Լրահոս

01.02.2014 14:56


«Մինչև չսովորենք պատմությունից դասեր քաղել, միշտ մնալու ենք «խաբվածի և քցվածի» դերում»

«Մինչև չսովորենք պատմությունից դասեր քաղել, միշտ մնալու ենք «խաբվածի և քցվածի» դերում»

Երեկ իմ դասախոսներից մեկը շատ դիպուկ արտահայտեց այն միտքը, որի մասին, վստահ եմ, մտածել ենք բոլորս, բայց հաճախ մոռանում ենք բարձրաձայնել: Խոսելով մեր կրթական համակարգից՝ նա նշեց, որ մեր պատմության գրքերում գրվում է միայն, թե ինչպես հայերին խաբեցին, «քցեցին», նեղացրին և այլն, բայց չի գրվում այն մասին, թե ինչ սխալներ ենք մենք թույլ տվել, որ այդպես եղավ: Եվ նմանատիպ մոտեցումը շատերին հնարավորություն է տալիս ներդնել հասարակության գիտակցության մեջ այն միտքը, որ նույն սխալներն անխուսափելի են՝ հիմնավորելով դա այսպես. «Նայե՛ք մեր պատմությանը. այդպես է եղել միշտ, ու դրա հետ ոչինչ չես կարող անել, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի»:
Եվ այսպես, մենք ապրում ենք և կառավարվում՝ առանց որևէ հույսի, որ ինչ-որ բան դեպի լավը կփոխվի. չէ՞ որ «այդպես արդեն եղել է, և դրա հետ ոչինչ չես կարող անել»: Բայց դա շատ թերի, ազգը կործանող և իրականությանը չհամապատասխանող թեզ է: Դեռ Հին Հունաստանի փիլիսոփաները (Հերոդոտոս, Ֆուկիդիդոս և այլք) պնդում էին, որ պատմության իրական նպատակն այն է, որ մարդիկ, ուսումնասիրելով այն, տեսնեն սխալները և խուսափեն նմանատիպ արարքներից ներկայում: Բայց մենք, չգիտես՝ ինչու, մոռացության ենք մատնել այդ պնդումը, և օգտագործում ենք պատմությունը մեր սեփական սխալներն արդարացնելու համար: Այդ տրամաբանությամբ շարժվում են նաև մեր իշխանությունները: Օրինակ՝ մի կողմից Տիգրան Սարգսյանը չի հոգնում պնդել, թե մեր երկրի տնտեսության ներկայիս խայտառակ վիճակը վատ ժառանգություն է նախորդ իշխանությունից, մյուս կողմից էլ հանդիսանում է այսօրվա այն իշխանության ներկայացուցիչ, որի օրոք մենք զրկվեցինք «ՀայՌուսգազարդ»-ի բաժնեմասերի վերջին 20%-ից, իսկ հետո, սեղմելով Հարի Լիվսլիի ձեռքը, վաճառեցինք Որոտանի կասկադը: Եվ գործող իշխանությունների նմանատիպ խայտառակ քայլերի ցուցակը կարելի է, իհարկե, շարունակել, սակայն կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ բոլորս էլ գիտենք այդ սխալների մասին: Ասածս այն է, որ մինչև մենք չփոխենք մեր վերաբերմունքը պատմության հանդեպ և չսովորենք պատմությունից դասեր քաղել ու տեսնել սխալները, միշտ մնալու ենք «խաբվածի և քցվածի» դերում, իսկ շահագրգռված մարդիկ օգտագործելու են պատմությունը սեփական սխալներն արդարացնելու համար:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը