Մեկնաբանություն

16.02.2014 17:45


Ախմա՞խ է արդյոք իշխանությունը (տեսանյութ)

Ախմա՞խ է արդյոք իշխանությունը (տեսանյութ)

ԵԿՄ համագումարը երեկ վերածվել էր «պռախադնոյ դվոռի», որտեղ իրենց կոշիկները սրբեցին «Վերջի բոլշևիկի» տիտղոսին արժանացած Սերժ Սարգսյանն ու իր գաղափարակից ընկերները՝ ԱԽՔ–ը, Լիսկան, Լֆիկ Սամոն, մանկուց երկրապահ դառնալու բուռն ցանկությամբ տառապող «Տարոն ջանը» և այլք։

Մանվել Գրիգորյանը, փաստորեն, Վազգեն Սարգսյանի նկարն ու կռված տղաների արյունը դրեց բաց աճուրդի՝ վերջնականապես վարկաբեկելով թե՛ ազատամարտի, թե՛հաղթանակի գաղափարը։ Գեներալը ցույց տվեց, որ հանուն անձնական շահի պատրաստ է երկրապահ դարձնել շաքարավազի ներկրման ճակատում մարտնչածին և սեփական տան բակում զինվորականի վրա կրակածին։

Գեներալը նաև ցույց տվեց, որ ԵԿՄ–ն այլևս Սերժ Սարգսյանի ցանկությունները բավարարող հարճի է վերածվել։ Բայց սա ուրիշ խոսակցության թեմա է։

Այժմ բուն թեմայի մասին։

«Կուտակային հիմնադրամները մեծ տեմպ կհաղորդեն երկրի բոլոր տնտեսական սուբյեկտներին։ Այդ փողերը հարկավոր են երկրի տնտեսության համար, որպեսզի հետո դրանք ուղղվեն կենսաթոշակների վճարմանը։ Երկարապահական լեզվով ասեմ՝ մենք հո ախմա՞խ չենք, որ վատ բանի համար քաղաքական ռեսուրս ծախսենք»,– ՀՀԿ–ի դուստր ձեռնարկության կարգավիճակ ունեցող ԵԿՄ համագումարին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վերջի բոլշևիկը»՝ անդրադառնալով «կուտակայինի» թեմային։

Հարկ է նկատել, որ ախմախի հետ կապված սերժսարգսյանական հարցադրումն ամենևին էլ հռետորական չէ։ Հանրության տեսակետն այս առումով կիսված է։ Մի մասը կարծում է, որ սրանք ախմախ են, քանզի ինչ անում են՝ խիարը թարս է բուսնում, իսկ մյուս մասն այլ կարծիքի է։ Մենք երկրորդ խմբի մեջ ենք։

Իշխանությունն այսօր ներկայացված է Սերժ և Տիգրան Սարգսյանների տեսքով, իսկ դրա խորհրդանիշը օֆշորային «հերոս» Նավասարդ Կճոյանն է։ Եվ ահա Սերժ Սարգսյանը պնդում է, որ իրենք՝ օֆշորային եռյակը, ախմախ չեն և գիտեն, թե ինչ են անում։ Իշխանությունն ուզում է Հայաստանի հանրությանը զոռով երջանկացնել, ուզում է այսօր փող քամել՝ հանուն վաղվա պայծառ ապագայի, բայց մենք՝ հետամնացներս ու նեղմիտներս այդքան բանը չենք հասկանում ու չենք ուզում մեր փողերը վստահել օֆշորային ու բիոզուգարանային պատմությունների մեջ ընկած այս իշխանությանը։

Ոմանք կարծում են, որ իշխանություններն, իրոք, ախմախություն են անում կենսաթոշակային նման «բարեշրջումներով», քանզի իրենց դեմ են հանում գրեթե բոլորին (Սերժ Սարգսյանը նույն ասուլիսի ժամանակ նշեց, որ «կուտակայինին» դեմ է հանրության 80 տոկոսը), սակայն մեր համոզմամբ իշխանություններն ախմախ չեն։ Նրանք պարզապես բանկրոտի են ենթարկել Հայաստանը հանուն անձնական շահի։ Ու հիմա Սերժ և Տիգրան Սարգսյաններին լրացուցիչ փող է պետք, որպեսզի մի կողմից բավարարեն իրենց ախորժակը, իսկ մյուս կողմից՝ լրացնեն դրամի դեֆիցիտը, որն առաջացել է նրանց տնտեսական քաղաքականության արդյունքում։ Սպասվում է մեծ ինֆլյացիա ու կենսաթոշակային տոկոսները պահելու միջոցով նաև փորձ է արվում զսպել քաղաքացիների վճարունակ պահանջարկը՝ ձեռքի հետ մեծացնելով սեփական հարստությունը։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը «երկրապահական» ասուլիսում անկեղծորեն հայտարարեց, որ իրենց էժան ու «երկար» փողեր են պետք։ Սերժն անկեղծ էր նաև այն առումով, որ նշեց, թե քաղաքական շահ չունեն իրենք։ Նա, իհարկե, մինչև վերջ չանկեղծացավ։ Մինչև վերջ անկեղծանալու դեպքում Սերժը պետք է հայտարարեր, որ իրենք քաղաքական շահ չունեն, բայց փոխարենն ունեն անձնական տնտեսական շահ։

Ամբողջական անկեղծության դեպքում ՀՀԿ ղեկավարը նաև պետք է հայտարարեր, որ իրենք ուզում են աշխատողների փողերը ձրի վերցնել, հետո դրանք «X» տոկոսով տալ ֆոնդերին, իսկ ֆոնդերն էլ իրենց հերթին «X+Y» տոկոսով տան հայկական բանկերին, իսկ բանկերն էլ «X+Y+Z» տոկոսով վարկեր տան ու գրավադրման տակ թողնեն ՀՀ քաղաքացիների բիզնեսները, տներն ու հողամասերը։

Սերժ Սարգսյանը նաև չասաց, որ «X»–ի, «Y»–ի և «Z»–ի արանքում ինքն ու Տիգրանը «ատկատներ» են ունենալու, ինչպես նաև էժան ու «երկար» փողերն օգտագործելու են՝ «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքի շրջանակներում։

Այնպես որ իշխանություններն ախմախ չեն։ Նրանց գործողություններին այլ բնութագրում պետք է տալ։ Այդ հարցում մեզ կօգնեն քաղաքագիտական գրականությունն ու քրեական օրենսգիրքը։

Ախմախությունն այն է, որ սրանք դեռ իշխանության ղեկին են։ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, հետևաբար, պետք է վերջ դնի ախմախությանը։

Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ համագումարի ժամանակ կոչ արեց գնալ հասարակական–քաղաքական կոնսոլիդացիայի։ Սա այնպիսի կոչ է, որ դրականորեն չարձագանքելն ախմախություն է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ախմա՞խ էր արդյոք իշխանությունը, երբ նախաձեռնում էր «ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Եթե հարցին նայենք ՀՀ շահերի տեսանկյունից, ապա «ֆուտբոլն», իրոք, ախմախություն էր (որպեսզի չօգտագործենք «պետական դավաճանություն» ձևակերպումը)։ Իսկ եթե «նախաձեռնողականությունը» դիտարկում ենք Սերժ Սարգսյանի աթոռային շահերի տեսանկյունից, ապա ոչ մի ախմախություն չկար։ Նա փորձեց ներքին լեգիտիմության բացակայությունը փոխհատուցել արտաքին լեգիտիմությամբ՝ աճուրդի հանելով Հայոց ցեղասպանության հարցն ու հարցականի տակ դնելով ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը։

Սերժ Սարգսյանի ակնհայտ «լյափսուսն» այդ գործում այն էր, երբ հայտարարեց, թե Թուրքիա կմեկնի բաց սահմանով կամ եթե լինենք բացման նաշախեմին։ Ա՛յ, նման հայտարարություն հաստատ պետք չէր անել, քանզի մեր բակի ախմախ Համբոյին էլ էր պարզ, որ Թուրքիան սահմանը չի բացելու և բացելու «հոտն» անգամ չի գալիս։ Ինչևէ։

Հ.Գ.-2: Ախմա՞խ էր արդյոք իշխանությունը, երբ տարիներ շարունակ ԵՄ–ի հետ ասոցացում էր բանակցում, իսկ հետո մեկ օրվա ընթացքում մտավ Մաքսային միության «պադվալ»։

Ախմախության տարրեր, անշու՛շտ, կային «մերոնց» գործողություններում, բայց ընդհանուր առմամբ դա ախմախություն չէր, այլ արկածախնդրություն և նեղ շահի հետապնդում։

Սերժ Սարգսյանին պետք էր վերարտադրվելու նպատակով տոկոս «խփել», և նա այդ գործում «տանիք» էր դարձրել ֆյուլեներին։

Եվրաօլուխներն ու Սերժը գործարք էին կնքել հայ ժողովրդի թիկունքում՝ հետապնդելով աշխարհաքաղաքական ու անձնական շահեր՝ Հայաստանի ու Ղարաբաղի հաշվին։

Այդ ամենն ավարտվեց «մմզ–պպզ»–ով։ Պարզ դարձավ, որ եվրաօլուխները ախմախի մեկն են, իսկ Սերժ Սարգսյանը՝ աշխարհաքաղաքական թափառաշրջիկ։

Հ.Գ.–3: Ախմա՞խ է արդյոք Տիգրան Սարգսյանը, ով հայտնվել է օֆշորային մեքենայության կենտրոնում։ Ո՛չ, նա ախմախ չէ։ Նա «էլիտար քցող» է, ով պոտենցիալ զոհերին՝ ՀՀ քաղաքացիներին, փորձում է ֆռռացնել տերտերական առոգանության, բարեպաշտության մասին ճամարտակությունների, համեստ ապրելակերպի մասին դասախոսությունների և «բարեշրջումների» օգնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը