Մեկնաբանություն

31.01.2014 16:17


Ճահճում երիտասարդացող ցողունը

Ճահճում երիտասարդացող ցողունը

Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար նմանվում է օրեցօր ճահճացող լճակի, որտեղ մնում է մի բան՝ ամեն գնով գոյատևել՝ չմտածելով ապագայի մասին: Ամեն ինչ շատ պարզ է. այս վիճակի՝ անփոփոխ մնալու դեպքում ավարտը վերջնական ճահճացումն է՝ անկենդանությունը:

Հայաստանցիների մեծամասնությունն այս օրերին գտնվում է կենցաղային սարսափի մեջ, որի պատճառը գազի և էլեկտրաէներգիայի համար եկած վճարների չափն է: Միջին հայաստանցու համար՝ 20-60 հազար դրամ՝ միայն ջեռուցման վարձ վճարելը, այն էլ՝ հետտոնական շրջանում, նշանակում է կա՛մ առնվազն մի քանի ամիս կիսասոված ապրել, կա՛մ պարտքի տակ ընկնել:

Իհարկե, իշխանությունները հասկանում են, որ ստեղծված վիճակը հղի է իրենց համար վտանգավոր զարգացումներով, այդ իսկ պատճառով հետաձգեցին պլանավորած տրանսպորտային թանկացումները և կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր կիրառումը, ինչը կարող էր, ըստ էության, Սերժ Սարգսյանի իշխանության հանձնման հրամանագիր հանդիսանալ:

Հասկանալի է, որ իշխանությունները հավատարիմ են մնում իրենց սկզբունքին՝ ձևավորել կիսասոված հասարակություն, որը պետք է մտածի միայն օրվա հաց վաստակելու մասին, սակայն ոչ լիովին սոված հասարակություն, քանի որ դա կարող է բերել ըմբոստացման: Իր ռեժիմը պահելու համար Ազատիչին անհրաժեշտ է վերահսկելի և լյումպեն հասարակություն, այլ ոչ թե չվերահսկվող ըմբոստացած բազմություն:

Սակայն, անկախ այս հաշվարկից, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը չի կարողանում զսպել իրեն. ինչպես ասում են՝ մարդու բնույթը չես փոխի:

Ազատիչը, անգամ ենթագիտակցական մակարդակում, ամեն օր փորձում է ցույց տալ ամբողջ հասարակությանը, որ ինքը «կայֆերի» մեջ է, որ, այո՛, հաճույք է ստանում՝ տեսնելով բոլորին վատ դրության, իրենից կախման մեջ: Նա իրականում շարունակում է մնալ նույն չկայացածը, ով հասել է իշխանության՝ ոտնահարելով գրված ու չգրված բազմաթիվ օրենքներ, և ցանկանում է այն ցուցադրել օր ու գիշեր ամենագռեհիկ ձևերով:

Սերժ Սարգսյանի ցինիզմը հասել է այն աստիճանի, որ նա անթաքույց առնվազն 200 հազար դոլար գումար է ծախսում երիտասարդացման նպատակներով, իսկ հետո հայտարարում, որ ծախսել է ոչ թե պետական, այլ սեփական գումարները:

Պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը կարող էր ազնվորեն վաստակած լինել նման գումարներ, եթե, իհարկե, պետական համակարգում աշխատեր ավելի քան 100 տարի և իր աշխատավարձը միայն կուտակեր՝ կորեաներում «Кащей бессмертный» դառնալու համար:

Սոցիալական նման սուր խնդիրների առկայության պարագայում ցուցաբերած այս առողջապահական «վոյաժների» արդյունքում Ազատիչը զգալիորեն մեծացրել է իր հրաժարականը պահանջող քաղաքացիների շրջանակը:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը