Մեկնաբանություն

15.02.2014 22:55


Քաղաքական ուժերի կողմնորոշման պահը

Քաղաքական ուժերի կողմնորոշման պահը

Հանգամանքների բերումով նույն ժամին, նույն քաղաքում, տարբեր դահլիճներում ելույթ էին ունենում Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը: Նրանք խոսում էին մոտավորապես նույն թեմաների մասին` արտագաղթ, կենսաթոշակային խնդիրներ, տնտեսության վիճակ, քաղաքացու սոցիալական պայմաններ և այլն: Եվ արտահայտում էին իրար հակադիր կարծիքներ ու տեսակետներ: Սերժ Սարգսյանը, պատկերավոր ասած, գունավոր ակնոցներով էր, իսկ Գագիկ Ծառուկյանն առանց ակնոցների։ Սարգսյանը խոսեց կեվորկովյան պարտշկոլայի դասերը սերտած մարդու մարտավարությամբ, իսկ Ծառուկյանը մարտավարության խնդիր չուներ, քանզի լսարանին ու հանրությանը ֆռռացնելու նպատակ չէր դրել։

Բոլոր պատասխանատու հեռուստաընկերությունները մանրամասն ներկայացրին Ս. Սարգսյանի խոսքը` իհարկե սրբագրելով նրա «արտաթղթային», սեփական ձևակերպումները: Այդ նույն հեռուստաընկերությունները շրջանցեցին Ծառուկյանի ելույթի հիմնական դրույթները: Լրատվության դաշտում 10/1-ի հարաբերակցությունը չխոչընդոտեց, որպեսզի քաղաքական ուժերն ու ՀՀ քաղաքացիները հստակորեն տեղեկացվեն երկու ելույթների բովանդակության մասին:

Նախորդ օրը Ս.Սարգսյանը հրահանգել էր իր համակարգին` ավելի ակտիվ արձագանքել: Սա հրաման էր: Հիմա պետք է հասկանալ, թե որն է Սարգսյանի «արձագանքող համակարգը»: Ծառուկյանի ելույթից րոպեներ անց խոսեցին սոցապ նախարարն ու Աշոտյանը: Մոտ ժամանակներս սպասվում է Կ. Ավագյանի և Շարմազանովի արձագանքը (կամ էլ նրանց արդեն «նա ստառտ, վնիմանյու, մարշ» են արել և ուղարկել են արձագանքելու): Երկուշաբթի օրը Սարգսյանի օգնական Սևակ Լալայանը կգրի մի հոդված «1in.am»-ի համար և մեկ հատ էլ` տարբեր ազգանուններով ու սեռերով հանդես եկող լրագրողի համար: Երեքշաբթի ինչ-որ բան կասեն Նիկոյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը: Եվ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում գուցե խոսեցնեն Դավիթ Շահնազարյանին, Արամ Զավենի Սարգսյանին և մյուս նեոգեղամյաններին: Վերջում գործի կանցնեն գեբելսյան քարոզչամեքենայի մաս կազմող «ֆեյքերն» ու ժամկետանց ստատուսագիրները։ Ցիկլն այդպիսով կփակվի ու կսկսվի նոր ցիկլ։

Այսքանը: Ավելիի ռեսուրս պարզապես գոյություն չունի: Սերժսարգսյանական խմբակն ուրիշ ռեսուրսների չի տիրապետում։ Տվյալ դեպքում չի աշխատելու նաև սերժական «գիտաշխատողներ» հայկուլիկների և սաքուլիկների ինստիտուտը, որովհետև նրանց «Ինքնադատաստան» և «Չափդ ճանաչի՛ր» ծրագրի շրջանակներում պարզապես կծեծեն:

Ինչպես հակադարձել այս ամենին: Հայաստանի քաղաքական ուժերը պետք է հստակ արձագանքեն և աջակցեն: Աջակցություն ոչ թե Ծառուկյանին, այլ` նրա կողմից հնչեցված տեսակետներին: Հատկապես կոնսոլիդացվելու կոչին։

Հայաստանի քաղաքական դաշտը (խորհրդարանական և արտախորհրդարանական) երկուշաբթի օրվանից պետք է հստակ կողմնորոշվի` վերը նշված չորս-հինգ կարևորագույն հարցերում ում տեսակետն է կիսում` Ծառուկյանի՞, թե՞ Սարգսյանի: Պետք է հստակ ձևակերպեն` որի տեսակետն է կարող ընդունվել որպես հիմք` համատեղ աշխատանքի և հետագա աշխատանքի համար: Սա՛ է խնդիրը:

Ծառուկյանին աջակցելու կարիք, մեծ հաշվով, չկա: Նա ինքնաբավ, հսկայական մարդկային, կազմակերպչական և այլ ռեսուրսների տիրապետող քաղաքական ուժի ղեկավար է: Բայց տեսակետներին և մոտեցումներին պետք է հրապարակավ աջակցել` շատ պարզ պատճառով` Սերժ Սարգսյանի միայնակությունը ֆիքսելու համար:

Եվ վերջում` աջակցությունը պետք է լինի իրապես հրապարակային ու ոչ թե` սրճարանային: Տվյալ դեպքում սրճարանային աջակցությունն աջակցություն է Սերժ Սարգսյանին:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը