Մեկնաբանություն

03.02.2014 13:40


Ի պաշտպանություն Սաշիկի

Ի պաշտպանություն Սաշիկի

Թող զարմանալի չթվա, բայց որոշել եմ հանդես գալ ի պաշտպանություն Ալեքսանդր Սարգսյանի՝ Սաշիկի։ Դա յուրօրինակ պաշտպանություն կլինի։

Չէ, ուրիշ բան չմտածեք։ Ես չեմ փորձելու անմեղ գառնուկի կամ հրեշտակի դերում ներկայացնել նրան։ Մանավանդ որ, դա ամենամեծ ջանքերի դեպքում անգամ հնարավոր չէ. Հայաստանում 5 սուբյեկտի PR–ով հնարավոր չէ զբաղվել՝ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի, Սաշիկի ու «Հայռուսգազարդի»։

Իմ պաշտպանության բուն իմաստը հետևյալն է՝ Սաշիկն ավելի վատը կամ ավելի լավը չէ, քան մեր երկրի երիտսաշիկներն ու երիտասարդացող ծերերը։

Այո՛, Սաշիկն այլոց բիզնեսներում փայ մտնելու փիս «խասիաթ» ունի և աչքի է ընկնում իր «նագլի» պահվածքով, բայց շատ ավելի փայասեր ու «նագլի» մարդիկ կան մեր երկրում՝ Սերժի նեղ շրջապատում։

Նախ՝ հենց ինքը Սերժը շատ ավելի Սաշիկ է, քան Սաշիկը։ Նա Տիգրան Սարգսյանի ձեռքերով «մեծ բյուջե» է հավաքում և այդպիսով փայ մտնում անխտիր բոլորի բիզնեսներում։ Հիմա նաև Սերժն ուզում է փայ մտնել աշխատուժի հետ՝ ներդնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ։ Կուտակայինի միջոցով Սերժ Սարգսյանը բոլորի աշխատավարձերից իր փայն է ուզում, իսկ դուք ասում եք Սաշիկ...

Սաշիկի՝ փայ մտնելու մասին շրջանառվող խոսակցությունների մեջ ճշմարտություն կա, բայց այն ուռճացվում է ու փչվում ոչ միայն ֆոլկլորիկ դաշտում, այլ նաև «գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից, քանզի այդպես ավելի հարմար է։

Սաշիկը դարձել է քարոզչական դաշտում այն ֆիգուրը, ում վրա մյուս փայ մտնողներն ու ավելի խոշոր գիշատիչներն ուզում են դուրս գրել թալանի բոլոր պատմությունները։ Սաշիկը վերածվել է փայ մտնողների քայլող մարմնավորման, մինչդեռ ինքը չէ կամ հիմնականում ինքը չէ փայ մտնելու, բիզնեսներ խլելու և հանրության փողերը քամելու գաղափարախոսն ու իրականացնողը։

Սաշիկի «դեմոնիզացիան» ունի հիմքեր, բայց դրանք շատ ավելի քիչ են, քան իրական «դեմոնների» գործունեության հիմքերը։

Սաշիկին անեկդոտների ու սոցիալական ցանցերում տեղի ունեցող քննարկումների «հերոս» դարձնելը բնական է, բայց մեր երկրում կան շատ ավելի վտանգավոր «սաշիկներ», որոնք բուն Սաշիկից շատ ավելի մեծ ախորժակ ունեն, շատ ավելի մեծ փայեր են մտնում և շատ ավելի մեծ վնաս են հասցնում բիզնես դաշտին ու պետությանը։

Մինչ մարդիկ քննարկում են Սաշիկի արկածները, իրական «սաշիկները» մտնում են պետական պահուստների տիրույթներ և փոշիացնում 700 միլիոն դոլար, Հայաստանի անունից միլիարդավոր դոլարների վարկ են վերցնում ու մսխում դրանք, օֆշորային գոտիներում են թափառում, բիոզուգարանների մեջ են փող լվանում, պետական բյուջեի «ատկատներով» են զբաղվում, «Որոտանի» ՀԷԿ–ի մեջ են փայ մտնում ամերիկացիների անվան տակ, բենզինի ոլորտն են ուզում վերաձևել ու մոնոպոլիզացնել «Ռոսնեֆտի» անվան տակ, ԶԼՄ–ի դաշտն են սեփականաշնորհում, շահում են պետական «տենդերները», ֆոտոխցիկների ու տեսախցիկների միջոցով քամում են վարորդներին՝ պետության հետ փայ մտնելով 70/30 հարաբերակցությամբ (քիչը՝ պետությանը, շատն՝ իրենց) և այլն, և այլն, և այլն։

Այնպես որ, Սաշիկը մրցակցային տնտեսության և ազատական տնտեսական հարաբերությունների ռահվիրա է իրական «սաշիկների» համեմատ։ Պարզապես Սաշիկն, իր օդիոզության պատճառով, դարձել է հարմար թիրախ օսլայած վերնաշապիկներով և ֆրակով գիշատիչներից ուշադրությունը շեղելու համար։

Այն, որ Սաշիկը, մեղմ ասած, բարի պտուղ չէ, հայտնի է բոլորին։ Բայց ոչ բոլորն են տեսնում իրական «սաշիկներին»։

Ո՞վ էր ավելի մեծ վնաս հասցրել հայերին՝ ցեղասպանության գաղափարախոս Նազիմը և երիտթուրքերի վերնախա՞վը (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ), թե՞ նրանց հրամանները կատարող թուրք զինվորը։

Ո՞վ էր ավելի վտանգավոր՝ հրաման կատարող էսէսակա՞նը, թե՞ Հիտլերը, Գեբելսն ու ֆաշիստական վերնախավի մյուս ներկայացուցիչները։

Ասելս այն է, որ գլխից է պետք բռնել՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գաղափարախոսներին ու այդ գաղափարախոսությունը կյանքի կոչող վերնախավին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը