վերջը չի երևում։

Ուկրաինան վերածվել է Արևմուտքի ու Ռուսաստանի բախման թատերաբեմի։ Ամեն մեկն ուզում է իր կողմը քաշել այդ պետությունը՝ առաջացնելով պատռվածքներ ու կոտրվածքներ։

«Մայդանի» է վերածվել ամբողջ Ուկրաինան, որտեղ ուկրաինացիներին վերապահված է թնդանոթի մսի ու մանրադրամի ֆունկցիան։

Այս ամենի գլխավոր մեղավորն, անշու՛շտ, Յանուկովիչի կոռումպացված վարչախումբն էր։ Բոլորին «այո» ասելու «շուստրի» քաղաքականության արդյունքը հենց սա պիտի լիներ։ Արտաքին քաղաքական արկածախնդրությունը միայն այսպես է ավարտվում։

Ստեղծված իրավիճակի պատասխանատուն նաև ԵՄ–ն է, որը որոշել էր հանուն աշխարհաքաղաքական շահերի գործարքի գնալ Ուկրաինայի ժողովրդի թիկունքում և աչք փակել Յանուկովիչի «բեսպրեդելի» վրա՝ առևտրի առարկա դարձնելով համամարդկային արժեքներն ու բուն Ուկրաինան։

Պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև Յանուկովիչի քաղաքական ընդդիմախոսները, ովքեր ներքին խնդիրների լուծումը ստորադասել էին արտաքին վեկտորների ընտրությանը և նույնպես գործարքի գնացել Յանուկովիչի ու դրսի ուժերի հետ։

Այս ամենը հաշվի առնելով՝ գրոշի արժեք չունեն արևմտյան երկրների ղեկավարների հուժկու հայտարարությունները և «սառը պատերազմի» տարիներին բնորոշ հռետորաբանության կիրառումը։

Ուկրաինայի օրինակով հստակ երևաց, որ ԵՄ–ն անվտանգության հարցում որևէ երաշխիք չի կարող տալ պոստսովետական երկրներին։ Այդպիսի խնդիր Արևմուտքում չեն էլ դրել, քանզի նպատակը ոչ թե ասոցացման գործընթացի արդյունքում Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ կազմ ընդունելն է, այլ Ռուսաստանի դեմ այս պետություններին օգտագործելն ու յուրօրինակ բուֆերային գոտի սարքելը։

Ու երբ Ռուսաստանը ցույց տվեց, որ կարող է պատասխան կոշտ քայլի գնալ, Արևմուտքը դրան հակադարձեց միայն առանձին պաշտոնյաների «թվիթերյան» ու «ֆեյսբուքյան» խրոխտ գրառումներով։

Տեղին է նշելը, որ յանուկովիչություն էր անում նաև Սերժ Սարգսյանը։ Նա էլ էր աճուրդի հանել Հայաստանն ու հանուն աթոռային երաշխիքների՝ արտաքին քաղաքականությունը դարձրել ղումարբազություն։

Երբ մենք բազմիցս զգուշացնում էինք, որ ԵՄ–ի հետ ասոցացման սերժական քայլերն ուղղակիորեն հարվածելու են Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը, որ դրա արդյունքում Հայաստանն է՛լ ավելի է կախվածության մեջ հայտնվելու Ռուսաստանից, և որ Հայաստանում քաոս է սպասվում՝ տնաբույծ «արևմտամետները», Սերժ և Տիգրան Սարգսյանների գլխավորությամբ, չլսելու էին տալիս դրանք։

Ոմանք նույնիսկ չէին էլ թաքցնում, որ դեմ չեն լինի եթե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու գնով ինտեգրվենք լուսապայծառ Եվրոպային՝ չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ նման բան հնարավոր չէ, քանզի առանց Ղարաբաղ չկա Հայաստան և հակառակը։ Հայաստանի 5–րդ շարասյանը նման «մանր» հարցերը չեն հետաքրքրում. «արևմտամետները» գործում են միայն «գեոպոիլիԾիկ» չափումների մեջ։

Ինչպես հայտնի է, Սերժի արկածախնդրությունն ավարտվեց Մաքսային միություն մտնելու նվաստացուցիչ ակտով։

Մեկ բան հստակ է. չլիներ ԵՄ–ի հետ այդ մոդելով ասոցացվելու «նախաձեռնողականությունը», չէր լինի նաև ՄՄ–ի «չուլանում» հայտնվելու ակտը (Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներն ասվածի վառ ապացույցն են)։

ՀՀԿ ղեկավարը միայն վերջին պահին հասկացավ (ավելի ճիշտ՝ ռուսները հասկացրին), թե ինչ է սպասվում հանուն փողի ինքնամոռաց կերպով աշխարհաքաղաքական բոմժության գիրկն ընկնելու արդյունքում։ Սերժը ուշ հասկացավ և ստիպված էր ինքնանվաստացման գնով հրաժարվել իր արկածախնդրությունից։ Արդյունքները տեսանելի են. Հայաստանը և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում կորցրեց իր վստահությունը՝ վերածվելով «Գազպրոմի» դուստր ձեռնարկության։

Սերժը, սակայն, դասեր չքաղեց իր արկածախնդրության հետևանքներից ու հիմա էլ ընկել է մյուս ծայրահեղության մեջ՝ նետվելով դեպի Գյուլիստան։

Այս ամենը կանգնացնել է պետք, այլապես հաջորդ կանգառը կարող է լինել Թուրքմենչայը։

ԱԺ ոչիշխանական ուժերի գործունեությունը հենց դրան է միտված՝ կանգնեցնելուն։ Հետևաբար՝ ով դեմ է այդ ֆորմատին ու հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով իշխանափոխությանը՝ նշանակում է կողմ է Սերժ Սարգսյանին ու նրա վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը։ Ու արդեն կապ չունի, թե ով ինչ «հուժկու» հիմնավորումներ է ներկայացնում՝ սերժահաճո կոդերով 4–ի դեմ աշխատելն արդարացնելու համար։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը