Մեկնաբանություն

17.02.2014 12:50


Բոլշևիկի վերջը (տեսանյութ)

Բոլշևիկի վերջը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի հետ հեղինակային իրավունքների հարցում վիճելու խնդիր չունենք։ Պարզապես ուզում ենք հիշեցնել, որ «7 օրն» իր ստեղծման օրվանից Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը որակել է որպես նեոբոլշևիկյան և տվել դրա հիմնավորումը։

Մանվելն, իհարկե, այլ բան էր ուզում ասել Սերժ Սարգսյանին։ Նա ուզում էր անսահմանորեն քծնել իր սիրելի «նախագային» («Ապրե՛ս, որ դու կաս, վերջի՛ բոլշևիկ»), բայց ստացվեց՝ ինչպես միշտ՝ խիարը թարս բուսնեց։

Գեներալ Մանվելի ենթագիտակցությունը «քաշեց»։ Ըստ Ֆրեյդի ստացվեց։ Պարզվեց, որ ԵԿՄ–ն 30 տարով սեփականաշնորհելու և այդ կազմակերպությունն իշխանության համար մամուլի կենտրոնի վերածելու պատրաստ Մանվելի համար լավ բանն ու բարձր գնահատականն ասոցացվում է բոլշևիկի հետ։ Զգացվում է, որ սովետի ժամանակ ռայկոմի քարտուղարը «քյարթ» Մանվելի համար եղել է Մագդուի պես մի բան։ Էլ չասած Մոսկվայում նստող բոլշևիկների մասին։ Նրանք, ըստ ամենայնի, Մանվելի պատկերացմամբ եղել են Վերջը։

Մանվելն, ամենայն հավանականությամբ, ուզում էր ասել, որ Սերժը դեմք է, վերջն է, բայց բերանից թռավ «Վերջի բոլշևիկ» ձևակերպումը («Վերջին»–ի «ն» գեներալը չասաց, ինչպես որ «նախագահ»–ի «հ»–ն նրա մոտ ձևափոխվում է «յ»–ի)։ Իսկ խոսքը, ինչպես հայտնի է, թռչուն չէ, որ բնից հելնի, ու կարողանաս բռնել։ Խոսքի թռածը թռած է։ Ինչպես Մաքսային միությունում են ասում՝ «Սլովո նե վորոբեյ, վիլետիտ, նե պոյմայեշ»։

Ի դեպ, երբ «7 օրը» նեոբոլշևիկյան է գնահատում «նժդեհականների» ղեկավար Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, Բաղրամյան 26–ում նեղվում են, «բազառներ» են բացում, փնթփնթում են, նվնվում են, գռմռում են, թե «7 օրը» անձնական վիրավորանքներ է հասցնում և երկրի նախագահի հասցեին անհանդուրժելի որակումներ է տալիս։

Բանից պարզվում է՝ կևորկովյան «շկոլան» անցած Սերժը հոգու խորքում շոյվել է ու լավ զգացել մեր գնահատականներից։ Դա երևաց ԵԿՄ համագումարի ժամանակ։ Սերժն ուրախ էր, երբ արժանացավ «Վերջի բոլշևիկ» գնահատականին։ Եվ իրոք, ուրախանալու բան է։ Կարող էր, չէ՞, Մանվելը բռնել ու «Վերջի Նարիմանով» ասել Սերժին (մեծ հաշվով՝ բան չէր փոխվի)։ Չէ՞ որ Նարիմանովն էլ է բոլշևիկ եղել՝ Բաքվի «հեղափոխական պաշտպանության կոմիտեի» անդամ և ադրբեջանցի վերջին «քոքված» բոլշևիկներից: Այնպես որ, Սերժը լավ է պրծել, ու դրա համար էլ ուրախ էր։

Եվ այսպես, սրանից հետո նախագահականում թող ձևեր չթափեն, թե վիրավորվում են մեր տված գնահատականներից։ «Վերջի բոլշևիկ» մականունն այլևս Սերժ Սարգսյանի վրա փակցված է մի այլ կարգի և հավերժ։

Մեզ մնում է միայն ավելացնել, որ շուտով գալու է «Վերջի բոլշևիկի» վերջը, քանզի նեոբոլշևիզմը չի կարող կենսունակ լինել։ Սերժի ելույթը ամեն ինչ ցույց տվեց։

ԵԿՄ համագումար–ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ադեկվատ չէ։ Կամ էլ՝ ադեկվատ է փող աշխատելու և թալանչիական քաղաքականությունը շարունակելու հարցում։ Ասել է թե՝ իշխանությունն ախմախ չէ. իշխանությունը նեոբոլշևիկյան քաղաքականություն է վարում ու վարելու։ Իշխանությունն ախմախի տեղ է դրել ՀՀ քաղաքացիներին և քաղաքականությունը, հանուն սեփական նեղ շահերի, վերածել է ղումարբազության։

2008–ին Սերժի նեոբոլշևիզմը դրսևորվեց արտաքին քաղաքականության ոլորտում։ Ռուս բոլշևիկների պես նա, հանուն իշխանական աթոռի, Բրեստլիտովսկյան պայմանագրի պես մի բան կնքեց թուրքերի հետ՝ աճուրդի հանելով Հայոց ցեղասպանության հարցն ու Ղարաբաղի անվտանգությունը։

Սերժի նեոբոլշևիզմը ներքին կյանքում դրսևորվեց «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման մեջ։ Տարբերությունը ռուս բոլշևիկների ու «մեր» նեոբոլշևիկների միջև այն է, որ Սերժ Սարգսյանն ընդունում է մասնավոր սեփականության ինստիտուտի գաղափարը՝ պայմանով, որ այդ սեփականություն էլ պատկանի իրեն ու իր ընտանիքի անդամներին։

Սերժի ու իր հոգևոր հայրերի մեկ այլ տարբերությունն էլ այն է, որ աթեիզմ քարոզելու փոխարեն սրանք իրենց սատանայություններն անում են Աստծո անունը հաճախ տալով և սրբազան ավազակաորջ սարքելով։

Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսով ցույց տվեց, որ անհույս է։ Եկել է բոլշևիկի վերջը։ Ու ոչ մի ցողունային բջիջ չի փրկելու նրան։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը