Մեկնաբանություն

17.02.2014 16:59


Բուրժուազիան ու ժողովրդավարացումը

Բուրժուազիան ու ժողովրդավարացումը

Ժողովրդավարացման գործընթացում կարևոր դեր է խաղում տնտեսության կազմակերպումը: Երկրի տնտեսական մոդելը ազդում է ժողովրդավարացման գործընթացին: Եթե բուրժուազիայի համար ավտորիտար ռեժիմը վտանգ չի ներկայացնում, ապա ժողովրդավարացումը հիմնականում տեղի չի ունենում: Ժողովրդավարացումը նաև կապիտալի տերերի համար երաշխիքներ ստեղծելու տարբերակ է, որը հավելյալ խթան է ստեղծում բուրժուազիայի համար ավտորիտարից անցում կատարել ժողովրդավար կառավարման համակարգի:

Բուրժուազիայի մասնակցությամբ ժողովրդավարացման հետաքրքիր օրինակ է հանդիսանում Անգլիան: Դարոն Աճեմօղլուն իր «Բռնապետության ու ժողովրդավարության տնտեսական ծագումը» գրքում գրում է, որ բուրժուազիան կարևոր դեր է խաղացել Անգլիայի ժողովրդավարացման գործընթացում: Ըստ Աճեմօղլուի` բուրժուազիան մեծ կապիտալ էր կուտակել իր ձեռքում, սակայն թագավորի ինքնակամ որոշումները մարտահրավեր էին հանդիսանում նրանց հարստությանը: Այդ իսկ պատճառով բուրժուազիան աջակցեց խորհրդարանին, որը դարձավ մրցակցային ինստիտուտ թագավորի համար ու սահմանափակեց նրա իշխանությունը, ինչպես նաև երաշխիքներ ստեղծեց բուրժուազիայի հարստության պաշտպանության համար: Իսկ հետագա զարգացումը հանգեցրեց Անգլիայի ժողովրդավարացմանը: Պարզ է, որ 18-19-րդ դարերի Անգլիայի բուրժուազիան ժողովրդավարական արժեքներ կրող չեն եղել, նրանք պարզապես հետապնդել են իրենց շահը, որի արդյունքում ձևավորվել է Անգլիայի ժողովրդավարությունը:

Այսօր Հայաստանը ևս այդ ճանապարհի վրա է: Բաղրամյան 26-ը նույն ձև վտանգ է ստեղծում խոշոր կապիտալի համար: Սերժ Սարգսյանի ինքնակամ որոշումները բիզնեսի համար այլընտրանք որոնելու խնդիր է ստեղծել: Նա երկար ժամանակ է փորձում է ամբողջական վերահսկողություն հաստատել տնտեսական ռեսուրսների վրա: Բուրժուազիան այսօր հետաքրքրված է տնտեսական այլ մոդելով, քանի որ ներկայիս մոդելը նրանց շահից չի բխում՝ կապիտալը կորցնելու վտանգ կա:

Սերժ Սարգսյանը փորձում է անել այն, ինչը ժամանակին արել են բոլշևիկները, որոնք կուլակաթափության միջոցով ստեղծել էին տոտալիտար ռեժիմ: Այդ ժամանակ Ռուսաստանի բուրժուազիան չի կարողացել համախմբել ուժերը և պաշտպանել իր շահերը: Որի արդյունքը շատ ծանր է եղել այդ երկրի համար:

Երբ Անգլիայում բուրժուազիան կարողացավ համախմբվել և պաշտպանել իր շահերը, այդ երկիրը ժողովրդավարացավ: Երբ Ռուսաստանում բուրժուազիան չկարողացավ համախմբվել և պաշտպանել իր շահերը, այդ երկիրը ձախողվեց: Հայաստանը ևս այսօր կանգնած է այդ երկընտրանքի առաջ: Եթե բուրժուազիան չկարողացավ համախմբվել և պաշտպանել իր շահերը, ապա երկիրը կգնա ձախողման: Ու այդ ձախողումը կլինի բոլորի համար, այդ թվում նաև բուրժուազիայի: Եթե բուրժուազիան համախմբվի և պաշտպանի իր շահերը, ապա Հայաստանը կգնա դեպի ժողովրդավարացում:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը