Մեկնաբանություն

09.02.2014 19:50


Հրանտ Բագրատյանի կոշիկի թայը և Տիգրան Սարգսյանի հետ փոխկապակցված անձինք

Հրանտ Բագրատյանի կոշիկի թայը և Տիգրան Սարգսյանի հետ փոխկապակցված անձինք

Հրանտ Բագրատյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին մի առիթով կոշիկի թայի հետ էր համեմատել՝ նշելով, որ եթե Տ. Սարգսյանի փոխարեն կոշիկի թայ դնեինք, ապա ավելի լավ կլիներ։

Հասկանալի է, որ Բագրատյանն այդպիսի համեմատություն բերելով՝ ուզեցել էր ավելի պատկերավոր ներկայացնել վարչապետի գործունեության անարդյունավետությունը և վնասակարությունը։ Նախկին վարչապետն ուզեցել էր ասել, որ ավելի լավ է՝ Տիգրան Սարգսյանը ոչինչ չանի, քանի թե աջ ու ձախ «բարեշրջումներ» իրականացնի և ամեն ինչ ավերի։

Սա այն դեպքն է, երբ Բագրատյանի հետ դժվար է չհամաձայնվելը։

Իրոք որ, եթե կոշիկի թայ դրված լիներ վարչապետի աթոռի վրա, ապա այդ թայը չէր կարողանա հարկային տեռորի քաղաքականություն մշակել, չէր կարողանա միլիարդավոր դոլարների պարտքի տակ մտցնել Հայաստանը, չէր կարողանա դոլար–դրամ խաղերով փոշիացնել մեր պահուստային դոլարները, չէր կարողանա կովերի պտուկների թեմայով 17 միլիոն դոլար դուրս գրել, չէր կարողանա «ատկատով» զբաղվել, չէր կարողանա բիոզուգարանների պատմություն սարքել, և վերջապես, կոշիկի թայը չէր կարողանա Կիպրոսի օֆշորում փողեր լվանալ։

Կոշիկի թայը չէր կարող, բայց վարչապետը կարող է և անում է։ Սերժ Սարգսյանն էլ գոհ է նրանից։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ղեկավարը Տիգրանի գործած ավերածությունների գլխավոր շահառուն է։ Վարչապետն էլ պակաս փայ չունի այդ ամենից։ Դրա համար էլ Սարգսյանները դարձել են սիամական երկվորյակներ։ Դրա համար էլ Սերժն ատամներով պահում է Տիգրանին։ Վերջինս էլ մահապարտի կարգավիճակով կառչած է աթոռից։ Ձախողվել է բոլոր ոլորտներում և բոլոր առումներով, բայց վարչապետի աթոռը, ինչպես Պանիկովսկին՝ թռչնակին, չի ուզում բաց թողնել։

Նա ընտրել է պաշտպանության բավական դեմագոգիկ մարտավարություն։

Երբ Տիգրան Սարգսյանին քննադատում են, անմիջապես հայտնվում են մեկ–երկու հոգի, ովքեր թեման ցրելու համար հայտարարում են, թե վարչապետին քննադատողները զուտ աթոռակռիվ են անում և ընդամենն անձի խնդիր բարձրացնում։

Նման տեսակետ է հայտնել, օրինակ, Տիգրան Սարգսյանի արտահաստիքային մամլո խոսնակ Սամվել Նիկոյանը։ Սույն անդեմ պատգամավորը, ում անդեմության համար մի քանի շաբաթով ԱԺ նախագահի աթոռին նստացրեցին, Տիգրանի համար փաստաբանություն է անում։ Սամվելը, ով մի ժամանակ իր շեֆ Տիգրանի հետ եվրաասոցացումն էր գովում, հիմա նույն այդ շեֆի հետ միասին դարձել է Մաքսային միության մոլի քարոզիչ և վարչապետի աթոռի ջերմեռանդ պաշտպան։

Սամվել Նիկոյանի խոսնակությունը շատ սրտաճմլիկ պատճառ ունի։ Նա հույս ունի, որ Տիգրան Սարգսյանի դիրքերն ուժեղանալու դեպքում ինքը կրկին կհայտնվի ԱԺ նախագահի աթոռին ու իրեն «վաժնի» մարդ կզգա՝ հայտնի ֆիլմի Կազլևիչի «կլեչատնի» պիջակը հիշեցնող հագուստը հագին։ Առայժմ նա բավարարվում է նրանով, որ կարողացել է տղային դասավորել վարչապետի մոտ։ Ասել է թե՝ Սամվելը Տիգրանի հետ փոխկապակցված անձ է, և դրա համար էլ խոսնակություն ու փաստաբանություն է անում վարչապետի համար։

Տիգրան Սարգսյանի հետ փոխկապակցված անձ է նաև ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով համատեղությամբ նաև վարչապետի սանիկն է։

Դավիթի ու Տիգրանի մտերմության և փոխկապակցվածության մասին բազմաթիվ «լեգենդներ» են պտտվում, բայց մեզ դրանք չեն հետաքրքրում։ Ի վերջո, ամեն մեկն ունի անձնական կյանքի իրավունք։

Մեզ հետաքրքրում է, այն, որ Տիգրանի հետ մի այլ կարգի փոխկապակցված Դավիթը, չար լեզուների պնդմամբ, դե ֆակտո կուրացիա է անում բյուջետային «լևի» ծախսերը, կանոնակարգում «ատկատներն» ու հետևում գնումների գործընթացին այնպես, որ օձն իր պորտով և հավքն իր թևով չկարողանա մտնել այս իշխանությունների «սրբության սրբոցի», այն է՝ փող աշխատելու տարածք։

Ուշագրավն այն է, որ Դավիթն էլ, Սամվելի պես, իր սիրելի Տիգրանին քննադատողներին մեղադրում է աթոռակռվի մեջ։ Դե ուրիշ ասելիք չունեն, դրա համար էլ բանավեճն ուզում են տեղափոխել այլ հարթություն։

Մասնավորապես, երբ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ֆինանսների նախարարն ու վարչապետը քավոր–սանիկային հարաբերություններ ունեն, այսինքն՝ փոխկապակցված անձ են, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում, Դավիթ Սարգսյանը դիմել է իշխանությունների ամենասիրելի «տրյուկին»։ Նա Հայ առաքելական եկեղեցուն է «տղա» բերել Բագրատյանի վրա և մեղադրել նրան պաշտոնի ձգտելու մեջ (այ քեզ մե՜ղք)։

Փաստորեն, Տիգրան Սարգսյանը փնտրել, փնտրել և, իր կարծիքով, հզոր զենք է գտել պաշտպանվելու համար։ Նա իր ընդդիմախոսներին փոխկապակցված անձանց միջոցով մեղադրում է վարչապետի պաշտոնին տիրանալու ցանկության մեջ։

Տիգրան Սարգսյանին, ըստ ամենայնի, թվում է, թե նա վարչապետի աթոռը օժիտ է բերել իր հետ կառավարություն, և չի կարելի այդ օժիտից զրկել իրեն։ Շատ հետաքրքիր մտածողություն է։ Իսկական «արևմտամետն» ու «աստվածավախը» հենց այդպիսին պետք է լինի. պետք է Աստծո անունը տալով՝ անաստված գործեր անի, պետք է արևմտամետություն խաղալով՝ ՄՄ մտնի, և պետք է նեոբոլշևիկյան քաղաքականություն վարելով՝ խոսի բարեպաշտությունից, համեստ ապրելակերպից ու մտքի հեղափոխությունից։

Դե արի ու էսքանից հետո վիճիր Բագրատյանի հետ կոշիկի թայի թեմայով։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը