Մեկնաբանություն

01.03.2014 21:01


Սերժ Սարգսյանի մարտիմեկյան «հանրահավաքը»

Սերժ Սարգսյանի մարտիմեկյան «հանրահավաքը»

Այսօր «Մարտի 1»–ի թեմայով միանգամից երկու հանրահավաք տեղի ունեցավ։ Ավելի ճիշտ դրանցից մեկը հանրահավաքի իմիտացիա էր՝ փոթորիկ մեկ բաժակ ջրում։

Հանրահավաքներից մեկը, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում, նախաձեռնել էին ՀԱԿ–ն ու ՀԺԿ–ն՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ։

Թող զարմանալի չթվա, բայց մյուս «հանրահավաքի» նախաձեռնողը Սերժ Սարգսյանն էր։ Ճիշտ է, նա անձամբ չէր մասնակցում այդ միջոցառմանը, բայց ներկա էին նրա բոլոր հաճախորդներն ու «քաղաքացիական» դաշտի դրածոները։ Այդ միջոցառմանը ներկա չէին, բայց վիրտուալ տարածքում ԲՀԿ–ի դեմ «դհոլություն» էին անում նաև Լֆիկ Սամոյին պատկանող փակ շուկայի դիմաց քշված ոչխարների դեմ հերոսական պայքար մղող «նախասերժարանի» կարկառուն դեմքերը՝ պատերազմի տարիներին Շուշիի անտառներում մոլորվածի գլխավորությամբ։

Այդպիսով յուրօրինակ ջրբաժան առաջացավ քաղաքական ու հասարակական դաշտում։ Մի կողմից Սերժ Սարգսյանի թվով 30 կողմնակիցներն էին (եթե հանենք «անկախ» լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցներին ու ոստիկանության ծառայողներին), ովքեր հավաքվել էին Բաղրամյան 26–ի դիմաց ու պահանջում էին ... Ռոբերտ Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի (չվառվելու համար՝ երբեմն նաև Սերժի) հրաժարականները ու միևնույն ժամանակ կոչ անում «բարի Սերժին» սահմանազատվել Քոչարյանից (ա՛յ, ա՛յ, ա՛յ)։ Իսկ մյուս կողմում Լևոն Տեր–Պետրոսյանի 30 հազարանոց հանրահավաքն էր, որտեղ ներկայացվեց իշխանափոխության ճանապարհային քարտեզը, որի հիմքում հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիան է՝ ԱԺ չորս ոչիշխանական ուժերի գլխավորությամբ։

Մարտի 1–ի 10 զոհերի գնով նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանի ու նրա դրածոների նպատակը, բնականաբար, զոհերի հիշատակի հարգումը չէր (այդ մարդիկ նախորդ տարիներին նման հավաք ու երթ չէին արել և հարց է առաջանում, թե այս տարի ինչու՞ հանկարծ «թունդ ընդդիմադիր» և «մոլի պահանջատեր» դարձան)։

Սերժն իր 30–հոգանոց զանգվածին հանել էր փողոց ու բոլոր «անկախ» լրատվամիջոցներին հրահանգել լուսաբանել այն, որպեսզի տեղեկատվական դաշտում աղմուկ ստեղծի ու փորձի խառնաշփոթ ապահովել։ Ու որպեսզի այդ էժանագին «տրյուկը» ստացվի, սերժականներին թույլատրվել էր Բաղրամյան 26–ի դիմաց հասնել ու արմատական վանկարկումներ հնչեցնել ճիշտ այնպես, ինչպես Արտաշես Գեղամյանն էր մի ժամանակ Ստեփան Դեմիրճյանից ավելի պահանջատեր փորձում երևալ «Հոկտեմբերի 27»–ի հարցում։ Որտե՞ղ է հիմա Գեղամյանը։ Որտե՞ղ են հիմա մյուս «թունդ ընդդիմադիրները»։

Սերժի «հանրահավաքը» ցույց տվեց, որ նա համացանցում մնացել է շարմազանովների ու կարենավագյանների «ստատուսների», իսկ փողոցում՝ բացահայտված «դհոլ» Դավիթ Շահնազարյանի ու բազմակի օգտագործման Պարույր Հայրիկյանի հույսին։

Սերժ Սարգսյանի իջեցրած «դիրեկտիվներից» «հանրահավաքի» ժամանակ շեղվում էր միայն լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով Բաղրամյան 26–ի սցենարը փչացնում էր «Սերժի՛կ, մարդասպա՛ն» և «Սերժի՛կ, հեռացիր» կոչերով, ինչպես նաև ոստիկանների պահանջներին չենթարկվելով։ Մնացածներն ամբողջությամբ տեղավորվել էին նախկին «արևմտամետ», իսկ ներկայումս Գյուլիստանի պայմանագրի «վկա» Սերժ Սարգսյանի տիրույթում։

Օրինակ՝ Պարույր Հայրիկյանը խրորխտ կերպով կոչ արեց Սերժ Սարգսյանին սահմանազատվել Ռոբերտ Քոչարյանից ու պայքարել «Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ, ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է անխնա կերպով օգտագործել սույն «վիրավորին» և օր ծերության նրան գցել փողոցները։

Դե Դավիթ Շահնազարյանի և մյուս «սութի արևմտամետների» մասին արդեն ամեն ինչ հայտնի է։ Նրանք մարտնչում են հանուն Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյան 26–ից ստացած «կոռմի» և ԵՄ–ից «կպցրած» գրանտային «պադդաչկաների» դիմաց։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտնվել է շատ ծանր վիճակի մեջ ու արդեն ծիծաղելի քայլերի է դիմում։ Նա մի կողմից Զորի Գայկովիչին ու մյուս ռուսահպատակներին իր կողքն է կանգնեցնում ու անսահմանորեն քծնում Պուտինին, իսկ մյուս կողմից՝ իր ձեռքի տակ եղած «արևմտամետներին» ուղարկում է Պուտինի դեմ «Մարտի 1»–ի թեմայով ելույթ ունենալու՝ ձեռքի հետ էլ պահանջելով պաշտոնաթող նախագահ Քոչարյանի հրաժարականը՝ փորձելով ներկայանալ որպես «Մարտի 1»–ի զոհ։ Բայց դե մեր հանրության մեջ քանի՞ ախմախ կա, որ հավատա այս շոուին։

Ինչպես ցույց տվեց Սերժի «հանրահավաքը»՝ ախմախներ չկան։ Կան միայն հաճախորդներ ու մի քանի «ազնիվ քյարփինջներ», որոնք ընկել են դավիթշահնազարյանների ջրերն ու «խուրդվում» են անվճար հիմունքներով։

Ահա այսպես էլ երկրում ձևավորվում է գաղջ մթնոլորտ, որից իբր դժգոհ է Սերժ Սարգսյանը։ Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանի միակ հույսը երկրում գաղջ մթնոլորտի ձևավորումն է, ինչը նրան թույլ է տալիս որպես «Մարտի 1»–ի միակ շահառու պահել աթոռն ու շարունակել ժողովրդից պարտադիր կուտակային գումարներ գանձելը և բիզնես դաշտն իր ընտանիքի անդամների հետ միասին սեփականաշնորհելը։

Բայց դե ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքը ցույց տվեց, որ «Վերջի բոլշևիկի» վերջը գալիս է։ Պարզապես նրան այդ մասին իր շրջապատը չի ասում, որ հանկարծ տրամադրությունը չընկնի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը