Մեկնաբանություն

19.02.2014 01:10


Այնուամենայնիվ, Մոսին «սպանեց» Սարոյին

Այնուամենայնիվ, Մոսին «սպանեց» Սարոյին

Կամ՝ Սերժ Սարգսյանը դիմում է պարտադիր պատժի մեթոդին

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Հիշեցնենք, անցած շաբաթ Օպերայի և բալետի ազգային թատրոնի մի խումբ երիտասարդ աշխատակիցներ իրենց աշխատավարձերից պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումների պատճառով բեմ դուրս չեկան։ Տապալվեց «Անուշ» օպերայի բեմադրությունը:

Եվ չնայած հաջորդ օրը նույնպես Օպերայի երիտասարդ աշխատակիցներն ու արտիստները մտադրվել էին շարունակել բողոքի ակցիան, սակայն թատրոն այցելած Մշակույթի փոխնախարարը, այնուհետ՝ նախարարն իրենց «դաստիարակչական» ժողովներով կոլեկտիվին հետ պահեցին պայքարը շարունակելու մտադրությունից:

Մանավանդ, երբ մշակույթի նախարարությունը Օպերայի աշխատողներին աշխատավարձի 20 տոկոս բարձրացում խոստացավ: Մի խոսքով, օպերատիվ կարգով կանխեցին բողոքի ալիքը, իսկ աշխատակիցները լսելով աշխատավարձի բարձրացման մասին, ուղղակի, սսկվեցին:

Ակնհայտ էր, որ եթե երկրի գլխավոր թատրոնը հրապարակավ շարունակեր բողոքի ակցիաները եւ չդադարեցներ ընդվզումները, ապա այդ բողոքը ձնագնդու էֆեկտով կտարածվեր մնացած մշակութային օջախների վրա: Եվ, բնականաբար, իշխանությունը աշխատավարձի 20 տոկոս բարձրացման մասին խոստում տալով՝ բնում խեղդեց «կուտակայինի» դեմ մշակութային դաշտում տեղի ունեցած լոկալ պայքարը:

Բայց, պարզվում է, իշխանությունը, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը դա բավարար չի համարել: Պետք էր նաեւ խստորեն պատժել թատրոնի երկարամյա տնօրենին, որին էլ ահա ազատեցին աշխատանքից «սեփական դիմումի համաձայն»:

Պատկերավոր ասած, տապալված օպերայի «Մոսին» այնուամենայնիվ, սպանեց «Սարոյին»:

Սերժ Սարգսյանն իր այս քայլով զգուշացնում է մնացած բոլոր մշակութային հաստատությունների ղեկավարներին, որ նրանք էլ անմիջապես կհայտնվեն «պլանի տակ»՝ եթե իրենց կոլեկտիվներում «կուտակայինի» դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնվեն:

Ակնհայտորեն, Կամո Հովաննիսյանին աշխատանքից ազատելու միջոցով պատժելու պատճառը դա է, որ նա որպես տնօրեն «չի տիրապետում իրավիճակին», այլապես Օպերայի թատրոնից ձայն ու ծպտուն դուրս չէր գա, ավելին՝ ներկայացումն էլ չէր տապալվի:

Իհարկե, անցած տարիներին էլի դեպքեր են եղել, երբ այս թատրոնում հազար ու մի օբյեկտիվ պատճառներով ներկայացումներ տեղի չեն ունեցել , հետաձգվել են եւ այլն: Սակայն այդ մասին քչերն են իմացել: Բայց երբ ներկայացումը տապալվում է «կուտակայինի» դեմ բողոքի ակցիայի պատճառով, եւ այդ փաստը հանրային հնչեղություն է ստանում՝ սա իշխանությունը չէր կարող հանդուրժել:

Իսկ «մեղավորը» տնօրենն է, ով ձեռքից բաց է թողել աշխատակիցների «սանձերը»:

Ուրեմն՝ պետք է նրան դուրս շպրտել՝ ի սարսափ մնացած բոլոր տնօրենների:

Անշուշտ, հիմա նախարարությունը ազատման որոշումը կպատճառաբանի նրանով, որ Կամո Հովհաննիսյանը շարունակում էր թատրոնը ղեկավարել ՊՈԱԿ-ի մասին օրենքի խախտմամբ, համաձայն որի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրենը 65 տարին լրանալուց հետո չի կարող պաշտոնավարել:

Նկատենք, որ Կամո Հովհաննիսյանի տարիքը վաղուց է լրացել (68 տարեկան է), բայց նա շարունակում էր ղեկավարել, ինչի վրա նախարարությունը աչք էր փակում:

Ինչեւէ, Սերժ Սարգսյանը անցնում է պարտադիր պատժի մեթոդին: Պետական կոլեկտիվներից որը կընդվզի՝ նրա տնօրենը կարող է «սեփական դիմումի համաձայն» հեռանալ աշխատանքից: Ներում-բեկում չկա:

Հիշեցնենք, որ աշխատանքից հեռացման «նախաձեռնողականությունը» սկսվեց Մետրոպոլիտենից, որի երեք աշխատակիցներին ազատեցին աշխատանքից նույն «կուտակայինի» դեմ բողոքի ակցաներ կազմակերպելու համար: Բանը դեռ տնօրինությանը չի հասել: Հավանաբար, չի էլ հասնի, քանի որ երեք երիտասարդ աշխատակիցներին պատժելու գործողությունը կոլեկտիվին վախեցնելու ակնհայտ մեթոդ է:

Ինչեւէ, Սերժ Սարգսյանը, երբ ԵԿՄ համագումարում ասում էր, թե միգուցե, այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն, չեմ բացառում՝ թերևս նկատի ուներ ոչ թե օրենքը, այլ ընդվզող կոլեկտիվների տնօրեններին փոխելը: Բայց մի բան հաշվի չի առել Սերժ Սարգսյանը։ Հանրության ճնշող մեծամասնությանը կամ իր խոսքերով` 80 տոկոսին, աշխատանքից չես կարող հեռացնել։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը